Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ Ժնեւում եւ Բեռնում կայացած միջոցառումների վերաբերյալ
06 փետրվարի, 2007Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ շվեյցարահայ համայնքի կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ ոճրի հանդեպ շվեյցարական հասարակական եւ քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրելու նպատակով:
Հունվարի 26-ին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության կազմակերպության կողմից կազմակերպվել է քայլարշավ եւ ցույց Բեռնում Թուրքիայի դեսպանության առջեւ, որին մասնակցել է մոտ 150 հոգի: Ցույցին մասնակցել են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ. ելույթ են ունեցել պատգամավորներ Հանս-Յորգ Ֆերը, Րութ Գաբի Վերմոթ-Մանգոլդը, Թերեզ Ֆրոշը, նաեւ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության շվեյցարական մասնաճյուղի գլխավոր քարտուղար Թերեզ Օբրեխտը: Թուրքիայի դեսպանությանն է հանձնվել քայլարշավի մասնակիցների կոչը թուրքական կառավարությանը, դեսպանությունը ցույցի մասնակիցներին ներկայացնող պատվիրակությանը չի ընդունել:
Շվեյցարիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի եւ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցություն կազմակերպության անունից նամակ է հղվել ՇՀ ԱԳ նախարարությանը՝ խնդրելով արտահայտել շվեյցարական պաշտոնական դիրքորոշումր սպանության կապակցությամբ: Հունվարի 31-ին Շվեյցարիայի ԱԳ 1-ին քաղաքական տնօրինության ղեկավար դեսպան Ժան-Ժակ դե Դարդելը տրամադրել է պատասխան տեքստ:
Հունվարի 28-ին Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցում կայացել է սգո եւ հիշատակի պատարագ ու արարողություն, որի ընթացքում ելույթ են ունեցել Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, եկեղեցական առաջնորդ Աբել քահանա Մանուկյանը եւ Շվեյցարիայի հայերի միության նախագահ Վ.Գաբրաշը: