ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Նիդերլանդների ԱԳ նախարար Բեռնար Բոտի հանդիպման վերաբերյալ
30 հունվարի, 2007
Ս. թ. հունվարի 30-ին Նիդերլանդներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳ նախարար Բեռնար Բոթի (Bernard Bot) հետ:
Ողջունելով հյուրին` Նիդերլանդների ԱԳ նախարարը առանձնացրեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները, որոնցից են երկկողմ համագործակցությունը, ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանին աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները: Երկուստեք հատուկ կարեւորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների շարունակական երկխոսությունը:
Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար` նախարար Օսկանյանն ընդգծեց, որ Հայաստանը երախտապարտ է Նիդերլանդներին տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես միջազգային ֆինանսական կառույցների եւ երկկողմ ծրագրերի միջոցով: Վերջիններից առանձնացվեցին Նիդերլանդների կողմից իրականացվող այն ծրագրերը (PSOM, ORET, MATRA), որոնք կոչված են աջակցելու քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ տնտեսության զարգացմանը: Նախարարը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնել Նիդերլանդների հետ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում եւ հայտնեց պաշտոնական Երեւանի մտադրությունը առաջիկայում Հոլանդիայում հյուպատոսություն բացելու վերաբերյալ:
Գոհունակությամբ նշվեց նաեւ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում Հոլանդիայի լեզվական միության հովանավորությամբ հոլանդերեն լեզվի եւ մշակույթի ամբիոնի առաջիկա բացումը:
Խոսելով երկու երկրների քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների արդեն իսկ բավական ծավալուն օրակարգի մասին` Նիդերլանդների ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչը հնարավորություններ կտա ընդլայնելու երկկողմ համագործակցությունը:
Արտգործնախարարները քննարկեցին նաեւ Հայաստանի եվրաինտեգրման հարցերը` կարեւոր համարելով Նիդերլանդների ներգրավվումը ԵՄ Հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում, մասնավորապես տնտեսության ոլորտում եւ տարածաշրջանային համագործակցության շրջանակում: Նախարար Օսկանյանն ընդգծեց, որ եվրոպական ուղղությունը մեր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է եւ Հայաստանը վճռական է օգտվել գործողությունների ծրագրով ընձեռվող բոլոր հնարավորություններից` բարեփոխումներն առավել խորացնելու նպատակով:
Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` կանգ առնելով մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վրա: Ընդգծվեց հայ-թուրքական երկխոսության մեջ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը, ինչին իր ներդրումն է մտադիր բերել Նիդերլանդների կառավարությունը: Նախարար Օսկանյանի խնդրանքով նիդերլանդացի իր գործընկերը ներկայացրեց Հաագայի մոտեցումները Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ` նշելով աջակցությունը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կոսովոյի ապագայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Մարտի Ահտիսաարիի վերջին նախաձեռնություններին:
Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ:
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հոլանդիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Իր ելույթում նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի բարեփոխումների գործընթացը, ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը, 2006թ. Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի առանցքը հանդիսացող գյուղական ծրագրերի իրագործման հետ առնչվող խնդիրները:
Օրվա վերջին նախարար Օսկանյանը կմասնակցի Ռոտերդամի (Նիդերլանդներ), Պուսանի (Հարավային Կորեա) եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնների միջեւ համագործակցություն հաստատելու մասին Հայտարարագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: