ՀՀ ԱԳ նախարարի ճեպազրույցը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերից հետո

27 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Միրզոյանը պատասխանել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին Երևանում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու հրավերի մասին լրագրողի հարցին.

Արարատ Միրզոյան: Այո՛: Մենք հրավերներ ենք ներկայացրել, փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մակարդակով մասնակցելու: 

Լրագրող: Ալիևի՞ն և Էրդողանի՞ն:

Արարատ Միրզոյան: Այո՛:

Լրագրող: Իսկ բանավոր քննարկումներ կա՞ն, ինչպիսի՞ տրամադրություններ կան: 

Արարատ Միրզոյան: Այս ամենը դեռ շատ թարմ է և առիթ էլ չի եղել այս մասին դետալներ քննարկելու:

Լրագրող: Ինչպե՞ս դա կընկալվի հասարակության կողմից: 

Արարատ Միրզոյան: Կարևոր հարց եք բարձրացնում և՛ լեգիտիմ, և՛ օբյեկտիվ: Ես այսօր ամբողջ օրը երկու հանձնաժողովներում այդ մասին հնարավորություն ունեցա խոսելու: Եղել է հակամարտություն, հեղվել է արյուն, մեր շատերի սիրելիների, ամեն մեկն առնվազն գոնե մեկ ազգական կամ բակից ինչ-որ մեկին, ինչ-որ մի ընտանիք գիտի, որտեղ եղել է զոհ, իրենց կողմից էլ են եղել զոհեր: Մեր սերունդը մեծացել, կայացել է մի նարատիվի պայմաններում, որտեղ այդ մարդիկ ընկալվել են որպես թշնամիներ։ Այսինքն՝ ընկալվելը որն է, իրական թշնամություն է եղել մեր մեջ։ 

Հիմա հաշտեցման գործընթաց կա. խաղաղություն չի հաստատվում բարեկամների միջև, ընկերների միջև, խաղաղություն հաստատվում է մինչև այդ վայրկյանը թշնամանք ունեցող հասարակությունների միջև: Հաշտեցումը հաստատվում է գժտվածների, թշնամություն ունեցողների միջև: Մենք այստեղ բացառություն չենք՝ աշխարհի շատ պետություններ, ժողովուրդներ այդ ճանապարհով անցել են։ Մենք արդեն իսկ նշանակալի քայլեր արել ենք այդ ուղղությամբ. երկու երկրների ղեկավարները միանշանակ կերպով, մի քանի առիթով ասել են՝ խաղաղություն է հաստատված: Իհարկե, բոլոր հարցերը լուծված չեն, շատ հարցեր կան լուծելու, և հիմնականում հոգեբանական, փոխվստահության ամրապնդման առումով։ Հիմա պետք է այդ ուղղությամբ քայլեր անենք։ 

Ինչո՞ւ ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երևան, երբ արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցն Անկարա: Այն ժամանակ էլ էին դժվար պատկերացնում։ Այսօր չեք պատկերացնում, բայց համաձայնեք, որ 1-1,5 ամիս հետո լրիվ այլ իրավիճակ կարող է լինել։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ հարթ է և իհարկե նույն կերպ այսօր դժվար է պատկերացնել վարչապետ Փաշինյանի այցը Բաքու: Շատ դժվար է, ոնց կարելի է սա ժխտել, բայց ժամանակ է ընթանալու և մեկ ամիս, մեկ տարի, տաս տարի հետո չգիտենք բոլոր հարցերն ինչ տեմպով կհաղթահարվեն, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով: Մեկ օր, հենց սա եմ ես փորձում ասել, ոչ թե ասում եմ, որ հենց այսօր մենք պատրաստ ենք տեսնել նախահահ Ալիևին Երևանում և հակառակը՝ վարչապետ Փաշինյանի Բաքվում, այլ ասում եմ մեկ օր այս իրավիճակը լինելու է: Ի՞նչ կարող ենք այսօր ասել այն է, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով:

Ավելին՝ տեսանյութում:

Տպել էջը