ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԾԱԳԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
07 փետրվարի, 2007
Անկարան բաց է թողել եզակի պահը։ Թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից երեք շաբաթ անց Թուրքիայի իշխանությունները, կարծես թե, չեն ըմբռնել ո'չ Դինքի կյանքի ուղերձը, ո'չ էլ նրա մահվան խորհուրդը:
Թուրք մոլագար ազգայնականի ձեռքերով իրականացված Հրանտ Դինքի ցնցող մահվանն անմիջապես հաջորդած օրերին, եւ մենք` Հայաստանում, եւ այլոք` ամբողջ աշխարհում, ուզում էին հավատալ, որ հասարակական վշտի պոռթկումը ճեղք կառաջացնի հերքման եւ մերժման թուրքական պարիսպում, եւ որ ջանքեր կգործադրվեն՝ աստիճանաբար վերացնելու այն պայմանները, որոնք հնարավոր դարձրեցին այդ սպանությունը: Մենք բոլորս հույս ունեինք, որ այս ոճրի ծանրությունը եւ արձագանքի խորությունը կստիպեն Թուրքիայի առաջնորդներին առիթն օգտագործելու եւ արմատապես փոխելու այն քաղաքականությունը, որն օգնում է պահպանել այսօրվա փակուղային իրավիճակը:
Այդուհանդերձ, համերաշխության այդ նախնական ակնարկներից հետո, Անկարայից հնչող ուղերձն արդեն փոխվել է: Անցած շաբաթ, ըստ թուրքական մամուլի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հայերի հետ մերձեցում չի կարող լինել, որովհետեւ հայերը պնդում են ցեղասպանության մասին խոսելու անհրաժեշտություն վրա:
Վարչապետն իրավացի է:Հայերն իրո'ք պնդում են ցեղասպանության մասին խոսելու անհրաժեշտության վրա: Դա պատմության շրջադարձային իրադարձություն է, որը չպետք է եւ, իրականում, չի կարող մոռացվել: Այնուհանդերձ մենք նաեւ հանդես ենք գալիս մերձեցման օգտին: Եվ մեկը մյուսի համար նախապայման չէ:
Դինքը շատ բան էր քարոզում: Դրանցից գլխավորն այն էր, որ նա հավատում էր, որ անհատներն իրավունք ունեն մտածելու, խոսելու, ուսումնասիրելու եւ բանավիճելու։ Դինքը գիտեր, որ եթե իշխանությունները միայն թույլատրեն մարդկանց արծարծել հարցերը եւ բարձրաձայն քննարկել, հարցադրումներ անել եւ պատասխաններ փնտրել, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ի վերջո, մասնավոր ու հանրային քննարկումներով թուրքերն իրենք կհասնեն ցեղասպանության ճանաչմանը։
Նա հավասարապես հավատում էր, որ պետք է երկխոսություն լինի ժողովուրդների միջեւ, ազգերի միջեւ, հատկապես իր երկու ժողովուրդների՝ հայերի եւ թուրքերի միջեւ։ Նա ինքը մեկ մարդու կողմից տարվող երկխոսություն էր, որը խոսակցության երկու կողմն էլ տանում էր` փորձելով մի կողմի պահանջներն ու մտավախություները լսելի դարձնել մյուսին ։
Ցավոք, հայ-թուրքական սահմանը փակ պահելու Թուրքիայի քաղաքականության արդյունքում թշնամանքն է աճել։ Դինքը մեկն էր այն հայ եւ թուրք մտավորականներից, որ հասկացել էին, որ, երկու հարեւանների միջեւ հաշտության հասնելու համար, պետք է ժողովուրդների եւ գաղափարների ազատ տեղաշարժ լինի ։ Սակայն Թուրքիան պնդում է Եվրոպայի վերջին փակ սահմանը փակ պահելու վրա` օգտագործելով այն որպես գործիք Հայաստանի վրա ճնշում գործադրելու, վերջինիս արտաքին քաղաքականությունն առավել ենթարկվող դարձնելու համար, եւ պատժելու հայերին իրենց իրավունքների պաշտպանության եւ իրենց անցյալից չհրաժարվելու համար։ Իսկ Հայաստանն, իր կողմից, հարբերությունները բարելավելու որեւէ նախապայման չի դնում:
