Բրյուսելի «Espace Senghor» մշակութային կենտրոնում Հայաստանի մշակութային օրերի վերաբերյալ
25 հունվարի, 2007Հունվարի 24-ին Բրյուսելի Եվրոպական թաղամասի սրտում գտնվող «Espace Senghor» մշակութային կենտրոնում սկսվել են Հայկական մշակույթի օրերը: Մեկ շաբաթվա ընթացքում եվրոպացի հանդիսատեսին կներկայացվեն հայկական մշակույթի տարբեր ոլորտները` նկարչական արվեստը, երաժշտությունը, պարը, կինոն:
Միջոցառումների շարքում առաջինը բացվել է Նորիկ Անտոնյանի անհատական ցուցահանդեսը, ապա տեղի է ունեցել ֆրանսիացի ռեժիսորներ Մ. Բիսոյի եւ Դ. Մարտենսի նկարահանած «Ոգու ճանապարհները. Եղիշ Մանուկյան» ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է ԱՄՆ-ում բնակվող հայտնի դուդուկահար Եղիշ Մանուկյանի Հայաստան կատարած ճամփորդության մասին:
Գալիք օրերի ընթացքում բրյուսելցիները կկարողանան ունկդրել «Հայ երաժշտության գլուխգործոցներ» համույթի եւ «Արաքս» պարի համույթի կատարումները, կդիտեն Ռ. Գեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը: «Espace Senghor»-ում տեղի ունեցող մշակութային միջոցառումները Բելգիայում հայկական մշակույթին նվիրված այս տարի ծրագրված միջոցառումներից առաջինն են: