ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Պավել Կովալի հանդիպման վերաբերյալ

26 հունվարի, 2007

Ս. թ. հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Պավել Կովալի գլխավորած պատվիրակությանը: Վերջինս Հայաստանում է գտնվում` նախապատրաստելու Լեհաստանի ԱԳ նախարարի փետրվարին նախատեսվող այցը Հայաստան:

Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց Լեհաստանի ԱԳՆ պատվիրակության այցը` կարեւորելով այն երկկողմ հարաբերությունների զարգացման առումով: Նախարարը հույս հայտնեց, որ Լեհաստանի ԱԳ նախարարի առաջիկա այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հստակեցմանը, առկա համագործակցության հարցերի քննարկմանը եւ հետագա անելիքների նախանշմանը:

Նշվեց երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, ինչին մեծապես նպաստում է միջազգային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներում տարաձայնությունների բացակայությունը:

Կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր` անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության Գործողությունների ծրագրի ընձեռած հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ եվրոպական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ այդ համատեքստում նշվեց, որ Հայաստանը դիտարկում է Լեհաստանին որպես կարեւոր գործընկեր:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, էներգետիկ անվտանգության խնդիրները, անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքին:

Նույն օրը ՀՀ արտգործնախարարությունում տեղի ունեցան հայ-լեհական քաղաքական խորհրդատվություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը:

Տպել էջը