Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Գերմանիայում ունեցած հանդիպումների վերաբերյալ
12 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Մյունխենի անվտանգության քաղաքականության 43-րդ կոնֆերանսին (43th Munich Conference on Security Policy): 35 տարուց ավելի այս խորհրդաժողովը աշխարհի առաջատար պետությունների կարեւորագույն հավաքատեղի է` անվտանգության խնդիրների քննարկման համար: Չնայած ավանդական ռազմաքաղաքական ուղղվածության, խորհրդաժողովում քննարկվող հարցերի շրջանակը մշտապես ընդլայնվում է:
Խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երկկողմ հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ երկու երկրների մոտեցումները, Հայաստանի եւ Վրաստանի պետական սահմանի սահմանագծման գործընթացը ավարտին հասցնելու հնարավորությունները:
Նախարարը կրկին անգամ վրաց գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը ՎՈՒԱՄ-ի` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նախաձեռնած բանաձեւի կապակցությամբ` ընդգծելով, որ դրա ընդունումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորման վրա:
Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, վրաց-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը: Զրուցակիցները պայմնավորվեցին ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում:
ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանի հաջորդ զրուցակիցը ԵՄ նախագահող Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Մայքլ Շեֆերն (Michael Schaefer) էր: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարները ԵՄ Նոր հարեւանություն քաղաքականության շրջանակում, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը:
Փետրվարի 11-ին ՀՀ արտգործնախարարը այցելեց Քյոլն, որտեղ հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը, 2006թ. Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի ընդունած որոշումների իրականացման հարցերը: