«Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով միջազգային գիտաժողովին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի մասնակցության վերաբերյալ
13 հունվարի, 2007Ս.թ. հունվարի 13-ին Երեւանում մեկնարկել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ (AIPRG) հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցել եւ բացման խոսք է ասել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նա ողջունել է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել հայ-թուրքական երկխոսությանն ու հարաբերությունների բարելավմանը: Այս իմաստով կարեւորվել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի` հայ-թուրքական սահմանի վերաբացման սոցիալ-տնտեսական հետեւանքների համակողմանի քննարկմանը նվիրված գիտաժողովը, որն օգտակար է նաեւ այս հարցի շուրջ կառուցողական մոտեցումների ձեւավորման համար:
Այնուհետեւ ՀՀ փոխարտգործնախարարը ասել է. «Հայաստանը բազմիցս նշել է, որ հանդես է գալիս առանց որեւէ նախապայմանի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օգտին եւ կողմ է Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դրական ներգրավվածությանը: Տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման եւ լայն համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան Հարավային Կովկասի բոլոր պետությունների հետ ունենա անկողմնակալ ու հավասարաչափ մակարդակի հարաբերություններ եւ հրաժարվի տարածաշրջանային ծրագրերից (ներառյալ տնտեսական) Հայաստանին դուրս մղելու իր քաղաքականությունից: Սակայն Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու համար առաջ է քաշում մի շարք նախապայմաներ, որոնցից հիմնականը` ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումն է: Այդպիսով, Թուրքիան ոտնահարում է ոչ միայն ընդունված միջազգային իրավունքի նորմերը, այլեւ խախտում է 1921թ. Կարսի պայմանագիրը, մասնավորապես որի 17-րդ կետի համաձայն, կողմերը պետք է «...միջոցներ ձեռնարկեն երկաթուղային, հեռագրային եւ հաղորդակցության այլ միջոցների պահպանման եւ զարգացման համար, ինչպես նաեւ ապահովեն մարդկանց եւ բեռների ազատ փոխադրումը»:
Թուրքական կողմը փորձում է քողարկել ներկայումս գոյություն ունեցող իրավիճակը` հայտարարելով, թե երկու երկրների միջեւ կան օդային եւ ցամաքային փոխադրումներ, էական ապրանքաշրջանառություն, Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է վիզա ստանալ եւ անարգել հատել Թուրքիայի սահմանը: Սակայն իրականում այս ամենը տեղի է ունենում կամ օդային ուղիով, կամ երրորդ երկրների տարածքով, սահմանի լիակատար փակ լինելու, շրջափակման, դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների բացակայության պայմաններում: Թուրքիան փաստորեն գերադասում է պահպանել իր համերաշխությունը Ադրբեջանի հետ` տարածաշրջանում համագործակցության զարգացման եւ փոխվստահության մթնոլորտ հաստատելու անհրաժեշտությունից:
Հայաստանի իշխանությունները կարեւորում են հայ-թուրքական սահմանի վերաբացումը` գտնելով, որ այն ոչ միայն շահավետ է զուտ երկու երկրների տնտեսությունների համար՝ թույլ տալով իրականացնել չմիջնորդավորված ապրանքաշրջանառություն, զարգացնել սահմանամերձ գոտիների տնտեսությունը, առավել բարենպաստ շուկայական պայմաններ ապահովել հայկական ու թուրքական ապրանքանու համար միմյանց շուկաներում, այլեւ դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության խթանման համար: Ընդգրկված լինելով «ԵՄ հարեւանության ծրագրում»` Հայաստանը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր անմիջական հարեւանների հետ, ինչը համահունչ է ԵՄ սկզբունքներին: Ցավոք, նույնը չի կարելի ասել ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիայի մասին:
Առանձնահատուկ կարեւորություն ունի Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, որը ոչ միայն զգալիորեն կնվազեցնի հայկական եւ թուրքական բեռնափոխադրումների (ուղեւորափոխադրումների) ինքնարժեքը, այլեւ զարկ կտա տարածաշրջանում ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Ի հակառակ դրան` Կարս-Թբիլիսի- Բաքու երկաթգծի ծրագիրը միտված է Հայաստանի մեկուսացմանը եւ չի նպաստում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Բաց սահմանների կարեւորությունն ավելի է, քան զուտ սոցիալ-տնտեսական ներազդեցությունը: Բաց սահմանները կնպաստեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ուղղակիորեն կնվազեցնեն անվտանգության տեսանկյունից եղած մտահոգությունները եւ առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն քաղաքական խնդիրների լուծման համար:
Ներկայումս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շփումներն ընթանում են հիմնականում հասարակական նախաձեռնությունների խողովակով, լինեն դրանք քննարկումներ, շփումներ, գիտաժողովներ: Անշուշտ դրանք կարող են նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը: Այդուհանդերձ, նման նախաձեռնությունները չեն կարող փոխարինել միջպետական երկխոսությունը: Այդ առումով անհրաժեշտ է երկխոսությունը տեղափոխել միջպետական մակարդակ, որին Հայաստանը պատրաստ է գնալ առանց նախապայմանների: Դեռեւս 2005թ. ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վարչապետ Էրդողանին ուղղված նամակում հստակ առաջարկ էր արվել օգտակար երկխոսություն հաստատելու նպատակով ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Այդ առաջարկը, ցավոք, առ այսօր մնացել է անպատասխան:»
Իր խոսքի վերջում Ա. Կիրակոսյանը ողջունեց գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին