Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային 3-րդ գիտաժողովի վերաբերյալ

06 փետրվարի, 2007

Ս. թ. հունվարի 24-28-ը Մոսկվայում եւ Դուբնայում աշխատանքն է սկսել անվանի հայազգի գիտնական, ակադեմիկոս Նորայր Մարտիրոսի Սիսակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային 3-րդ գիտաժողովը, որն անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո «Բիոքիմիայի, ռադիացիոն եւ տիեզերական բիոլոգիայի խնդիրները» խորագրով։

Հունվարի 25-ին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի «Նախագահական սրահում» կայացել է առաջին նիստը, որը բացել է ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Յու. Օսիպովը, որից հետո ելույթ են ունեցել ակադեմիկոսներ Ն. Պլատեն, Օ. Գազենկոն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Ա. Գալոյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը եւ ուրիշներ։

Դեսպանն ընթերցել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի խոսքն՝ ուղղված գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Ելույթ ունեցողները հանգամանորեն խոսել են Սիսակյանի կյանքի եւ գործունեության, մեծ գիտնականի դերի մասին տիեզերական բիոբժշկության, բիոքիմիայի զարգացման ասպարեզում Սովետական Միությունում, Ռուսաստանում եւ Հայաստանում։

Գիտաժողովին մասնակցել են Ռուսաստանի գիտնականներ, Հայաստանից հրավիրված 12 գիտնականներ, պետական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ։

Գիտաժողովն աշխատանքը շարունակել է Դուբնայում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, որտեղ ելույթ են ունեցել գիտնականներ, Դուբնայի քաղաքապետը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Ա. Մանուկյանը։

Ն. Սիսակյանին նվիրված գիտաժողովներ, հանդիսություններ են անցկացվելու 2007թ. ընթացքում Ռուսաստանում, ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունում, նաեւ նրա ծննդավայր Աշտարակում եւ Երեւանում։

Տպել էջը