ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

19 մայիսի, 2026

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, 

Շնորհակալ եմ, որ նախընտրական թոհուբոհի մեջ ժամանակ եք գտել: Այսօր մեզ համար կարևոր իրադարձություն է. պատիվ ունեմ հյուրընկալելու Լիտվայի արտաքին գործերի նախարար, իմ լավ գործընկեր և բարեկամ Կեստուտիս Բուդրիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Պարո՛ն նախարար, մենք հաճախ տարբեր հարթակներում առիթներ ունենում ենք շփվելու, բայց, իհարկե, երկկողմ այցերը և մեր մայրաքաղաքներում հանդիպելն ու հանգամանալից քննարկումներ ունենալն առանձնահատուկ հնարավորություն են առաջ մղելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը:

Պետք է ասել, հարգելի՛ գործընկերներ, որ այս այցը տեղի է ունենում բավականին սիմվոլիկ ժամանակահատվածում՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակում: Եվ հենց այս ժամկետում էլ մենք, ունենալով բոլոր նախկին զարգացումներն ու համագործակցությունը, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը. Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են: Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային փոխգործակցությանը:

Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկելու մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, և որտեղ մենք նույնպես ունենք որոշակի փորձ ու գիտելիքներ, և կկարողանանք օգտակար լինել միմյանց:

Իհարկե, մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնում նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում և միջազգային հարթակներում: Մենք երախտապարտ ենք մեր լիտվացի գործընկերներին նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման հարցում ցուցաբերած մեծ աջակցության համար:

Մեզ համար շատ կարևոր ու հետաքրքիր է նաև Հայաստան-Նորդիկ-բալթյան երկրների համագործակցության ձևաչափը. այստեղ ևս վայելում ենք Լիտվայի լիակատար աջակցությունը:

Ընդհանուր համագործակցության լավագույն և ամենաթարմ դրսևորումներից մեկն այն է, որ մենք վերջերս Երևանում հյուրընկալեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, և դրան զուգահեռ անմիջապես տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը:

Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախևառաջ ընդհանուր արժեքների՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների վրա: Սա, իհարկե, ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ իրողությունը, որ նույն այս արժեքները, որոնք ես քիչ առաջ նշեցի, մեր օրերում թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից և գտնվում են հիբրիդային սպառնալիքների ներքո: Ուզում եմ ասել, որ սա ևս մի ոլորտ է, որտեղ մենք և Լիտվան սերտորեն համագործակցում ենք՝ այս մարտահրավերները հասցեագրելու համար:

Հարգելի՛ գործընկերներ, իհարկե, մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի, ինչպես նաև առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներկայացրել եմ ԹՐԻՓՓ նախագիծը և դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը: Այստեղ ևս մինչ այսօր, և վստահ եմ՝ ապագայում նույնպես, տեսել ենք և կշարունակենք տեսնել միայն Լիտվայի ողջունելն ու աջակցության պատրաստակամությունը:

Սա շատ համառոտ ամփոփումն էր այն ամենի, ինչ քննարկել ենք և ինչ ունենք մեր օրակարգում: Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, և շատ ուրախ էի ընդունել ձեզ Հայաստանում, սիրելի՛ բարեկամ:

Հարցուպատասխան 

Հարց. Մայիսի սկզբին տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովը: Կխնդրեի նախ գնահատել, թե դա ի՞նչ տվեց Հայաստանին, որքանո՞վ ընկալելի դարձան Հայաստանի մոտեցումները Եվրոպական Միության ու միջազգային հանրության համար և ի՞նչ ռիսկեր ավելի հստակ դարձրեց՝ նկատի ունենալով Ռուսաստանից հնչող հայտարարությունները գագաթնաժողովից հետո, մասնավորապես՝ Պուտինի կողմնորոշվելու մասին հորդորը և անգամ «քաղաքակիրթ ապահարզանի» մասին հուշումը:

Արարատ Միրզոյան. Կարծում եմ, որ Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովը, որը, կրկին ուզում եմ ընդգծել, երբևէ տեղի ունեցած առաջին այս ձևաչափի հանդիպումն էր, բավականին արդյունավետ էր։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է բավականին ծավալուն՝ եթե հիշողությունս չի դավաճանում, 35 կետանոց համատեղ փաստաթուղթ, որտեղ, կարող եք պատկերացնել, նշվում են տարբեր ոլորտներ, որոնցում համագործակցությունը հաստատված է, կամ կողմերը մատնանշում են խորանալու մտադրություն ու կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է համատեղ իրականացվեն։

Կարող եմ ասել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, և հուսով եմ ու վստահ եմ՝ վաղը ևս Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ ինտեգրացիայի գործընթացին։

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե որքանով ավելի ընկալելի դարձան Հայաստանի մոտեցումները, պետք է ասեմ, որ նախկինում ևս մենք միշտ բավական դինամիկ կերպով ներկայացրել ենք տարբեր հարցերում Հայաստանի մոտեցումները մեր գործընկերներին՝ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ անդամ երկրների մակարդակով, և այս գագաթնաժողովը նույնպես այս առումով բացառություն չէր։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը և Եվրոպական միությունն օրեցօր ավելի ու ավելի են մոտենում միմյանց։ Դրա համար կան բոլոր հնարավորությունները, և դրա թիվ մեկ նախադրյալը, ըստ էության, Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնություններն են, որոնք արտահայտվեցին, օրինակ, անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որն ի վերջո վերածվեց Ազգային ժողովում ընդունված օրենքի։

Երբ հարցնում եք այլ գործընկերների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի գործընկերների կողմից այդ և նմանատիպ առիթներով հնչող գնահատականների մասին, և նշեցիք նաև «քաղաքակիրթ ապահարզանը»՝ մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ գործընկերոջ կամ «ապահարզան» ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունն այդպիսի «ապահարզաններ», կարծեմ թե, պատմության ընթացքում առանձնապես չեն ճանաչում։

Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ թելերով, և տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում զարգացնելու այդ փոխշահավետ հարաբերությունները։

Խնդիրներ անշուշտ կան, տեսնում ենք, բայց կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհում բոլոր հնարավոր հարաբերություններում, և միշտ էլ այդպես է եղել: Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկմամբ լուծումներ գտնել: Ի վերջո, բոլոր կողմերը, ես սա ասում եմ նաև տեսականորեն՝ բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի՝ այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին:

Մենք շատ լավ հասկանում ենք, և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը և Եվրոպական միությանն անդամակցությունն անհամատեղելի են. հնարավոր չէ մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ և դառնանք Եվրոպական միության անդամ:

Եվ ահա, մեր մոտարկումը Եվրոպական միության հետ շարունակելու ենք, ու երբ կգա, կհասունանա այն պահը, որ պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք՝ լինել այս խմբի, թե այն խմբի երկրների ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք: Այստեղ որևէ նորություն չկա, և կրկին՝ մեզ դրսից չէ, որ պետք է այս մասին ասեն: Մնացած առումներով մենք բոլոր ուղղություններով հակված ենք դրական, առողջ, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության շարունակմանը:

Տպել էջը