ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի Բրյուսել կատարած աշխատանքային այցի վերաբերյալ
02 փետրվարի, 2007
ԵՄ-ՀՀ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի 9-րդ նիստին (ս.թ. հունվարի 2930-ը) մասնակցելու նպատակով աշխատանքային այցով մինչեւ փետրվարի 2-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, ով նաեւ հանդիպումներ է ունեցել ԵՄ կառույցներում:
Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբիի հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հարավային Կովկաս - ԵՄ գործընկերության զարգացման, ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
ԵՄ Խորհրդի քարտուղարության քաղաքական վարչության տնօրեն Հելգա Շմիթի եւ Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերի բաժնի պետ Յուկա Լեսկելայի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, ԵՄ-ՀՀ քաղաքական երկխոսության ուժեղացման հեռանկարները եւ ԵՄ - Հարավային Կովկաս Սեւծովյան տարածաշրջան համագործակցության ծրագրերը:
Արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերի եվրոպական հանձնակատարի աշխատակազմի ղեկավար Պատրիկ Չայլդի եւ հանձնակատարի խորհրդական Ջուդիթ Գեբետշրոյտների հետ մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ:
Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության կոորդինացման վարչության տնօրեն Ռուջեր Վիսըլսի եւ Հարավային Կովկասի բաժնի պետ Վիկտոր Անդրես-Մալդոնադոյի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ Գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված գործնական խնդիրներ: Հանդիպումների ընթացքում եվրոպական կողմը շոշափել է նաեւ գալիք խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման առումով: