ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի եւ Շրի Լանկայի նորանշանակ դեսպան Ուդայանգա Վիրատունգայի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ
22 հունվարի, 2007
Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Ա. Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ուդայանգա Վիրատունգան:
Ողջունելով հյուրին` փոխնախարար Ա. Բայբուրդյանը հաջողություն մաղթեց դեսպանին բարձր առաքելության կատարման գործում:
Հանդիպման ժամանակ փոխնախարար Ա. Բայբուրդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ասիական տարածաշրջանի հետ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Շեշտվեց Շրի Լանկայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները` ընդգծելով առեւտրատնտեսական, ոսկերչական, կրթական ոլորտներում Հայաստանի եւ Շրի Լանկայի համագործակցությանը նպաստելու պատրաստակամությունը:
Տեղեկանք. Ուդայանգա Վիրատունգան ծնվել է 1964թ. Մաթարայում: 1974-1984թթ. սովորել է Կոլոմբոյի Նալանդա քոլեջում, 1985-1986թթ. ավարտել է Տ.Շեւչենկոյի անվան Կիեւի պետական համալսարանի ռուսերեն լեզվի ուսուցման ծրագիրը: 1985-1986թթ. աշխատել է Շրի Լանկայի քարտեզագրման վարչությունում: 1994-2005թթ. եղել է «Եվրո-Լանկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը: 2006թ. հուլիսից առ այսօր Ռուսաստանում Շրի Լանկայի դեսպանն է: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու երեխա: