ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ մամուլի ասուլիսին

02 դեկտեմբերի, 2025

Հարգելի՛ գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Կցանկանայի շնորհակալություն հայտնել բարձր ներկայացուցիչ Կալասին և հանձնակատար Կոսին՝ Բրյուսելում մեզ հյուրընկալելու և այս արդյունավետ հանդիպման գերազանց կազմակերպման համար։

Տիկի՛ն բարձր ներկայացուցիչ, տիկի՛ն հանձնակատար,

Հետադարձ հայացք գցելով այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից ի վեր անցած ժամանակահատվածին՝ կցանկանայի ընդգծել, որ այն նշանակալի ժամանակաշրջան էր մեր գործընկերության համար՝ առանցքային զարգացումներով։

Մինչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ծառայում է որպես Հայաստան-ԵՄ գործընկերության ամուր իրավական հիմք, մենք մեր հարաբերությունները զարգացրել ենք ՀԸԳՀ սահմաններից անդին՝ հարստացնելով դրանք նոր ուղղություններով։

Հատկանշական է, որ մեր հարաբերությունների զարգացման բնական տեմպը և ձեռք բերվող նոր կարևոր արդյունքները երբեմն գերազանցում են դրանք ձևակերպելու և մեր ավելի լայն օրակարգում ներառելու մեր հնարավորությունը։

Այս գործընթացի ընթացքում մենք գնահատում ենք ԵՄ-ի ցուցաբերած  պատրաստակամությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը՝ ներառյալ այնպիսի  գործիքներով, որոնք նախատեսված են ԵՄ թեկնածու երկրների համար։ Սա արտացոլում է փոխադարձ քաղաքական հանձնառությունն ու հետաքրքրությունն, ինչպես նաև Հայաստանի հավակնությունները, ձգտումները և ցուցանիշները՝ մեր ընդհանուր առաջնահերթությունների հարցում։

Այսպիսով, ուզում եմ անդրադառնալ համատեղ ամենաշոշափելի արդյունքների մի քանի ասպեկտների։

  • Առաջին. մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ապահովելու նպատակով մենք համատեղ մեկնարկել ենք Վիզաների ազատականացման երկխոսությունը և տեսնում ենք առաջընթաց՝ ներառյալ Գործողությունների ծրագրի միջոցով։ Չափորոշիչների կյանքի կոչումից հետո մենք կապահովենք  կապահովենք բարելավված շարժունակություն։ Հավատարիմ լինելով բարեփոխումներին՝ մենք ապավինում ենք ԵՄ-ի և անդամ պետությունների աջակցությանն այս ճանապարհին, որը տանում է դեպի վիզային ռեժիմի վերջնական ազատականացում։
  • Երկրորդ՝ պաշտպանական և անվտանգության ոլորտներում ընդլայնված համագործակցություն. Հայաստանը ստացավ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության առաջին փաթեթը, նոր համագործակցության հորիզոններ բացելու նպատակով՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի Հայաստան այցի ընթացքում մենք մեկնարկեցինք Անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունները, մենք ստորագրեցինք, և արդեն այսօր հայտարարել ենք նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման մասին։ Իհարկե, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեությունը ևս մեր համագործակցության կարևոր հիմնասյուներից մեկն է։
  • Երրորդ՝ տնտեսություն և բարեփոխումներ. «Կայունություն և աճ» ծրագիրն առանցքային նշանակություն ունի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ոլորտային համագործակցությունն ընդլայնելու և հիմնական ռազմավարական ոլորտներում ներդրումների ծավալն ավելացնելու համար։ Մենք վստահ ենք, որ մեր շարունակական գործընկերությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նոր նախաձեռնությունների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման միջոցով։
  • Չորրորդ՝ փոխկապակցվածություն. արդեն իսկ լայնորեն  ընդունված է, որ Հայաստանի՝ տարածաշրջանային կապուղիների ընդլայնման տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ոչ միայն լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ին և Սևծովյան ռազմավարությանը, այլև կարևոր օղակ է համապատասխան կապուղիների շղթայում։ Այդպիսով, մենք այսօր քննարկել ենք ինչպես կոնկրետ նախագծեր, այնպես էլ տարածաշրջանային ենթակառուցվածքների ավելի լայն ապաշրջափակման հեռանկարները, որոնք, ինչպես տարվա սկզբին ընդգծել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, կարող են փոխել խաղի կանոնները: Այլ նախաձեռնությունների թվում մենք անդրադարձանք «Թրամփի ուղի» նախագծի իրագործման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքներին: Այստեղ պետք է ընդգծեմ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովի համաձայնությունները ստեղծել են աննախադեպ հնարավորություններ և թափ։ Հետագա հնարավոր քայլերը, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի առաջ  մղումը, կարող են էապես փոխակերպել ամբողջ տարածաշրջանի տնտեսական և քաղաքական ճարտարապետությունը։

Հարգելի՛ գործընկերներ, 

Այս ամենը հիմք է նախապատրաստել այն արդյունքի համար, որին հասանք այսօր. մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Եվ սա բացարձակապես մեր հավակնությունների վերջը չէ. ինչպես տեղյակ եք, Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

Այսօրվա հանդիպման ուղերձը հստակ է. Հայաստան–ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝  մեր քաղաքացիների համար  կոնկրետ նշանակալի արդյունքներ ապահովելու ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ։ Առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում՝ անմիջապես  Եվրոպական քաղաքական համայնքի  8-րդ գագաթնաժողովից հետո, կդառնա ևս մեկ բացառիկ առիթ այդ ճանապարհին, ուստի անհամբեր սպասում ենք ձեզ Երևանում։

Շնորհակալություն։

 
Տպել էջը