ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարի համատեղ մամուլի ասուլիսը
15 հոկտեմբերի, 2026Արարատ Միրզոյան. Բարև՛ ձեզ, հարգելի՛ գործընկերներ։
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բարեկամ, սիրելի՛ ընկեր, ես այսօր շատ ուրախ եմ Երևանում հյուրընկալել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար և իմ շատ լավ բարեկամ Իգնասիո Կասիսին։ Հարգելի՛ գործընկեր, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Հայաստանում և շնորհակալություն եմ հայտնում բովանդակալից քննարկումների համար։
Մենք այսօր անդրադարձել ենք Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին։ Իհարկե, խոսել ենք Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից, ձևավորվող համագործակցությունից։ Նախարարին տեղեկացրել եմ վերջին զարգացումների մասին։
Հաշվի առնելով նաև այս հաստատված խաղաղությունը՝ հասկանալիորեն, ԵԱՀԿ-ն ինքը Հայաստանի համար փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որոնք Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ, ԵԱՀԿ-ի նկատմամբ, և հիմա մենք մտածում ենք, թե ինչպես զարգացնել համագործակցությունը, ունենալ նոր նախաձեռնություններ, նոր ծրագրեր։
Շնորհակալություն եմ հայտնել և գնահատել եմ գործընկերոջս ջանքերը՝ ուղղված ԵԱՀԿ նախագահողի պաշտոնում կազմակերպության զարգացմանը։ Այդ ուղղությամբ մտքեր ենք փոխանակել նաև ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական չափման շրջանակներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում COP17-ի պաշտոնական մեկնարկի նախօրեին։
Մենք շատ ժամանակ ենք հատկացրել նաև մեր երկկողմ՝ Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններին, մեր օրակարգին և քաղաքական երկխոսությանը։
Մեծ հաճույքով և՛ ես, և՛ իմ բարեկամը հիշել և կարևորել ենք Բեռնում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը։ Եթե կհիշեք, ես պատիվ ունեի մասնակցելու, երկուսով միասին մասնակցեցինք պաշտոնական բացման արարողությանը։
Վստահ ենք, որ դեսպանությունը, ինչպես և ընդհանրապես մեր այսօրվա մտածելակերպը և առաջնահերթությունները կօգնեն զարգացնել հատկապես մեր տնտեսական հարաբերությունները։ Երկուսս էլ կարծում ենք, որ այստեղ մեծ պոտենցիալ կա։ Արդեն եղել են քայլեր. կհիշենք հունիսին տեղի ունեցած բիզնես հանդիպումները, և հիմա պետք է ջանքեր գործադրենք դրանք շարունակելու ուղղությամբ։
Այո, գնահատում ենք նաև Շվեյցարիայի Համադաշնության կողմից բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Քչերը, երևի, գիտեն, և ես կուզեի ասել, որ, օրինակ, այդպիսի ուղղություններ են անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում, ժողովրդավարության ինստիտուտները և մասնակցային քաղաքականությունը, կայուն ներառական աճը լեռնային Հայաստանում։ Այսպիսի հարցերի շուրջ ենք համագործակցել, որոնք, չգիտեմ, մեր շատ քաղաքականացված հանրությանը երբեմն այդքան չեն հետաքրքրում, քանզի դրանք միջազգային սկանդալներից անդին են։
Մեկ անգամ էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել, հարգելի՛ Իգնասիո:
Մամուլի համար նախարարների հայտարարություններին հաջորդել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցուպատասխան:
Մարիաննա Փայտյան («Սպուտնիկ Արմենիա»). Բարև ձեզ։ Կուզեմ հարցս ուղղել պարոն Արարատ Միրզոյանին։ Երեկ վարչապետը հայտարարեց, որ անկլավներ, էքսկլավներ սահմանի այս ու այն կողմում չեն լինելու։ Ի՞նչ է սա նշանակում։ Հնարավո՞ր է այս պարագայում Արծվաշենը մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանաշենը՝ Հայաստանի Հանրապետությանը։
Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար։ Հարգելի՛ գործընկեր, բնավ չեմ խուսափում պատասխանից, բայց գիտեք, որ մի քանի րոպե անց սկսվելու է կառավարության նիստը։ Գուցե այս ժամանակն օգտագործենք Հայաստան–Շվեյցարիա հարցերի համար: Բայց որ հետո չասեք, թե ես խուսափեցի հարցից. այո, տարբեր հնարավորություններ կան, որոնք քննարկվում են և խորությամբ կքննարկվեն Ադրբեջանի հետ։ Երկու երկրների ներկայացուցիչների կողմից էլ այս հարցին կա կառուցողական մոտեցում։ Չեմ ուզում կանխորոշել որևէ պայմանավորվածություն, բայց կարող եմ ասել, որ եթե Հայաստանի ճանաչված 29743 կմ²-ից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, այսինքն՝ տարածքի փոփոխություն պիտի լինի, գիտեք, սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի։ Սրանից հնարավոր չէ խուսափել։
Ձեր ասածը, այո, լուծումներից մեկն է։ Անկլավները, որոնք երկրներն ունեցել են, կարող են մեկը մնալ մեկին, մյուսը՝ մյուսին, կարող են փոխանակվել, տեսականորեն կարող են լինել այլ տարբերակներ, օրինակ՝ համարժեք տարածքներ իրար տրամադրվեն սահմանի մոտ։ Սրանք տեսական բաներ են։ Կարող եմ ասել, որ իրենց կողմից ևս կա կառուցողական մոտեցում այս հարցի նկատմամբ։ Ինչ արդյունք էլ լինի, կներկայացվի ձեզ և ձեր քվեարկությանը։
Աստղիկ Բեդևյան («Ազատություն»). Պարո՛ն նախարար, ես Թուրքիայի հետ հարաբերությունների մասին եմ ուզում հարցնել, ներողություն եմ խնդրում։ Ձեր վերջին հայտարարությունում նշեցիք՝ «Ուզում եմ՝ իմանաք, որ Թուրքիայի հետ սահմանը մի օր կարող ենք բաց կտեսնել»․ ի՞նչ նախադրյալներ ունի Ձեր այդ լավատեսությունը, արդյո՞ք կան ոչ հրապարակային բանակցություններ, որոնք այդքան լավատեսություն են ներշնչել։ Եվ, ի դեպ, ուզում եմ հարցնել, թե հայկական կողմից նոր բանագնացն ով է լինելու․ կարո՞ղ եք անուն հնչեցնել։ Շնորհակա՛լ եմ։
Արարատ Միրզոյան. Հարգելի՛ տիկին Բեդևյան, ես Ձեր և բոլոր գործընկերների հարցերն այսպես եմ ընկալում՝ Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների մասին ամեն ինչ այնքան հայտնի է և այնքան լավատեսություն կա, որ հավելյալ ճշգրտումների կարիք չկա։ ԵԱՀԿ-ի մասով՝ նույնպես․ սա արձանագրենք, անցնենք առաջ։ Պարո՛ն Կասիս, ներողություն եմ խնդրում Ձեր ժամանակը չարաշահելու համար, բայց այսպիսի դժվար կյանքով են ապրում քաղաքական գործիչները Հայաստանում։ Հուսով եմ՝ Շվեյցարիայում ամեն ինչ ավելի պայծառ է։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և բանակցություններին, բանակցություններն անընդհատ են աշխարհի բոլոր երկրների հետ: Ընդհանրապես սա վերաբերելի է ոչ միայն Հայաստանին․ երկրներն իրար հետ բանակցում են։ Որպես կանոն, քանի դեռ այդ բանակցությունները վերջնական պայմանավորվածություն չեն, արդյունքը հանրային չի լինում, հանրային չեն՝ թեկուզ դրանցից առանձին կտորներ հանրությանը ներկայացվում են։ Հայաստան-Թուրքիա բանակցությունները, երկխոսությունը ևս բացառություն չեն․ մենք համարյա ամենօրյա կոնտակտի մեջ ենք Թուրքիայի գործընկերների հետ, և զարգացումներն էլ ձեր աչքի առջև են։
Գիտեք, որ ամենավերջին բանն այն էր, որ Թուրքիայում որոշեցին վերացնել Հայաստան արտահանման արգելքը, և մենք դա ողջունեցինք։ Այսինքն՝ տեխնիկապես եթե բիզնեսմենն ինչ-որ բան պետք է Թուրքիայից արտահաներ Հայաստան, ծրագրի մեջ չկար «Հայաստան» բառը․ հիմա դա բացվել է։ Գիտեք, որ մենք միասին Անիի կամուրջն ենք վերանորոգում, գիտեք, որ Գյումրի-Կարս երկաթուղու աշխատանքային խումբ ունենք, որը պարբերաբար հանդիպում է։ Կոչ եմ անում Ձեզ, տիկի՛ն Բեդևյան, խնդրել Ձեր օպերատորին վերցնել տեսախցիկը, գնալ, օրինակ՝ Ախուրիկ, և նկարահանել, թե ինչպիսի շինարարություն է ընթանում թուրքական կողմում Գյումրի-Կարս երկաթուղու վերակառուցման ծիրում։ Սահմանը, որը փակ էր, բացվեց, երբ Հայաստանից գործարարներ գնացին Կարս, տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա գործարար համաժողով, որը, ի դեպ, մեծ ոգևորությամբ ընդունվեց երկու կողմում էլ։ Այնպես որ հիմա անհրաժեշտություն առաջացավ շարունակելու․ կլինի Հայաստան-Թուրքիա գործարար համաժողով՝ գուցե ավելի ընդլայնված, քան նախորդը, արդեն Հայաստանում։ Հուսով եմ՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և դրանով կանցնեն հայ գործարարները: Ահա այսպիսի հետաքրքիր զարգացումներ Հայաստան աշխարհում։
Աստղիկ Բեդևյան։ Այդ զարգացումնե՞րն են Ձեզ ներշնչել այդ լավատեսությունը։
Արարատ Միրզոյան։ Վերջնական նպատակը, տիկի՛ն Բեդևյան, իհարկե դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատումն է (չնայած, ինչպես նշեցի, մենք արդեն ունենք դե ֆակտո ուղիղ հարաբերություններ) և սահմանի ամբողջական բացումը, որն այս պահին չկա: Ուզում էի ասել, որ գործընթացն այնքան հասունացած է, որ արդեն շատ բնական կլինի ցանկացած օր ունենալ վերջնական և ամբողջական կարգավորում։
Աստղիկ Բեդևյան։ Նոր բանագնացի անունը կհնչեցնե՞ք։
Արարատ Միրզոյան։ Նոր բանագնացի անունը որ լինի, կհնչեցնենք։ Անկեղծ ասած, (մի քիչ ոչ օրթոդոքս բան կասեմ. որպես պաշտոնական հայտարարություն սա մի ընդունեք)՝ դեռ հարց է՝ նոր բանագնացի կարիք կա, թե ոչ, որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը տեղի ունենա ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը։
Շնորհակալությո՛ւն, և հաջող օր բոլորիդ։