ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ համատեղ ասուլիսին
30 հունիսի, 2025Բարև Ձեզ, տիկի՛ն Կալաս,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք
Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։
Վերջին ամիսներին մենք շատ առիթներ ենք ունեցել անդրադառնալու ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ակտիվ աշխատանքներին, և ահա այսօր ուրախ եմ, որ բարձր ներկայացուցիչ Կալասի հետ համատեղ արձանագրում ենք երեք նշանակալի ձեռքբերում.
1-ինը՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի ստորագրումն էր, որը քիչ առաջ տեղի ունեցավ։ Սա Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը և ցանկությունը։
2-րդը՝ այսօր մեր կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգային և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։ Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել ՀՀ դիմակայունության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսին է հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը։ Այս համատեքստում, իհարկե, մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը։
Եվ 3-րդ. ուրախությամբ ցանկանում նշել, որ Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացնելու է ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:
Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն ու սերտ չեն եղել:
Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ վերջին տարիներին իրականացված ծրագրերի և ֆինանսական օժանդակության, ինչպես նաև դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար: Տեղին է հիշատակել նաև «Դիմակայունության և աճի» պլանը, մյուս մեխանիզմները, որտեղ մենք ունենք ակտիվ համագործակցություն։
Ուզում եմ հիշեցնել, որ վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքը, որն արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները: Գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս օրենքի կիրարկման հնարավոր հետագա իրատեսական քայլերը։
Քննարկել ենք նաև մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հաջող ընթացքին վերաբերող հարցեր, որը մեր կարծիքով Հայաստանի քաղաքացիներին ԵՄ-ին մոտեցնելու լավագույն հնարավորությունն է, և Հայաստանի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը զուգահեռ ակնկալում ենք այս ուղղությամբ շոշափելի քայլեր։
Անցնելով տնտեսական բաղադրիչին՝ նշեմ, որ այս համատեքստում քննարկել ենք այն ծրագրերն ու գործիքակազմը, որոնց միջոցով մենք կարող ենք խորացնել նաև մեր տնտեսական կապերն՝ ապահովելով Եվրոպական միության շուկայի հասանելիություն, ինչպես նաև արդյունավետ փոխկապակցվածություն։
Ի շարունակություն հավելեմ, որ մեր հանդիպման ընթացքում բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում ԵՄ ներգրավմամբ իրականացվող նախաձեռնությունները: Այս համատեքստում ընդգծել եմ ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարության և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկի» համադրելիությունը, կասեի ավելին՝ փոխլրացնելու ներուժը։ Իհարկե, այստեղ կարող ենք հավելել նաև Միջին միջանցքի գաղափարը, որի շուրջ քննարկումներ ենք ունեցել նաև մեր մյուս գործընկերների հետ։ Այս համատեքստում կընդգծեմ Հարավային Կովկասի՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական ու Արևելյան Ասիայի միջև կապող կամրջի դերը։ Տեղին է հիշատակել նաև Եվրոպական միության մյուս վերաբերելի ռազմավարությունը՝ Սևծովյան նոր հայտարարված ռազմավարությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Այս այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների պայմաններում, որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս խաղաղության, տարածաշրջանային կայունության ապահովման մեծ պահանջարկը, այդ ճանապարհին առա մարտահրավերները։
Այս համատեքստում անդրադարձ ենք կատարել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի կապակցությամբ ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, նաև կրկին ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունն Ադրբեջանի հետ անմիջապես սկսել խորհրդակցություններ՝ որոշելու պայմանագրի ստորագրման տեղը և ժամանակը և ընդհանրապես քննարկելու կարգավորման վերաբերող ողջ սպեկտրին վերաբերող բոլոր հարցերը։ Մենք, ինչպես նախկինում, այսօր ևս շատ կառուցողական ենք տրամադրված։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք նաև 2026 թ. գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Սա ևս մի միջոցառում է, մի ուղղություն, որտեղ մենք` երկու կողմերս, պետք է համադրենք մեր ջանքերը։
Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Բարձր ներկայացուցչին խորը և հանգամանալից քննարկումների համար։ Այսօր ձեռք բերված պայմանավորվածություններն անշուշտ լրացուցիչ հիմքեր են ստեղծում մեր համագործակցությունը խորացնելու և արդեն ունեցած ինտենսիվ դինամիկան պահպանելու համար։
Շնորհակալ եմ։
Հարցուպատասխան
Հարց (Արմենպրես)․ Պարո՛ն Միրզոյան, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Հայաստանի ներսում տիրող իրավիճակին, մասնավորապես իշխանությունների և եկեղեցու միջև հարաբերություններին, և այդ առումով նշել է, որ Մոսկվան մտահոգված է ստեղծված իրավիճակով։ Նա նշել է, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը կցանկանար, որ իրավիճակը շուտափույթ կարգավորում ստանա։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունն այս հարցի շուրջ, Շնորհակալություն։
Արարատ Միրզոյան․ Անկեղծ ասած այս ասուլիսին գալուց առաջ հպանցիկ հասցրի ծանոթանալ իմ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը։ Ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործում է իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը, կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը. Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու և, համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների, ոչ իրավական ձևով մասնակցություն ունենալու ցանկության հետ։ Այն է, եթե ավելի ուղիղ ասենք, ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ դրանք նախաձեռնելու այդ երևույթը, դեպքը։ Կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական պրոցես է և սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես Դուք մեջբերեցիք. իրավացիորեն պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից և նույն կոչն անել նաև պարոն Լավրովի ռուս խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության և՛ պաշտոնյաները, և՛ խորհրդարանականները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին։ Շնորհակալ եմ։
Հարց․ (Ազատություն)․ Չորս ամիս է անցել խաղաղության պայմանագրի համաձայնեցումից, Դուք և նաև այլ պաշտոնյաներ նշում են, որ շփումներ կան Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը շարունակում է իր նախապայմաններն առաջ տանել։ Ինչի՞ մասին են այդ շփումները, արդյո՞ք ադրբեջանական նախապայմանների մասին, և ընդհանրապես ի՞նչ փուլում է գործընթացը։ Եվ Ձեր թույլտվությամբ նաև մեկ հարց. Դուք նշեցիք, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտված են, ի՞նչ է դա նշանակում, մի փոքր մանրամասնեք՝ արդյո՞ք ստորագրություն է սպասվում, շնորհակալ եմ։
Արարատ Միրզոյան․ Իրավացի եք։ Իսկապես, գրեթե չորս ամիս է անցել այն պահից, երբ մենք և Ադրբեջանը հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են, և, ըստ էության, պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո, ցավոք, տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում և՝ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, խմբագրություն անելու անհրաժեշտությունը։ Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է՝ միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով, մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Հետևաբար, եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը, կամ նույնիսկ եթե մենք ֆիքսում ենք այն օրը, երբ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ շատ շոշափելի, տեսանելի մոտ ապագայում, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել։ Մյուս կողմից, ադրբեջանական կողմի վարանումն այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու, որ մենք չենք թաքցրել նաև մեր մտավախությունը, որ Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, նպատակներ, որոնք կարող են խաթարել, օրինակ, մեր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար, կրկին մենք ուզում ենք համոզվել, որ վերջնական, համապարփակ ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում և այդ դեպքում, բնականաբար, Մինսկի խմբի անհրաժեշտությունն ինքնին վերանում է։
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ սահմանադրական փոփոխություններին, կրկին, առաջին անգամ չէ, մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ սա Հայաստանի Հանրապետության բացառապես ներքին օրակարգն է։ Մենք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել ենք դեռ 2018 թվականից և ըստ ամենայնի, հերթական ընտրություններից հետո, արդեն ձեռնամուխ կլինենք այդ փոփոխություններին։ Այն ասպեկտով, որով որ ադրբեջանական կողմն է դնում հարցը, ես պետք է ասեմ հետևյալը. եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, և մեր Սահմանադրության մեջ նրանք անկեղծորեն տեսնում են իրենց տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ, ապա այս մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Ես մեկ անգամ ևս ասեմ` ինչու։ Ներողություն եմ խնդրում մանրամասների համար, բայց դրանց կարիքը, ըստ ամենայնի, կա։ Մենք ունենք պայմանագիր, որտեղ գրված է, որ մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը` համաձայն այն սահմանների, որոնք մեր երկու երկրների միջև գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։ Այս ձևակերպումը ստորագրելուց հետո պայմանագիրը պետք է գնա Սահմանադրական դատարան՝ վավերացման: Վավերացման ընթացքում, և եթե մեր Սահմանադրական դատարանն ասում է, որ սահմանների վերաբերյալ այս ձևակերպումը չի հակասում մեր Սահմանադրությանը, հարցը լուծված է, այսինքն՝ մտահոգություն չկա, փարատված է, և մեր Սահմանադրությունը չի պարունակում որևէ բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ` հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը միակ մարմինն է աշխարհում, որը կարող է և իրավասու է մեկնաբանել մեր Սահմանադրությունը։ Եթե այլ որոշում լինի, այն ժամանակ այլ գործողությունների կամ քննարկելու անհրաժեշտություն կառաջանա, հետևաբար, կրկին մենք կարծում ենք, որ սա որևէ կերպ չպետք է լինի նախապայման խաղաղությունը վերջնականացնելու, պայմանագիրը ստորագրելու համար, իսկ շփումների միջոցով կողմերը պետք է և կարող են ավելի ու ավելի հասկանալի դառնալ միմյանց համար, ավելի ու ավելի փարատել մտահոգությունը, հետևաբար այդ շփումները պարտադիր են և շարունակվելու են նաև առաջիկայում։ Եվ ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումներն, այդ բանակցությունները կհանգեցնեն և՛ պայմանագրի ստորագրմանը, և՛ մնացած մյուս հարցերի լուծմանը։
Գործընկերության նոր օրակարգի մասին հարցի վերաբերյալ. փաստաթուղթն, ըստ էության, ասեցի, վերջնականացված է, բայց կլինի առաջիկայում փուլ, երբ այն ավելի մանրամասն կներկայացվի հանրությանը։ Կան բազմաթիվ ուղղություններ։ Երևի այս պահին ժամանակը թույլ չտա ամեն դեպքում բոլորին անդրադառնալ, բայց ի լրումն այն ամենի, ինչ մենք արդեն ունենք Եվրոպական միության հետ երկկողմ օրակարգում, ահա այս նոր գործընկերության օրակարգը բերում է նաև հավելյալ ուղղություններ, հավելյալ մանրամասներ, հավելյալ գործիքներ, նաև հավելյալ ոլորտներ։