Մինսկում բացված գրքի 14-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
08 փետրվարի, 2007Ս.թ. փետրվարի 7-ին Մինսկում բացվեց գրքի 14-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին, առաջին անգամ իր մասնակցությունը բերեց Հայաստանը, հանձինս Բելառուսում Հայաստանի դեսպանության: Մասնակից 16 երկրների թվում ԱՊՀ անդամ պետություններից մասնակցում էին նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, այստեղ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, որոնք այցելեցին հայկական տաղավար եւ ողջունեցին ՀՀ դեսպան Օլեգ Եսայանին եւ ներկաներին` միջոցառմանը Հայաստանի անդրանիկ եւ պատշած մասնակցության առիթով:
Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին լայնորեն լուսաբանեցին երկրի լրատվամիջոցները, ներկայացնելով ՀՀ դեսպանի եւ դեսպանատան աշխատակիցների հետ կայացած հարցազրույցները:
Ցուցահանդեսում ներկայացված հայաստանյան տարբեր հրատարակչությունների հարյուրից ավելի անուն գրականությունը ՀՀ դեսպանությանը տրամադրել էր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալությունը:
Հայաստանի գրահրատարակչական արտադրանքը հավուր պատշաճի ներկայացնելու հետ մեկտեղ ՀՀ դեսպանությունը նպատակ ունի ուսումնասիրել Բելառուսում եւ հատկապես բելառուսահայ համայնքի շրջանում առկա նրա պահանջարկը` ըստ տեսականու հետագա առաջարկությունների ձեւավորման: