«Al Jazeera» հեռուստաալիքին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի հարցազրույցի վերաբերյալ
29 հունվարի, 2007Հրանտ Դինքի սպանության եւ Ցեղասպանության հրապարակային քննարկումների շրջանակում «Al Jazeera» հեռուստաընկերության անգլերեն խմբագրությունը հարցազրույցի է հրավիրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանին: Հրավիրված է եղել նաեւ թուրք պատմաբան, Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թուրքայա Աթաովը: Հարցազրույցը վարել է Մեծ Բրիտանիայի հայտնի լրագրող Դեյվիդ Ֆրոստը:
Դինքի սպանությամբ Ցեղասպանության հարցի կրկին ասպարեզ գալու Ֆրոստի դիտարկմանն ի պատասխան դեսպան Գաբրիելյանը նշել է, որ այդ հարցն օրակարգից երբեք էլ չի հանվել եւ չի մոռացվել: Ցեղասպանության փաստի մասին հարցին անդրադառնալով` դեսպանն ասել է, որ ինքը չի պատրաստվում քննարկել փաստի իրողությունը, որը հարցականի ենթակա չէ եւ ապացուցված է մեծաքանակ փաստագրական նյութերով, այդ թվում` թուրք պատմաբանների վկայություններով եւ որի հիշողությունները վառ են գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում` թե Հայաստանում, թե սփյուռքում, եւ փոխարենը պետք է քննարկել այն ճանաչելու եւ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու խնդիրը:
Վահե Գաբրիելյանը նշել է, որ ցեղասպանություն իրականացնելու` Օսմանյան կառավարության մտադրությունն ապացուցված է եւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հենց թուրքական հատուկ դատարաններն են 1919-20թթ. Ցեղասպանության կազմակերպիչների մի մասին դատապարտել մահվան կամ այլ պատիժների, սակայն այդ փաստն այսօր մոռացության են մատնում:
Անդրադառնալով Դեյվիդ Ֆրոստի հարցադրմանը, թե, արդյոք, Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է նախապայման դառնա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար` դեսպանը պատասխանել է, որ Հայաստանը ԵՄ անդամ չէ եւ որպես այդպիսին, չի կարող պաշտոնապես նախապայմաններ առաջադրել, սակայն կոպենհագենյան չափանիշները անդամ երկրներից պահանջում են բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարեւանների հետ, նրանց հետ առկա խնդիրների լուծում եւ իրենց երկրներում բնակվող փոքրամասնությունների իրավիճակի բարելավում, իսկ այս ամենը ենթադրում է նաեւ Ցեղասպանության հարցի ճանաչում: ԵՄ անդամ մի շարք պետություններ նույնպես բարձրացրել են այս հարցը, եւ Հայաստանը ԵՄ-ից այս հարցում ակնկալում է սկզբունքային դիրքորոշում:
Թուրք պատմաբանը նշել է միայն, որ ցավում է «իր գրչակից եղբոր» սպանության համար, թեեւ նրա ոչ բոլոր տեսակետներն էր կիսում: Նա հերքել է ցեղասպանության եղելությունը, սակայն որեւէ փաստարկ չի բերել: