Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ֆրանսիայի տարածքի բարեկարգման նախարար Քրիստիան Էստրոզիի հանդիպման վերաբերյալ
24 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի տարածքի բարեկարգման նախարար, Մերձծովային Ալպերի գլխավոր խորհրդի նախագահ Քրիստիան Էստրոզիի (Cristian Estrozi) գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Օսկանյանը ողջունեց պարոն Էստրոզիին` Հայաստանում գտնվելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ այցը արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Այնուհետեւ նա անդրադարձավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմանը, ինչի կապակցությամբ ընդգծվեց ֆրանսիական կողմի ներդրումը միջոցառումների լավագույնս կազմակերպման համար:
Ֆրանսիայի նախարարը համառոտ ներկայացրեց իր այցի նպատակները: Նախարարը նաեւ խոսեց ֆրանսիական հանրությանը Հայաստանի բազմադարյա մշակութային արժեքների ներկայացման կարեւորության մասին, ինչը, ըստ նրա, նպաստում է հայ ժողովրդի մասին առավել խոր պատկերացում կազմելուն:
Հյուրի խնդրանքով, ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում ռեսուրսների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները:
Զրուցակիցներն ընդհանուր գծերով անդրադարձան արտաքին քաղաքական խնդիրներին, տարածաշրջանային հարցերին: