Դամասկոսում կայացած հայ-սիրիական դիվանագիտական խորհրդակցությունների վերաբերյալ
29 հունվարի, 2007
Ս.թ. հունվարի 28-ին Դամասկոսում անցկացվել են հայ-սիրիական դիվանագիտական խորհրդակցություններ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, սիրիական կողմից` ՍԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Ահմադ Առնուսը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը հատուկ նշել են հայ-սիրիական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-սիրիական համագործակցությանը, մերձավորարեւելյան եւ հարավկովկասյան տարածաշրջանային խնդիրներին: Երկուստեք կարեւորվել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերի ակտիվացումը:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի սիրիական կողմի համանախագահ, էկոնոմիկայի նախարար Ամեր Հոսնի Լուտֆիին: Հանդիպման ընթացքում խոսվել է ս.թ. մարտին Դամասկոսում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական' չորրորդ, նիստի աշխատանքների մասին, ինչպես նաեւ ուրվագծվել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները:
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալիմի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են դիվանագիտական խորհրդակցությունների արդյունքները, եւս մեկ անգամ նշվել է հետեւողական քայլերով երկկողմ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու կողմերի պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Ուալիդ Մուալիմի Հայաստան այցելության ՀՀ ԱԳ նախարարի հրավերը: