Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի վերաբերյալ
19 հունվարի, 2007
Ս.թ. հունվարի 19-ին Նյու Դելիում կայացավ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված էին ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարաի տեղակալ Դավիթ Ավետիսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Ալվարո Անտոնյանը, այլ պաշտոնական անձինք:
Կրթության եւ գիտության բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունների շարքում կարելի է առանձնացնել Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում հինդիի դասավանդման կենտրոնի հիմնադրման, ինչպես նաեւ երկու երկրների առաջատար բուհերի միջեւ ուղիղ միջհամալսարանական կապերի հաստատման մասին ընդունված որոշումները: Կողմերը պայմանավորվեցին նոր լիցք հաղորդել գիտատեխնիկական համագործակցության այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են սեյսմոլոգիան, նանոտեխնոլոգիան եւ բիոտեխնոլոգիան:
Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների հնդկական կենտրոնի հիմնադրման աշխատանքների նախապատրաստական փուլի իրականացման նպատակով որոշում կայացվեց մոտակա ամիսներին հնդիկ փորձագետների պատվիրակության Հայաստան այց կազմակերպելու վերաբերյալ:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաեւ առեւտրի եւ արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլոտներում երկկողմ համագործակցության եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նույն օրը տեղի ունեցան արտաքին քաղաքական գերատեսչությունների խորհրդակցություններ:
Հանդիպումներին մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: