ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի հանդիպման վերաբերյալ
15 հունվարի, 2007
Ս. թ. հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն (ԺՀՄԻԳ), դեսպան Քրիստիան Շտրոհալին:
Ողջունելով հյուրին, նախարարը նշեց որ, Հայաստանի իշխանությունները դրական են գնահատում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գործունեությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացում եւ կարեւորեց ընտրությունների նախաշեմին պրն Շտրոհալի այցը:
Դեսպան Շտրոհալն ընդգծեց, որ այցի նպատակն է քննարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ու Հայաստանի համագործակցութունը ու Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերը:
Կարեւորելով ընտրությունների ազատ ու արդար անցկացումը, կողմերը անդրադարձան Հայաստանում ընտրական համակարգի կայացման գործընթացին` ընդգծելով ԵԱՀԿ դերը Հայաստանում ընտրական օրենսգրքի մշակման, ընտրական մարմինների վերապատրաստման ու նրանց փորձագիտական աջակցության ցուցաբերման հարցում:
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Հայաստանը հաջողությամբ կշարունակի ներքին օրենսդրությունը ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, իրավական եւ դատական համակարգի բարեփոխումները, որոնք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք ապահովմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ. Քրիստիան Շտրոհալը ծնվել է 1951թ. Վիեննայում: Իրավաբանություն, տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Վիեննայի, Լոնդոնի եւ Ժնեւի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դիվանագիտական կարիերան սկսել է 1975թ.: 2000-2003թթ. եղել է Ավստրիայի դեսպանը Լյուքսեմբուրգում, 2003 թվականից առ այսօր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենն է:Ամուսնացած է, ունի 3 զավակ: