Հայ-էստոնական քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ

24 հունվարի, 2007

Հայ-էստոնական քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ

Ս.թ. հունվարի 22-23-ը Երեւանում էր գտնվում Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պատվիրակությունը` ՀՀ ԱԳ նախարարությունում հայ-էստոնական քաղաքական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Էստոնական պատվիրակության կազմում ընդգրկված էին` Էստոնիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Այվո Օրավը, Հայաստանում Էստոնիայի դեսպան Անդրես Ունգան եւ Էստոնիայի ԱԳՆ քաղաքական վարչության խորհրդական Հեյկի Կոորտը:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը: Խորհրդատվություններին մասնակցել են ՀՀ ԱԳՆ Եվրոպայի, Քաղաքական ծրագրավորման, Միջազգային կազմակերպությունների, ՍՎՄԱ, ԱՊՀ երկրների վարչությունների ղեկավարները:

Այցի հիմնական նպատակն էր հայկական կողմի հետ քննարկել հայ-էստոնական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, ինչպես նաեւ նախանշել համագործակցության հետագա ուղիները:

Քննարկումների ընթացքում կողմերը, մասնավորապես, ընդգծել են իրավապայմանագրային դաշտի համալրման, փոխադարձ այցերի կազմակերպման նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այդ համատեքստում հատկապես կարեւորվել է ՀՀ ԱԳ նախարարի Էստոնիա կայանալիք այցի իրականացումը 2007թ. ընթացքում: Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը Եվրամիության ԵՀՔ շրջանակում: Հայկական կողմը ակնկալել է Էստոնիայի ակտիվ մասնակցությունը ԳԾ իրականացման գործընթացում` ընդգծելով կոնկրետ ծրագրերի համատեղ մշակման եւ իրականացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում, արդյունավետ համագործակցության խնդրին: Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Հայաստան-ԵՄ, Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրներ:

Տպել էջը