Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

14 հոկտեմբերի, 2025

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: 

Այսօր պատիվ ունեմ հյուրընկալել ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, իմ շատ սիրելի բարեկամ Էլինա Վալտոնենին։ 

Նախ ուզում եմ միանգամից ասել, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան տեղի է ունենում միանգամայն նոր հանգամանքներում, մեր տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում։ Նախ և առաջ նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը` օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթաժողովը և ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնությունները։ Մեր գործընկերներին ներկայացրել եմ մանրամասները, այդ թվում և պայմանագրի նախաստորագրումը և սկզբունքները, որոնք ամրագրված են Հռչակագրում, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ 

Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված էր նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, և այժմ, երբ այդ խաղաղությունը հաստատված է, մենք, ի թիվս այլ պայմանավորվածությունների, նաև ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի, Մինսկի կառույցների լուծարմանը։ Այս նոր իրողությունները նոր են նաև Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության կամ ԵԱՀԿ-ում Հայաստանի մասնակցության տեսանկյունից ևս, և այստեղ մենք պետք է, որպես նոր իրողություններում գտնվող պետություն, մեզ համար բացահայտենք համագործակցության և մասնակցության նոր հորիզոններ, նոր հարթություններ, նոր շրջանակ

Մենք մեծապես հետաքրքրված ենք տնտեսական և շրջակա միջավայրին առնչվող հարցերում համագործակցության հնարավորություններով։ Երկրորդ, մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակն այս և հաջորդ նախագահությունների ժամանակ կնպաստի հետագա խաղաղության ամրապնդմանը, և սա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլև ԵԱՀԿ ամբողջ գոտուն։ Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հարթությանը, և ես ուզում եմ մեջբերում անել հենց մեր ստորագրած Վաշինգտոնյան հռչակագրից. «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտություններից հետո վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար» ստեղծված հնարավորությունների և այս ուղղությամբ ջանքերի իրագործում: 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է տեսնել ուժեղ և արդյունավետ ԵԱՀԿ, արդյունավետ կազմակերպություն` բոլոր երեք չափումներով: 

Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում ԵԱՀԿ-ն կարիք ունի մասնակից պետությունների ամուր հանձնառության, այդ պատմական փաստաթղթի, ես նկատի ունեմ Հելսինկյան եզրափակիչ ակտը, ոգուն և սկզբունքներին մասնակից երկրների կողմից անսասան հավատարմության՝ այդ կերպ ամրապնդելու կազմակերպության արդյունավետությունն ու դիմակայությունը, որպեսզի այն իր առաջնային մանդատին համապատասխան կարողանա նպաստել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում անվտանգությանն ու կայունությանը, հակամարտությունների կարգավորմանը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները կանխելուն, խախտված իրավունքների վերականգնման ջանքերին: Մենք մշտապես հանդես ենք եկել ԵԱՀԿ ողջ պատասխանատվության տարածքում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների լիարժեք կիրառման օգտին, և այսուհետ ևս մեր ջանքերն ուղղված կլինեն սրան։ 

Նաև, իհարկե, հարգելի՛ գործընկերներ, չենք շրջանցել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունները։ Մենք նախարար Վալտոնենի հետ գոհունակությամբ արձանագրել ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել։ 2024 թվականի հուլիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում և այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի միջև։ Ջերմությամբ հիշում եմ իմ այցը Հելսինկի անցած տարի: Ես նորից վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ, տիկին նախարար, այցելել մեզ Ֆինլանդիայի նախարարի դերում՝ երկկողմ այցով։ Մենք շատ բարձր ենք գնահատում այն ինստիտուցիոնալ աջակցությունը, որը Ֆինլանդիան ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, դիմակայունության ավելացմանը։ Սրա դրսևորումն է, իհարկե, Ֆինլանդիայի մասնակցությունը «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությանը: Բայց, իհարկե, սրանով Ֆինլանդիայի մասնակցությունը չի սահմանափակվում. մենք ունենք համագործակցության շատ լայն շրջանակ, և պատրաստակամությունը, որը տեսնում ենք պաշտոնական Հելսինկիից, մշտապես մեզ ոգևորում է։

Իհարկե, մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստան-Նորդիկ-բալթյան (NB8) երկրների ձևաչափը և այս ձևաչափում համագործակցությունը։ Մենք վստահ ենք, որ և՛ սովորելու շատ բան ունենք, և՛ քաղելու բան ունենք այս ձևաչափից։ Նորդիկ-բալթյան երկրները հայտնի են իրենց կայացած ժողովրդավարություններով և, իհարկե, հույս ունենք նաև մեր ներդրումը կունենանք, որը գուցե կարևոր կլինի նաև մեր Նորդիկ-բալթյան գործընկերների համար։ 

Չենք շրջանցել Հայաստան-Եվրոպական միություն թեմատիկան, նշել ենք այն ուղղությունները, որոնցով մենք հիմա, հենց այս պահին էականորեն խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ քաղաքական մակարդակում և մնացած բոլոր մակարդակներում։ Ընդհանուր առմամբ, եվրոպական ինտեգրման համատեքստում մենք և՛ անելիքներ ենք մշակում, և՛ նաև ոգևորությամբ սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթաժողովին, որը տեղի կունենա մյուս տարվա մայիսին Երևանում: 

Ուզում եմ եզրափակեմ խոսքս՝ կրկին Ձեզ շնորհակալություն հայտնելով Ձեր այցի համար, տիկին նախարար, և այն շատ հանգամանալից և բովանդակային խոսակցության համար, որն ունեցանք:

Հարցուպատասխան

Աննա Նազարյան (Հանրային ռադիո). Հարցս ուղղված է նախարար Արարատ Միրզոյանին է։ Դուք նշում եք, որ բոլոր հանդիպումների ընթացքում և միջազգային հարթակներում բարձրացնում եք գերիների հարցը և փորձում եք լուծում գտնել։ Վերջին շրջանում բավականին ակտիվ էիք միջազգային հարթակներում, հանդիպումներում, ի՞նչ նորություններ կարող եք ասել և այլ երկրների միջոցով որքանո՞վ է հավանական տեղեկություններ ստանալ գերիների մասին։

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում, էական մի քանի հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությունների պայմաններում, այդուհանդերձ, մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն և հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն, ըստ էության, այս պահի դրությամբ, և հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես և միշտ, այս պահին ևս ես ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Համենայն դեպս, մենք չենք դադարեցնում մեր ջանքերը և բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած այդ Խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ 

Երրորդ երկրների մասնակցությունը, հատկապես պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում, իհարկե, կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում։ Գիտեք, որ մեր աշխատանքներն այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, և այժմ այդ հարցը ևս շատ արդիական է, և այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Առհասարակ այս թեմայի համատեքստում մեր աշխատանքները չեն բացառում, անշուշտ, և հարցը մշտապես առկա է երրորդ երկրների հետ մեր շփումների ընթացքում, բայց առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են, այնուամենայնիվ: Կարծում եմ, սա էլ կարևոր հանգամանք է։

 

Նարեկ Կիրակոսյան (Factor TV). Շնորհակալություն: Մեկ հարց ԵԱՀԿ նախագահին և մեկ հարց էլ Հայաստանի ԱԳ նախարարին։ Դուք ժամկետներ նշեցիք Մինսկի խմբի լուծարման հետ կապված. եթե չեմ սխալվում, ասացիք` ոչ ուշ, քան դեկտեմբերը: Իսկ եթե չի լինում արդեն Մինսկի խումբը, այս դեպքում ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն պատկերացնում խնդրի կարգավորումը՝ մասնավորապես արցախահայերի իրենց տներ վերադարձի և ընդհանրապես իրենց միջազգային իրավունքի վերականգնման հետ կապված։ Կա արդյո՞ք տարբերակ, և ընդհանրապես ԵԱՀԿ-ի հետագա գործունեությունը տարածաշրջանում Մինսկի խմբի լուծարումից հետո ո՞րն է լինելու: 

Պարո՛ն Միրզոյան, լեհական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել էիք, որ «ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշում», հոգնակիով էիք նշել, այսինքն` մի քանի նախապայմաններ։ Հայտնի է, որ մեկը՝ Սահմանադրության փոփոխությունն է, մյուսը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն էր։ Մինսկի խմբի հետ կապված արդեն հստակություն կա։ Մյուս նախապայմանները Սահմանադրությունից զատ որո՞նք են։

Արարատ Միրզոյան. Հավելելով նաև տիկին նախարարին՝ կուզեի ավելացնել կամ կրկին հիշեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության  քաղաքականությունն այս հարցում. մենք կարծում ենք և մենք լրջագույն ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ամբողջապես ինտեգրվել և իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել Հայաստանի Հանրապետությունում և ինտեգրվել Հայաստանի Հանրապետության հասարակությանը։ 

Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցին, որը հենց ինձ էր ուղղված, իհարկե, այդ  նախապայմանները Դուք ինքներդ թվարկեցիք, պայմանագրի վերջնական ստորագրման համար առաջ քաշվող նախապայմանները՝ Մինսկի կառույցներն էին և նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սա երկար ժամանակ բարձրաձայնվել է և՛ Ադրբեջանի կողմից, և՛ մեր կողմից, այսինքն՝ խոսել ենք, որ այդպիսի նախապայմաններ կան։ Ինչպես իրավացիորեն նկատեցիք, հարցի մի մասը` Մինսկի խմբին վերաբերող խնդիրը, ըստ էության, լուծված է։ Քաղաքական որոշումը կա, և՛ բյուջեի, և՛ մնացած ավելի տեխնիկական բնույթի հարցերով վերջնական որոշումները կլինեն մինչև դեկտեմբեր։ 

Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա, այդպիսի  հարց, որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի մեր քննարկումներում. և՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության, և՛ նոր Սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար, այսքան հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել։ Բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն` փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Կրկին, դա միայն և միայն մեր քաղաքացիների որոշելիքն է, և մեր ներքին, ներքաղաքական, ներհանրային օրակարգի մաս։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է ասել, կապել, դիտարկել որպես պայման՝ եզակի թվով, որպեսզի հստակ լինի, նորից թյուրըմբռման տեղիք չտա։ Կա այդ նախապայմանը, Ադրբեջանը շարունակում է դնել այդ պայմանը Պայմանագրի ստորագրման համար։ Մենք այս կապվածությունը, այս նախապայմանը չենք ընդունում։ Արդեն ասացի։ 

 

Դավիթ Մամյան («Արմենպրես»). Բարև Ձեզ։ Պարո՛ն Միրզոյան, Դուք նշեցիք, որ Եգիպտոսում հանդիպում եք ունեցել ադրբեջանցի գործընկերների կամ գործընկերոջ հետ և նաև ընդգծեցիք, թե ինչ թեմաներից եք զրուցել: Հավելյալ ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել այդ հանդիպումից: Նաև հաշվի առնելով Վաշինգտոնում դեռևս օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, մասնավորապես` տարածաշրջանի ապաշրջափակման հետ կապված՝ ի՞նչ փուլում է գտնվում այս պահին այդ ծրագրի կամ TRIPP-ի իրագործումը և ի՞նչ ակնկալիքներ ու զարգացումներ կարող ենք ունենալ մոտ ապագայում դրա շուրջ։ 

Հաջորդ հարցս տիկին Վալթոնենին։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-Նորդիկ-բալթյան ձևաչափով փոխգործակցության ապագան, և ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են զարգանալ և առաջ մղվել այս գործընկերության շրջանակներում։ Շնորհակալ եմ:

Արարատ Միրզոյան. Իսկապե՛ս, ինչպես Դուք ինքներդ նկատեցիք, և ես արդեն նշեցի, երեկ եղել են այդպիսի շփումներ ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, այլ նաև տարբեր արտաքին գործերի նախարարների և պաշտոնյաների հետ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, մեծ հաշվով, հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել կարգավորման գործընթացի գրեթե ամբողջ ծավալի վերաբերյալ: Իհարկե, ոչ այն խորությամբ, ինչպես դա հնարավոր է անել առանձին՝ երկկողմ հանդիպման  ժամանակ, բայց կենտրոնացել ենք հատկապես հումանիտար հարցերի շուրջ։ 

Ինչ վերաբերում է փոխկապակցվածությանը, ես մեկ անգամ ևս ուզում եմ հիմա առիթն օգտագործել և նշել, որ պայմանավորվածությունը հետևյալն է` Հայաստանը և Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցության բոլոր  ենթակառուցվածքները։ Երկաթուղու այն հատվածը, որն անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIPP ուղի, այսինքն` Trump Route for International Peace and Prosperity: Ասինքն, այն ունի իր հստակ անվանումը և սկզբունքներն ինչպես ամբողջ ապաշրջափակման, այնպես էլ այս հատվածի դեպքում, և այդ սկզբունքների ներքո և դրանց շրջանակում տեղի կունենա ապաշրջափակումը: 

Այդ սկզբունքները քաջ հայտնի են, բայց ուզում եմ մեկ անգամ ևս թվարկել՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ինքնիշխանություն, երկրների իրավազորություն այդ ենթակառուցվածքների նկատմամբ և իհարկե, փոխադարձություն։ Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ սա վերաբերում է ամբողջական ապաշրջափակմանը, և նշված հատվածին: Ես սա ընդգծում եմ, որովհետև տեսնում եմ, որ մեդիա տիրույթում շահարկումներն այս մասով դեռ շարունակվում են, որոշ շրջանակների կողմից գուցե միտումնավոր։ 

Հիմա հայաստանյան երկաթուղու հատվածը՝ TRIPP ուղին, պետք է դեռ շարունակվի, և դրա պայմանները, տեխնիկական լուծումները դեռ պետք է հստակեցվեն Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Մենք և Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգոստոսի 8-ից հետո արդեն ջանքեր ենք գործադրել այս ուղղությամբ, և դա էլ մեր, հենց բառի բուն իմաստով, ամենօրյա  աշխատանքն է։ Երբ որ մենք կունենանք վերջնական և ամբողջական պատկերացում, կհանրայնացնենք այդ պայմանները: Կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի պատասխանատվություն այդտեղ կառուցապատման և հետագա շահագործման ուղղությամբ։ Ի վերջո, բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցվեն և կհանրայնացվեն։ 

Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել` այս պահին համաձայնեցված է այն, ինչ հրապարակված է, ինչը կարող եք մտնել և կարդալ Վաշինգտոնյան հռչակագրում։ Մնացածի շուրջ, մենք և Միացյալ Նահանգները միասին դեռ կաշխատենք, կհստակեցնենք, բոլոր կողմերի հետ կհամաձայնացնենք և կհանրայնացնենք։ Շնորհակալություն:՝

Տպել էջը