Բուենոս Այրեսում կազմակերպված Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ

29 հունվարի, 2007
Ս. թ. հունվարի 25-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տրվել է սուրբ պատարագ եւ անցկացվել քաղաքացիական հոգեհանգիստ` նվիրված Ստամբուլում նահատակված «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արգենտինայում հավատարմագրված տասնյակ դիվանագետներ, օտարերկրյա եւ արգենտինացի լրագրողներ, նաեւ Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության անձնակազմն ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սուրբ պատարագից հետո, որը մատուցել են Արգենտինայում եւ Չիլիում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը եւ Արգենտինայի Հայ Կաթողիկե եկեղեցու եպիսկոպոս Պաբլո Հեքիմյանը, սկսվել է քաղաքացիական հոգեհանգիստ, որի ժամանակ ելույթ են ունեցել Արգենտինայի Արդարադատության եւ մարդու իրավունքների փոխնախարարի տեղակալ Ռ. Մատարոլոն, Գերագույն դատարանի անդամ Է. Զաֆարոնին, Բուենոս Այրեսի Համալսարանի իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Ռ. Մալխասյանը, «Նասիոն» թերթի խմբագիր Է. Կարդենասը:

Նախօրեին` հունվարի 23-ի երեկոյան, արգենտինահայ համայնքային կառույցները համատեղ կազմակերպել էին խաղաղ երթ եւ հանրահավաք Արգենտինայում Թուրքիայի դեսպանության առջեւ, որը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով:

Տպել էջը