ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների անդամների եւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

22 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի հանդիպումը խորհրդարանի երկու պալատների անդամների եւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Ուելսում գործող «Armenia Solidarity» բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (ԲՀՀԽԽ) եւ «Նոր սերունդի ձայն» հրատարակության կողմից:

Հանդիպումը նվիրված էր ՄԹ խորհրդարանում վերջերս ներկայացված Թուրքիայի կողմից Հայսատանի շրջափակման եւ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկում անցկացնելու վերաբերյալ երկու առաջարկներին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ քննարկման առաջարկը ներկայացվել էր խորհրդարանի պահպանողական անդամ Բոբ Սփինքի կողմից (Bob Spink), առաջարկին մինչ օրս միացել են 68 պատգամավորներ: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտող առաջարկը ներկայացվել է լեյբորիստ Նիա Գրիֆիթի (Nia Griffith) կողմից, միացել են 66 պատգամավորներ:

Իր ելույթում դեսպան Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի անդամներին հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղությամբ կատարվող գործունեության համար: Դեսպանը մանրամասնորեն անդրադաձավ ՀՀ մոտեցումներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, կոչ անելով բրիտանացի պատգամավորներին հնարավորինս կիրառել ՄԹ սերտ կապերը Թուրքիայի հետ` Հայաստանի հետ սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հանդիպմանը ելույթներ ունեցան խորհրդարանի անդամներ Փադի Թիփինգը, Բոբ Սփինքը, Նիա Գրիֆիթը, Էնդրյու Դիսմորը, ինչպես նաեւ Լորդերի պալատի անդամներ, ԲՀՀԽԽ նախագահ բարոնուհի Քոքսը եւ լորդ Էյվբերին: Ելույթ ունեցողները կարեւորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը` բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներին կոչ անելով ավելի ակտիվ աշխատել իրենց ընտրատարածքների պատգամավորների հետ:

Տպել էջը