ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի եւ Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հանդիպման վերաբերյալ

05 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին:

Ողջունելով նորանշանակ հավատարմատարին` Գեղամ Ղարիբջանյանը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ վստահություն հայտնեց, որ կողմերը պատրաստակամ են ակտիվացնելու հայ-սիրիական համագործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ հունվարի վերջին իր Սիրիա կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր խթան են երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` ընդգծելով մասնավորապես կրթական ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:

Մամուն Հարիրին գոհունակություն հայտնեց հայ-սիրիական ավանդաբար բարեկամական հարաբերությունների կապակցությամբ` կարեւորելով երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերի ակտիվացումն ու միջազգային կազմակերպություններում հայ-սիրիական համագործակցությունը:

Կողմերն անդրադարձան նաեւ մարտին Դամասկոսում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին եւ դրան պատշաճ ձեւով պատրաստվելու անհրաժեշտությանը:

ՏԵՂԵԿԱՆՔ: Մամուն Հարիրին ծնվել է 1951թ. Դամասկոսում: Ավարտել է Դամասկոսի համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1979թ. ընդունվել է աշխատանքի Սիրիայի արտաքին գործերի նախարարություն: 2003 թ. Հարիրիին շնորհվել է լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Տպել էջը