Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի համատեղ մամուլի ասուլիսը
28 հոկտեմբերի, 2026Հարգելի՛ պարոն նախարար, հարգելի՛ գործընկերներ, բարև ձեզ։ Կրկին ուզում եմ նշել, որ շատ ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Մենք արդեն հասցրել ենք ունենալ բավականին բովանդակալից քննարկումներ։
Հարգելի՛ ներկաներ, մենք անդրադարձել ենք Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ օրակարգի հարուստ խճանկարին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին, և այսօր դեռ կշարունակենք մեր քննարկումները։ Բայց արդեն կարող եմ ասել, որ գոհունակությամբ ենք արձանագրում երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, և նաև քիչ առաջ՝ ընդամենը րոպեներ առաջ, ստորագրված քաղաքական երկխոսության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիրը։ Կարծում ենք, որ մեր ընդլայնվող, աճող երկկողմ օրակարգում այս հուշագիրն իր ուրույն դերը կունենա և կօգնի մեզ առաջ մղել մեր օրակարգը։
Անկեղծորեն ուրախ եմ արձանագրել, որ կան մի շարք կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որտեղ արդեն ունենք բավականին հաջողված փորձ, և մեր այսօրվա քննարկումները ցույց են տալիս, որ երկուստեք ունենք պատրաստակամություն և նվիրում՝ կառուցելու այդ հաջողված փորձի վրա և առաջ մղելու օրակարգը նաև այլ ուղղություններով՝ տնտեսություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, արդարադատություն, նորարարություն, զբոսաշրջություն։ Այս բոլոր ոլորտներում կքննարկվեն և սպասվում են նոր նախաձեռնություններ։
Օրինակ, հարգելի՛ գործընկերներ, երևի քչերդ գիտեք, որ սլովենական փորձը և սլովենական մասնակցությունը շատ կարևոր են եղել մեր առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործում։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք փորձի փոխանակման համար։ Համակարգն արդեն ներդրված է մեզ մոտ և դեռ կզարգանա. սա մեր քաղաքական հանձնառությունն է։ Հուսով ենք, որ այդ ներդրմամբ համագործակցությունը չի ավարտվել, և վստահ ենք՝ կգտնենք այն շարունակելու ձևեր։
Բնականաբար, մեր քննարկումների առանցքում եղել է առաջնային ուղղությունը՝ առևտրատնտեսական հարաբերությունները։ Պետք է փաստել, որ թվերն աճում են. օրինակ, միայն այս տարվա 8 ամիսների տվյալներն արդեն գերազանցում են նախորդ ամբողջ տարվա տվյալները: Սա լավ նորություն է։ Նույն երևույթի մասով կա նաև վատ նորություն. այդ աճող թվերը, այդուհանդերձ, դեռ շատ փոքր են, և մենք պետք է երկուստեք ջանքեր գործադրենք դրանք մեծացնելու համար։ Այս մասով արդեն կոնկրետ քայլեր ենք անում։ Կարևոր էր նախորդ տարի «Էնթերփրայզ Արմենիա»-ի և «SPIRIT Slovenia»-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Այսօր որոշ ժամանակ անց միասին կբացենք գործարար համաժողովը, որտեղ շփումներ տեղի կունենան երկու երկրների գործարարների միջև։ Այնուհետև՝ հոկտեմբերի 30-ին, տեղի կունենան բիզնես-կառավարություն շփումներ։ Սա ևս շատ կարևոր է, և այդ ֆորումում ներկայացված են բոլոր հնարավոր ոլորտները։ Հուսով ենք՝ արդյունքներ կունենանք։
Համագործակցություն կա նաև ֆինանսական ոլորտում։ Ուրախ ենք տեսնել, որ հայաստանյան «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ»-ը ձեռք բերեց սլովենական բանկերից մեկի բաժնետոմսերը, և կրկին շնորհակալություն Սլովենիայի կառավարությանն աջակցության համար։
«Երևանյան երկխոսություն» և Բլեդի ռազմավարական ֆորումները, թեև Բլեդն ավելի շատ, քան Երևանյանը, բայց արդեն կարող ենք ասել նաև «Երևանյան երկխոսության» մասին, կայացած և փորձ ունեցող հարթակներ են, և այստեղ ևս արդեն համագործակցություն ենք հաստատել։
Մեկ այլ շատ կարևոր ուղղություն, և ուզում եմ Ձեր ներկայությամբ բարձրաձայն մեր երախտագիտությունը հայտնել Սլովենիային։ Գիտեք կամ գուցե կհիշեք, որ Սլովենիան հումանիտար ծրագրեր է իրականացնում պատերազմից տուժած երեխաների և առանձին՝ նրանց ծնողների հոգեբանական աջակցության ուղղությամբ։ Արդեն քանի տարի շարունակ երեխաներն ու նրանց ծնողները տարբեր խմբերով մեկնում են Սլովենիա։ Մեր մեծ գոհունակությունն ենք հայտնում և նշում, որ սա վստահաբար կարևոր է այդ մարդկանց համար։ Հուսով ենք, որ սա հետագայում ևս կշարունակվի, և բարձր կգնահատենք դա։
Մեկ այլ ուղղություն՝ Հայաստան-Եվրոպական միություն։ Այստեղ ևս բոլոր հնարավոր նախաձեռնություններում վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը։ Իհարկե, խոսել ենք նաև տարածաշրջանային իրողությունների մասին. ներկայացրել եմ մեր բոլոր չորս հարևանների հետ խաղաղության օրակարգը, ինչպես նաև, եթե ավելի լայն հարևանությամբ նայենք՝ ոչ անմիջական սահմանով, Ռուսաստանի հետ այս պահին ընթացող գործընթացները, մեր խաղաղությունը, համագործակցության զարգացումը։ Այստեղ ևս ունենք Սլովենիայի աջակցությունը։
Ուզում եմ ամփոփել, երևի այս անգամ անսովոր երկար խոսեցի, բայց ուզում եմ ամփոփել որոշակի նմանություններով։ Իմ կարծիքով՝ երկու ժողովուրդներս տարբեր նմանություններ ունենք, բայց կա մեկը, որ հաստատ ֆիզիկական մարմնացում ունի. դրանք մեղուներն են։ Գիտեմ, թե մեղրն ու մեղուները որքան կարևոր են Սլովենիայի համար։ Ուզում եմ ասել, որ Հայաստանի համար էլ։ Հայաստանում խոսք կա՝ մեղվի պես աշխատել, ինչը նշանակում է շատ աշխատել, անդադար աշխատել։ Լավ կլինի, որ շարունակենք մեղվի պես աշխատել մեր օրակարգի առաջմղման համար։ Կրկին շատ շնորհակալ եմ այցի և բարեկամության համար։ Ուրախ եմ Ձեզ տեսնել։
(...)
Շնորհակալ եմ Ձեր շատ ջերմ խոսքերի համար, հարգելի՛ գործընկեր։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել նաև կենսաբազմազանության COP17-ին մասնակցելու համար։ Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, և հուսով եմ՝ Ձեր տպավորությունն իսկապես լավն էր։ Թռիչքներ, պաշտպանություն, բոլոր այն ոլորտները, որոնց մասին մանրամասն ասացինք։ Եվ ուզում եմ վստահեցնել, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ վստահեցնենք մեր գործընկերներին, որ, միևնույն է, այսքան երկար խոսելով էլ չկարողացանք ներկայացնել բոլոր այն ոլորտներն ու ուղղությունները, որտեղ ունենք և ուզում ենք ունենալ համագործակցություն և արդեն քննարկել ենք՝ սկսած միջուկային էներգետիկայից մինչև արհեստական բանականություն։ Այստեղ երկուսս էլ ունենք մեր փորձը և մեր տեսլականները, և դրանք արդեն մասամբ քննարկեցինք։ Բայց ժամանակ ունենք հարցերի համար, և այսքան խոսելուց հետո էլ, միևնույն է, չկարողացանք այնպես խոսել, որ հարցերի համար ժամանակ չմնա։ Համեցե՛ք։
—
Հարցուպատասխան
Հարց. Իմ երկու հարցը Հայաստանի արտգործնախարարին է։ Պարոն Միրզոյան, այս համատեքստում ի՞նչ փուլում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսությունը, ի՞նչ ժամկետներ եք կանխատեսում, և արդյո՞ք մեր ներքաղաքական զարգացումները կարող են խանգարել այս գործընթացին, մասնավորապես նաև ԵԽԽՎ զեկույցում նշված ընդդիմության նկատմամբ հետապնդումները, հատկապես ընտրություններից առաջ։ Եվ երկրորդ հարցը. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը բարձրաձայնել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը՝ նշելով, որ Հայաստանն անդամավճար չի վճարում և չի մասնակցում կազմակերպության գործընթացներին։ Այս մասով Հայաստանը որոշում ունի՞, թե՞ ոչ։
Արարատ Միրզոյան. Հղում արեցիք ԵԽԽՎ զեկույցին։ Ուզում եմ ասել, որ այդ ծավալուն զեկույցից հիշատակեցիք մի ակնարկ, բայց երևի խուսափեցիք նշել վերջնական եզրակացությունը՝ այն, որ ընտրական գործընթացներն ամբողջապես համապատասխանում են ամենաբարձր միջազգային ստանդարտներին, թափանցիկ են և արտահայտում են ժողովրդի կամքը։ Իսկ քանի որ հիշատակեցիք այդ մասը, ինձ իրավունք եմ վերապահում ճշգրտում անելու։ Եթե խոսքը վերաբերում է ընտրական գործընթացներում ընտրակաշառքի փորձ անողներին օրենքով նախատեսված իրավական գործիքակազմով, այդ թվում՝ հետաքննություններով և այլն, սահմանափակելուն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ ունենալ իրավական պետություն և օրենքի գերակայություն, այստեղ նույն կերպ պետք է գործի։ Մենք շարունակելու ենք, և ուրախ եմ տեսնել, որ իրավապահներն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկել և կձեռնարկեն։
Վիզաների ազատականացման մասով, անկեղծ ասած, մինչ այժմ ունեցել ենք ամբողջական աջակցություն և նման գործընթացների համար բավականին արագ ընթացող պրոցես, ստացել ենք Եվրոպական միության և անդամ պետությունների աջակցությունը։ Բայց, անկեղծ ասած, հիմա անելիքներն ավելի շատ մերն են։ Այսինքն՝ եթե ավարտի կոնկրետ ժամկետի մասին եք հարցնում, կարծում եմ՝ ճիշտ կլինի հայաստանյան հասարակությանը նաև ասել, որ դա մեզնից է կախված՝ սկսած ենթադրվող օրենսդրական փոփոխություններից մինչև տեխնիկական ընթացակարգեր, որոնք պետք է իրականացվեն։ Այսինքն՝ որքան արագ աշխատենք, կարծում եմ՝ այնքան արագ կունենանք գործընթացի, հուսով եմ, դրական արդյունքը։
Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին Ձեր հարցին. մենք վաղուց դադարեցրել ենք մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Եվ եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեև չգիտեմ, թե առհասարակ որքան իրավասություններ ունի այն, ինչ-որ մեկնաբանություններ են անում, իզուր է. մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և ՀԱՊԿ վերադառնալ չենք տեսնում։