Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի Շրի Լանկա կատարած այցի վերաբերյալ
08 փետրվարի, 2007Դեսպան Քոչարյանը մասնակցել է Շրի Լանկայի անկախության օրվան նվիրված տոնական շքերթին եւ երկրի նախագահ Մահինդա Ռաջապակսայի նստավայրում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Նա հանդիպումներ է ունեցել Շրի Լանկայի արտաքին գործերի քարտուղար պրն. Պալիթա Կոհոնայի եւ Եվրոպայի, Ամերիկայի եւ ԱՊՀ երկրների վարչության գլխավոր տնօրեն պրն. Ք.Ա. Վիջեյռատնայի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Դեսպանը ընդգծել է, որ ներկայումս ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ասիական տարածաշրջանի բարեկամ երկրների, մասնավորապես, Շրի Լանկայի հետ համագործակցության խորացման եւ ընդլայնման հարցերին: Նշվել է իրավական դաշտի ձեւավորման, բարձր մակարդակի եւ գործարարների պատվիրակությունների փոխայցելությունների անհրաժեշտությունը: Վերահաստատել է ՀՀ ոսկերիչների եւ ադամանդագործների ասոցիացիայի հրավերը Շրի Լանկայի ոսկերիչներին` մասնակցելու ս.թ. հոկտեմբերին Երեւան կայանալիք ոսկերչական միջազգային ցուցահանդեսին: Դրական է գնահատվել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
ԱԳՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար կազմակերպված ճեպազրույցից հետո ՀՀ դեսպանը կարճ զրույց է ունեցել նորանշանակ արտգործնախարար Ռոհիթա Բոգոլլագամայի հետ:
ՀՀ դեսպանը շնորհավորել է նորանշանակ նախարարին եւ հույս հայնտնել, որ երկկողմ հարաբերությունները Շրի Լանկայի հետ կզարգանան արդյունավետ եւ փոխշահավետ եղանակով, մասնավորապես, առեւտրատնտեսական, ոսկերչական, մշակութային եւ կրթական ոլորտներում:
Իր հերթին, նախարարը հայտնել է Շրի Լանկայի կառավարության պատրաստակամությունը զարգացնելու եւ ընդյալնելու համագործակցությունը Հայաստանի հետ:
ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաեւ գործարարների հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Շրի Լանկայի գործարարների փոխադարձ այցերին վերաբերող որոշ մանրամասներ: