ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի հանդիպման վերաբերյալ
12 փետրվարի, 2007 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին:
Հանդիպման ժամանակ պարոն Կրոտովը ներկայացրեց ընտրությունների ժամանակ իրենց դիտորդական առաքելության նպատակները, դրանց իրագործման մեխանիզմները` ընդգծելով Սերբիայում անցկացված ընտրությունների ընթացքում ձեռք բերած փորձառությունը:
Պարոն Կրոտովը հայտնեց, որ ընթացիկ տարում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ս.թ. մարտի սկզբին նախատեսում են Երեւանում գրասենյակ բացել, որն իր դիտորդական առաքելությունները կունենա յուրաքանչյուր մարզում, ինչը թույլ կտա առավել իրատեսական գնահատական տալ ընտրությունների ընթացքին եւ արդյունքներին:
Պարոն Ղարիբջանյանն, իր հերթին, հույս հայտնեց, որ գալիք ընտրությունները կանցնեն ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան, ինչից հետո հաջողություն մաղթեց Գլխավոր քարտուղարին` առաքելության իրականացման գործընթացում: