Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի վերաբերյալ

18 հունվարի, 2007



Ս.թ. հունվարի 18-ին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Նյու Դելի ժամանած ՀՀ պատվիրակությունը`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Ե. Ահամեդի հետ:

Կողմերը փաստեցին երկրների միջեւ հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը, դրանց համընդգրկուն բնույթը, փոխադարձ վստահությունը եւ ձգտումը դրանք զարգացնելու:

Ա. Բայբուրդյանը հայտնեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը գործնական ծրագրերով խորացնելու համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով` մասնավորապես քաղաքական, առեւտրի, տնտեսության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում: Նա նշեց միջազգային կազմակերպություններում երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը: Պրն. Ահամեդին փոխանցվեց ՀՀ կառավարության երախտագիտությունը Հնդկաստանի կառավարության կողմից 5 մլն դոլարի դրամաշնորհի շրջանակներում Հայաստանին տրամադրված 300 տրակտորների համար: Բայբուրդյանն անդրադարձավ Հայաստանում գյուղական զարգացման ծրագրերում հնդկական կողմի ներգրավվածության, Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների հնդկական կենտրոնի հիմնադրման, Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 15-ամյակի առնչությամբ կազմակերպվելիք միջոցառումների հարցերին:

Պրն. Ահամեդն իր հերթին հայտնեց Հնդկաստանի կառավարության փոխադարձ ձգտումը ամրապնդելու եւ ընդլայնելու կապերը Հայաստանի հետ:

Նույն օրը պատվիրակության անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը հանդիպեց Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության նախարարության ինֆորմատիկայի ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Բ. Գայրոլայի հետ: Քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-հնդկական համագործակցության խորացման եւ Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների հնդկական կենտրոնի հիմնադրմանը վերաբերող գործնական հարցեր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարարի տեղակալ Ռ. Ագարվալի հետ: Կողմերը վերջնական համաձայնության եկան Երեւանի Բյուսովի անվան լեզվագիտական համալսարանում հինդի լեզվի ուսուցման եւ հնդկական մշակույթի կենտրոնի ստեղծման առնչությամբ: Շոշափվեցին գիտակրթական կապերի զարգացման խնդիրները: Հանդիպումներին մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:-

Տպել էջը