Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության Բրազիլիա կատարած պաշտոնական այցի վերաբերյալ

21 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 12-ից 18-ը պաշտոնական այցով Բրազիլիայում էր գտնվում Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Բրազիլիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Վլադիմիր Բադալյանը:

Փետրվարի 13-ին պատվիրակությանն ընդունեց Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Սեզար Մայան, որին հանձնվեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի նամակը` Հայաստան այցելության հրավերով:

Քննարկվեցին Երեւանի եւ Ռիո դե Ժանեյրոյի միջեւ կապերի զարգացման վերաբերյալ հարցեր: Ստորագրվեց երկու քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ արձանագրություն: Սեզար Մայան հաստատեց ս.թ. սեպտեմբերին Հայաստան այցելելու իր որոշումը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ս.թ. մարտի վերջին Ռիոյում իրականացնել հայկական ֆիլմերի շաբաթ, ինչպես նաեւ Երեւանի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես:

Փետրվարի 15-ին պատվիրակությունն այցելեց Սան Պաուլո, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Ժիլբերտո Կասաբի հետ: Բանակցությունների ընթացքում, քննարկվեցին երկու քաղաքների միջեւ գիտության, մշակութի, զբոսաշրջության եւ, հատկապես, գործարար ասպարեզում կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում իրականացնել գործարար խմբերի փոխայցելություններ` առեւտրատնտեսական կոնկրետ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու նպատակով:

Պարոն Կասաբը գոհունակությամբ ընդունեց տարբեր բնագավառներում համագործակցության մասին պայմանագիր կնքելու հայկական կողմի առաջարկը, որը նրա կարծիքով կգա լրացնելու Երեւանի եւ Սան Պաուլոյի միջեւ 1999 թ. հաստատված քույր-քաղաքների կապերը:

Պատվիրակությունն այցելեց նաեւ Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, Հայոց Առաքելական Սբ. Գեւորգ եկեղեցի, «Հայ ազգային Դուրյան վարժարան», ինչպես նաեւ` Հայկական ակումբ:

Այցելության վերջին օրը պատվիրակությունը մասնակցեց Սան Պաուլոյի կառնավալին, ուր բրազիլական սամբայի ամենահայտնի խմբերից մեկը ներկայացրեց Հայաստանը` որպես իր սցենարի բաղկացուցիչ մաս:

Տպել էջը