Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած հանդիսության վերաբերյալ
19 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 16-ին, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության շենքում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի Կամերային նվագախմբի (AGBU Sofia Chamber Orchestra) ստեղծմանը։
Բարեգործականի Կամերային նվագախումբը ստեղծվել է ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ տիկին Սոնա Պետրոսյանի եւ հայտնի դիրիժոր Պետրոս Փափազյանի նախաձեռնությամբ ու հանդես է գալու Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանի հովանու ներքո։
Առաջին այս կամերային նվագախումբը, որը ստեղծվում է Սփյուռքում գործող հայկական կազմակերպության կողմից, անմիջապես գրավել է բուլղարահայ, բուլղար եւ արտասահմանյան մի շարք երաժիշտների ուշադրությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու նրա համերգներին:
Նվագախմբի առաջին երկու համերգները նվիրված կլինեն Լիբիայում ձերբակալված բուլղար բուժքույրերի ազատմանը, իսկ երրորդը՝ Մեծ Եղեռնի 92-րդ տարելիցին։