Շոտլանդիայում անցկացված Հարավային Կովկասի հանրապետությունների արտաքին քաղաքականության ուղղություններին եւ խնդիրներին նվիրված քննարկման վերաբերյալ
19 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 13-ին Շոտլանդիայի Սենթ Էնդրյուս համալսարանում տեղի է ունեցել Միջազգային հարաբերությունների դպրոցի Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բաժանմունքի կողմից կազմակերպված քննարկում` նվիրված Հարավային Կովկասի հանրապետությունների արտաքին քաղաքականության ուղղություններին եւ խնդիրներին: Քննարկմանը մասնակցել են Միացյալ Թագավորությունում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները:
Հանդիպմանը, որի ընթացքում ելույթ են ունեցել ՄԹ-ում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Ադրբեջանի դեսպան Ռաֆայել Իբրահիմովը, ներկա են եղել համալսարանի դասախոսներն ու ուսանողները:
Ադրբեջանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի անկախության շրջանին եւ տնտեսական զարգացմանը: Նշվել է «հարեւան Հայաստանի կողմից ագրեսիայի, դրա հետեւանքով Ադրբեջանում 1 մլն. փախստականների առկայության, հայկական զինված ուժերի կողմից Խոջալուի 600 հոգի քաղաքացիական բնակչության ոչնչացման մասին»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նշվել է, որ Մինսկի խմբի ներգրավվածությունը չի հանգեցրել հարցի կարգավորմանը, որպես դրական փաստ առանձնացվել է ՀՀ եւ ԱՀ նախագահների եւ ԱԳ նախարարների հանդիպումները: Նա նշել է նաեւ, որ ադրբեջանցի փախստականները ոչ միայն ԼՂ եւ գրավյալ տարածքներից են, այլեւ «Երեւանից` Ադրբեջանի պատմական շրջաններից մեկից»:
ՀՀ դեսպանը համառոտ անդրադարձել է Հայաստանի պատմությանը` նշելով քրիստոնեության ընդունման, հայոց գրերի գյուտի, հայոց ցեղասպանության դերն ու նշանակությունը հայերի ինքնության ձեւավորման գործում, ապա ներկայացրել ՀՀ քաղաքականության առաջնահերթությունները` առավել մանրամասն խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների, նաեւ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ՀՀ ծրագրերի մասին:
ԼՂ հակամարտության վերաբերյալ դեսպան Գաբրիելյանը շեշտել է ազգերի ինքնորոշման սկզբունքը` նշելով, որ իրենց իրավունքները կիրառելու ԼՂ բնակչության օրինական եւ խաղաղ պահանջներին հետեւեցին Ադրբեջանի կողմից հայկական բնակչության նկատմամբ կազմակերպված ջարդերը Բաքվում, Սումգայիթում եւ այլ քաղաքներում: Նա նշել է, որ հակամարտությունը ԼՂ եւ Ադրբեջանի մեջ է, Ադրբեջանի իշխանությունները պետք է խոսեն նաեւ Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ, իսկ Հայաստանը միշտ պատրաստակամություն է հայտնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու: Մեկ միլիոն փախստականների առնչությամբ ՀՀ դեսպանը վկայակոչել է միջազգային կառույցներին, մասնավորապես ՄԱԿ-ին` նշելով Ադրբեջանի հրապարակած թվի գրեթե կրկնակի քիչ լինելու փաստը: Անդրադառնալով Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի դեսպանի դիտարկմանը` դեսպան Գաբրիելյանը նշել է այդ դեպքերի վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներում նշվող փաստերը` շեշտելով Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի խոսքերը, որ խաղաղ բնակչությանը թիրախ դարձնելը կազմակերպվել էր Ադրբեջանի ներիշխանական պայքարում օգտագործելու նպատակով:
Դեսպանը նաեւ անդրադարձել է կանոնավոր հալածանքների հետեւանքով Նախիջեւանի հայկական բնակչության աստիճանաբար վերացմանը` զուգահեռ անցկացնելով ԼՂ բնակչությանը սպառնացող վտանգի հետ: Վավերագրական նյութերի ցուցադրմամբ հիշատակվել է նաեւ Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը: