Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի Սենտ-Էտիենի օպերային թատրոնում համերիգի վերաբերյալ
10 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 10-ին, Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ համերգով հանդես եկավ Սենտ-Էտիենի Մասնե օպերային թատրոնում:
Լեփ-լեցուն դահլիճում, որտեղ ներկա էին դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի Լուարի շրջանի ղեկավարությունը, Սենտ-Էտիենի քաղաքապետ, սենատոր Միշել Թիոլիերը, սենատորներ, պատգամավորներ, շրջանի այլ քաղաքների քաղաքապետեր, հանդիսականները հոտնկայս ծափահարություններով եւ օվացիաներով էին դիմավորում նվագախմբի կատարումները:
Ծրագրի առանցքն էին կազմում Արամ Խաչատրյանի եւ Յան Սիբելիուսի ստեղծագործությունները: Մենակատարն էր համաշխարհային հռչակի երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը նվագախմբի հետ հանդես է գալու նաեւ փետրվարի 14-ին Իսի-լե-Մուլինոյում:
Մինչ այդ, փետրվարի 6-ին եւ 8-ին Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես էր եկել Նիցցայում եւ Վանդեում` Լը Պուարե-սյուր-Վիում: Եւս չորս համերգներ նախատեսված են առաջիկա շաբաթում՝ փետրվարի 11-ին Լիոնում, 12-ին Վիենում, 13-ին Մարսելում եւ 14-ին Իսի-լե-Մուլինոյում: Վանդեում ֆիլհարմոնիկին նվագակցում էր դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, իսկ Լիոնում եւ Մարսելում՝ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, որոնք երկուսն էլ հայտնի անուններ են Ֆրանսիայում: