Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Նիդերլանդների ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսը
27 հոկտեմբերի, 2026Արարատ Միրզոյան. Բարև ձեզ, հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ բարեկամ, հարգելի՛ ներկաներ։ Այսօր շատ ուրախ եմ Հայաստանում հյուրընկալել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես գիտեք, 2025 թվականի մարտին Հայաստանն ու Նիդերլանդները ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր և այսօր մեր հիմնական խնդիրն է հոգ տանել և ապահովել այդ հռչակագրում նշված առաջնահերթությունների ու նպատակների ամբողջական իրականացումը, դրանց կյանքի կոչումը։ Գործընկերոջս՝ նախարարի հետ մեր քննարկումների, ինչպես նաև պատվիրակությունների միջև քննարկումների առանցքը հենց սա է եղել։
Մենք, իհարկե, անդրադարձել ենք երկկողմ համագործակցության առաջնահերթություններին և առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել տնտեսական համագործակցությանը։ Համակարծիք ենք, որ քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է, ակտիվ է և արդյունավետ։ Եվ ահա, տեսնում ենք նաև, որ տնտեսական համագործակցությունը ևս քայլ առ քայլ առաջ է գնում, թվերն աճում են՝ համեմատած նախորդ շրջանների հետ։ Բայց միաժամանակ տեսնում ենք, որ կա զգալի մեծ չիրացված պոտենցիալ։ Եվ սրանք ընդհանրական խոսքեր չեն, որոնք նման իրավիճակներում կարող են արտաբերվել. սա ասելիս նկատի ունենք շատ կոնկրետ ոլորտներ, շատ կոնկրետ ընկերություններ, ուրվագծվող համագործակցություններ, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ծաղկաբուծություն, առողջապահություն և ենթակառուցվածքներ։
Հիշում եմ՝ մի քանի ամիս առաջ բավականին դրական արձագանք գտավ մամուլում և հասարակության կողմից այն լուրը, որ համագործակցություն է հաստատվել ծաղիկների արտադրությամբ զբաղվող մեր ընկերությունների և Նիդերլանդների աշխարհահռչակ համապատասխան ընկերությունների միջև։ Այսօր նախարարն առիթ կունենա այցելելու նիդերլանդական տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանում գործող ծաղկի ջերմոցներից մեկը։
Շարունակելով կենտրոնանալ կոնկրետ քայլերի վրա՝ ասեմ, որ «Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը»՝ նիդերլանդական այս ինստիտուտը, 2026 թվականից Հայաստանում իրականացնում է մեկամյա ծրագիր՝ միտված չիր և ընկուզեղեն արտադրող 21 հայկական ընկերությունների՝ Նիդերլանդների և Եվրոպական միության շուկաներ արտահանման կարողությունների զարգացմանը՝ ԵՄ ստանդարտներ, սերտիֆիկացում, փաթեթավորում, լոգիստիկա և այլն։ Օգոստոսին կենտրոնի փորձագետները Հայաստանում դասընթացներ են իրականացրել, կազմակերպվել է ճանաչողական այց։ Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի շրջանակներում Նիդերլանդները շարունակում է փախստականների կարիքների հասցեագրման նպատակով Հայաստանին արվող հատկացումները՝ նաև «PUM» (ավագ խորհրդականների կազմակերպության) ինստիտուտի գործունեության շրջանակներում։
Ես սրանք թվարկում եմ, հարգելի՛ գործընկերներ, ցույց տալու համար, որ մեր համագործակցությունը շատ կոնկրետ է և նման կոնկրետ, բայց նաև ավելի մեծ ծավալներով լինելու միտվածություն ունի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նիդերլանդներին նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցության համար։ Ուզում եմ կրկին ընդգծել՝ բոլոր նախաձեռնություններում, լինեն դրանք տնտեսական, թե բարեփոխումներին միտված, վերաբերեն Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններին, թե ոչ, մենք ամեն օր ստանում ենք Նիդերլանդների համագործակցությունն ու աջակցությունը, և շատ բարձր ենք գնահատում այս դիրքորոշումը։
Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, մեր այսօրվա քննարկումներում մեծ տեղ են զբաղեցրել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Նշել ենք բոլոր այն ոլորտները, որտեղ միասին առաջ ենք գնում, անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում և ավելի մեծ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։ Ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, բոլոր դրական հեռանկարներն ու գործընթացները։ Կարևորել ենք նաև սրանց արդյունքում ձևավորվող տարածաշրջանային հնարավորությունները և Նիդերլանդների ապագա ներգրավվածության պոտենցիալը։
Այս օրերին Հայաստանում դեռ ընթանում է COP17 համաժողովը, և մենք Նիդերլանդներից ևս կունենանք բարձրաստիճան մասնակցություն, ինչի համար ևս մեր գնահատանքն ենք հայտնում։
Եվս մեկ անգամ, հարգելի՛ գործընկեր, հարգելի՛ պարոն նախարար, շնորհակալություն եմ հայտնում և՛ այցի, և՛ քննարկված թեմաների, և՛ այդ թեմաների շուրջ աջակցության և պատրաստակամության համար։ Սիրով կշարունակենք համագործակցությունը Երևանում, Հաագայում և այլուր։
Շնորհակալ եմ։
Աստղիկ Բեդևյան («Ազատություն» ռադիոկայան). Առաջին հարցս Նիդերլանդների արտգործնախարարին է։ Պարոն նախարար, Դուք խոսեցիք անհետ կորածների որոնողական աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին։ Կխնդրեմ մի փոքր բացել փակագծերը. ինչի՞ն է այն ուղղվելու, արդյո՞ք ներգրավված են լինելու նաև նիդերլանդացի մասնագետներ, և արդյո՞ք սա երկկողմանի՝ հայ-ադրբեջանական է լինելու, քանի որ Դուք Բաքվից եք գալիս։ Եվ հարց ունեմ պարոն Միրզոյանին:
Պարոն Միրզոյան, նախորդ անգամ ասել էիք, որ ծանոթ չեք ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերների պատրաստած զեկույցին։ Պարոն նախարար, եթե ծանոթացել եք, ի՞նչ կասեք այն պնդման մասին, թե Վիեննայի կոնվենցիային համապատասխան կարող է դրվել անդամակցությունը կասեցնելու հարց։ Արդյո՞ք Երևանն ուսումնասիրել է այդ, չգիտեմ ինչպես ձևակերպեմ, սողանցքը, և ընդհանրապես որքանո՞վ է հավանական համարում դրա կիրառումը, եթե Հայաստանը ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի, հանրաքվեի հարցով չմտափոխվի։ Շնորհակալություն։
Արարատ Միրզոյան. Ես էլ կուզենայի այս հարցի կապակցությամբ ավելացնել իմ շատ կարճ դիտարկումը։ Վստահ եմ՝ գիտեք, որ անհետ կորածների հարցը բավականին զգայուն է, և Հայաստանում բոլորիս համար շատ կարևոր է անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։ Լսում ենք, և կասկածի տակ դնելու առիթ չկա, որ դա կարևոր է նաև Ադրբեջանում։ Հետևաբար սա, երևի, այն ոլորտն է, այն ուղղությունն է, որտեղ մեր երրորդ գործընկերների՝ Նիդերլանդների միջամտությունը, մասնակցությունը և ներդրումը շատ ողջունելի են, կարծում եմ՝ բոլորի կողմից։ Այնպես որ կրկին ուզում եմ մեր կողմից շնորհակալություն հայտնել Նիդերլանդներին դրա համար։
Ինչ վերաբերում է ինձ ուղղված հարցին, ԵԱՏՄ զեկույցը, հարգելի՛ տիկին Բեդևյան, ծավալուն փաստաթուղթ է, և Դուք հղում արեցիք իրավական կողմին։ Այնտեղ ԵԱՏՄ-ի մեր գործընկերներն ասում են, որ թեև ԵԱՏՄ փաստաթղթերում նախատեսված չէ, որ անդամները կարող են հեռացնել մեկ այլ անդամի կամ սառեցնել նրա մասնակցությունը, բայց Վիեննայի կոնվենցիայում նման բան կա։ Այո, նման բան կա, բայց շատ սպեցիֆիկ անկյան տակ կամ հիմնավորմամբ։ Որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ միջազգային կամ ինտեգրացիոն կազմակերպության այն գործընկերը, որից մյուսները դժգոհ են և ուզում են հեռացնել կամ սառեցնել, խախտի պայմանավորվածությունները։ Կարճ ասած՝ խախտի այդ կազմակերպության շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, որպեսզի մյուս գործընկերները, ենթադրենք՝ չորսը, կարողանան ասել. «Դու մեր կանոնները խախտում ես, հարգելի՛ հինգերորդ բարեկամ, շնորհակալություն, ցտեսություն»։ Ինչպես կարող եք տեսնել, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել։ Հետևաբար, ես հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել իրավական հիմնավորում գտնելու համար, բայց, կներեք, իրավական առումով համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ։
Բայց չեմ ուզում նաև հարցից խուսափել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավականն իրավական է, բայց այստեղ կա քաղաքական մղում և գուցե քաղաքական հանձնարարություն իրավաբաններին՝ որևէ իրավական հիմնավորում գտնել։ Քաղաքական մասով ուզում եմ ասել, որ մենք, ինչպես ասացի, բարեխղճորեն կատարել ենք և կատարում ենք մեր պարտավորությունները։ Հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները ևս բարեխղճորեն կկատարեն մեր նկատմամբ իրենց պարտավորությունները՝ թե՛ կազմակերպության շրջանակներում, թե՛ երկկողմ, և չեն խախտի դրանք։ Ցավոք, վերջին ամիսներին հակառակի օրինակներ ենք տեսնում։ Ինչևէ, մեր դիրքորոշումը հետևյալն է. ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում մեր պետականությունն է, Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, այդ թվում՝ այս և այլ զանազան որոշումներ ինքնուրույն կայացնելու իրավունքը, և մենք դա սակարկության առարկա չենք դարձնելու։ Կփորձենք կառուցողական ներգրավվածություն և երկխոսություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ՝ բայց առանցքում ունենալով մեր պետականությունը։