Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Լեհաստանի ԱԳ նախարար Աննա Ֆոտիգայի հանդիպման վերաբերյալ
26 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար տկն. Աննա Ֆոտիգային (Anna Fotyga):
Ողջունելով Լեհաստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան` նախարար Օսկանյանը հույս հայտնեց, որ այն նշանակալից խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Լեհաստանի ԱԳ նախարարը վստահություն հայտնեց, որ այցի արդյունքում երկու երկրների բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ընդլայնվել եւ խորանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:
ԱԳ նախարարները նշեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, որին մեծապես նպաստում է միջազգային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներում տարաձայնությունների բացակայությունը:
Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ: Նշվեց, որ Լեհաստանը պատկանում է այն երկրների շարքին, որոնց հետ առկա է սերտ համագործակցություն Եվրամիության նոր հարեւանություն քաղաքականության շրջանակում: ՀՀ ԱԳ նախարարը հատուկ կարեւորեց եվրաինտեգրման ուղղությամբ Լեհաստանի հետ փորձի փոխանակումը եւ նշեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կոնկրետ քայլեր են իրականացվում, այդ թվում` Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման շրջանակում:
Լեհաստանի ԱԳ նախարարը նշեց իր երկրի պատրաստակամությունը հնարավորին չափ աջակցել Հայաստանին` ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում համագործակցության ոլորտների ընտրության եւ հետագա իրագործման հարցում:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, էներգետիկ անվտանգության խնդիրներ, անմիջական հարեւան պետությունների հետ հարաբերությունները, անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքին:
ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդեց «ՀՀ եւ ԼՀ ԱԳՆ-ների միջեւ 2007-2008թթ. եվրոպական ինտեգրման հարցերում համագործակցության մասին» Հուշագրի ստորագրումը, այնուհետեւ ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: