Ներկայացվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
14 հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 14-ին «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում Առաջնորդների գագաթնաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հավատարմագրված հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների համար ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության կողմից կազմակերպվել է ճեպազրույց՝ նվիրված COP17-ի շրջանակներում ԱԳՄԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին և համաժողովի արտաքին քաղաքական բաղադրիչներին:
Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներում նախարարության ներգրավվածությունը, համաժողովի բանակցային օրակարգը, Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, ինչպես նաև դրանց արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից իրականացված աշխատանքները։
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ COP17-ի հյուրընկալումը կարևոր հնարավորություն է Հայաստանի համար՝ ամրապնդելու իր դերակատարությունը բազմակողմ դիվանագիտության շրջանակներում և իր տեսանելի նպաստը բերելու կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղմանը։
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Երևանում կանցկացվի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին վերանայումը։ Այս համատեքստում կարևորվել են ստանձնած հանձնառությունների կատարման գնահատումը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման, գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև մինչև 2030 թվականը սահմանված թիրախների իրականացման ուղղությամբ հետագա քայլերի նախանշումը։
ՀՀ ԱԳՄԱ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հաղորդակցության պատասխանատու Լիս Բերնհարդը ներկայացրել են Առաջնորդների գագաթնաժողովի և համաժողովի լուսաբանման աշխատանքների կազմակերպման ձևաչափն ու գործնական մանրամասները։
Լրագրողների հետ հարցուպատասխանին մասնակցել են COP17-ի ՀՀ նախագահության հատուկ բանագնաց Մհեր Մարգարյանը, ՀՀ ԱԳՄԱ նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը, նույն վարչության խորհրդական Դավիթ Մանուկյանը:
Ներկայացվել են նաև Հայաստանի նախագահության նախաձեռնությունները, ինչպես նաև համաժողովի շրջանակներում նախատեսված հարակից միջոցառումները՝ կենսաբազմազանության շրջանակներում գիտության, ֆինանսների, տեխնոլոգիաների, բնության և մշակույթի ոլորտներին։ Ընդգծվել է կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությունը կենսաբազմազանության պահպանմանն առնչվող հարցերին: Մանրամասն անդրադարձ է կատարվել համաժողովի բանակցային օրակարգի ուղղություններին, որոնք միտված են ապահովելու COP17-ի շրջանակներում 30-ից ավել որոշումների և ընդունմանը:
Անդրադարձ է կատարվել նաև COP17-ին բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցությանը. համաժողովը նաև հնարավորություն է ընձեռում առավել տեսանելի դարձնելու մարդու և բնության ներդաշնակ համակեցության նշանակությունը։
Ամփոփելով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու արդյունավետ, թափանցիկ և ներառական նախագահություն, նպաստելու փոխադարձ վստահության ամրապնդմանը, բանակցային դիրքորոշումների մերձեցմանը և բովանդակային, հավասարակշռված ու իրագործելի արդյունքների ձեռքբերմանը։