ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

31 հունվարի, 2007

Ս. թ. հունվարի 31-ին Նիդերլանդներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Բացելով հանդիպումը` խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Վան Բաալենը կարեւորեց ՀՀ ԱԳ նախարարի այցը Նիդերլանդներ` վստահություն հայտնելով, որ այն մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունները, Նիդերլանդների կողմից Հայաստանում իրագործվող ծրագրերը, Հայաստանում կայանալիք ընտրությունների նախապատրաստման ընթացքը, տարածաշրջանային խնդիրներ:

Խորհրդարանականների խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանում իրագործվող բարեփոխումները սահմանադրական փոփոխություններից հետո` առանձնահատուկ կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը: Այս առումով նշվեց մեր մտադրությունը առաջիկա օրերի ընթացքում հրավիրել միջազգային դիտորդական առաքելություններ:

Խոսվեց նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասին, եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների հետ համագործակցության ծրագրերի` ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման, ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ ստորագրված գործողությունների ծրագրերի կատարման ընթացքի մասին:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` խորհրդարանականները նշեցին, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը Նիդերլանդներում թեժ բանավեճերի առիթ է հանդիսացել, ինչն իր արտացոլումն է գտել նաեւ երկրի օրենսդիր ատյանում: Շնորհակալություն հայտնելով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` նախարար Օսկանյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը: Նա կարեւորեց շահագրգիռ եւ բարեկամ պետությունների աջակցությունը երկխոսության ծավալման եւ սահմանների բացման հարցում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-իրանական, հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին:

Խնդրելով ներկայացնել ՀՀ ԱԳ նախարարության մոտեցումները երկկողմ հարաբերություններում խորհրդարանների դերակատարության վերաբերյալ` Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները հավաստիացրեցին, որ կանեն հնարավորը նպաստելու հայ-հոլանդական կապերի ամրապնդմանը:

Օրվա երկրորդ կեսին նախարար Օսկանյանն այցելեց Կլինգենդայլի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ, ու հանդես եկավ «Փոքր պետությունների դիվանագիտությունը» ելույթով:

Տպել էջը