Այս հերմետիկորեն փակված սահմանը` զուգակցված օրենքով, որն արգելում է Թուրքիային ուսումնասիրել իր սեփական պատմությունը եւ հիշողությունը (քրեորեն պատժելի դարձնելով ճշմարտությունը պրպտողներին, ինչպիսին Դինքն էր), ստեղծել է մի աշխարհ, որտեղ թուրքերը չեն կարող ճանաչել իրենց անցյալը եւ չեն կարող կերտել իրենց ապագան։ Նրանք ո'չ կարող են ուսումնասիրել անցյալի դրվագները, եւ ո՛չ էլ փոխարինել դրանք նորերով։
Երեք շաբաթ առաջ, մեր վիշտը միախառնված էր հույսի հետ։ Այսօր թուրքական իշխանությունները շարունակում են պաշտպանել 301 հոդվածը` տխրահռչակ «թուրքականության նսեմացման» օրենքը, որը օգտագործվում է անգամ մեղադրելու այն գրողներին, որոնք պատկերում են ցեղասպանության վերաբերյալ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը կասկածի ենթարկող կերպարներ։ Եվ հիշատակում անգամ չկա փակ սահմանի պատճառած շարունակական վնասի մասին։
Եթե Թուրքիան չի կարող օգտվել պահից, ապա չպետք է զարմանա, երբ մյուսներն են դա անում: Անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւ է ներկայացվել` հայկական ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախկին մոտեցումը հաստատելու նպատակով:
Թուրքերը կասեն, որ նման բանաձեւի ընդունման կարիք չկա: Նրանք կասեն, որ ցեղասպանությունը քննարկելու նպատակով կոչ են արել ստեղծել պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով. եւ երրոդ կողմ ընդգրկելու կարիք չկա: Բայց հայոց ցեղասպանության ճանաչումը այլեւս պատմական հարց չէ Թուրքիայում, այն քաղաքական է: Դինքը կտարակուսեր, թե ինչպես «մի կողմից նրանք Հայաստանի եւ հայերի հետ երկխոսության կոչ են անում, իսկ մյուս կողմից` ցանկանում են դատապարտել կամ չեզոքացնել իրենց իսկ քաղաքացուն, որն աշխատում է հանուն այդ երկխոսության»:
Դինքը խիզախ էր, բայց` ոչ միամիտ: Այդուհանդերձ, նա չէր կարող կանխատեսել նման «չեզոքացում»: Այս վայրագ սպանությունը մի քանի քաղաքական նպատակների է ծառայում: Առաջինը` Թուրքիային պակաս հետաքրքիր դարձնել Եվրոպայի համար, ինչը հենց այն է, որին ձգտում են թուրքական հասարակության որոշ շերտեր: Երկրորդը` վախեցնել Թուրքիայի հայերին եւ այլ փոքրամասնություններին, որպեսզի նրանք հետամուտ չլինեն իրենց քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Երրորդը` վախեցնելով լռեցնել այն խիզախ թուրքերին, ովքեր սկսել են լրջությամբ ուսումնասիրել այս խրթին ու զգայուն խնդիրները:
Ես նախընտրում եմ մտածել, որ նրա մահն ավելի ազնիվ քաղաքական իդեալների կծառայի: Հրանտ Դինքը կմնա որպես ոգեշնչող կերպար այն հայերի համար, ովքեր ունեն ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու ներդաշնակության նույն տեսլականը, եւ այն թուրքերի համար, որոնք ունեն նրա` հարեւանների հետ խաղաղ եւ պատմության հետ հաշտ ապրելու երազանքը: