ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 2)

23 հունվարի, 2024

Իհարկե, կրկին, հարգելի՛ գործընկերներ, ես կարող եմ թվարկումը շարունակել` նաև եվրոպական մյուս գործընկերների հետ մեր հարաբերությունները նշելով, բայց երևի նաև չչարաշահեմ ձեր համբերությունը, և անցնենք մյուս ուղղություններին: 

Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն եմ ուզում նշել, որ նույն ինտեսիվությամբ շարունակել են խորանալ: Հնդկաստան այցելել և եղել են ոչ միայն արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումներ և այցեր, այլ նաև ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Ասրյանի գլխավորած պատվիրակությունն է այցելել Հնդկաստան: Տեղի է ունեցել Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները:        

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, կուզենայի առանձնացնել, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությանը վերաբերող նախագծի իրականացման մասին պայմանագիրը: Պեկինում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը:

Ճապոնիայի հետ են շարունակվել գործակցությունները բավականին արդյունավետ կերպով: Շարունակում են աշխատանքները 2025թ. Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք World Expo ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման ուղղությամբ:

Հարավային Կորեայի հետ ունենք շատ հետաքրքիր դինամիկա: Կա երկու երկրների կողմից հրապարակավ արտահայտված պայմանավորվածություն երկու երկրներում համապատասխանաբար բացել դեսպանություններ, և լիահույս ենք, որ երկուսիս էլ կհաջողվի ընթացիկ տարում այս պայմանավորվածությունն իրականացնել: 

Հայաստան և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններ. Թերևս ամենանշանակալի իրադարձությունը պետք է որ լինի Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտկան հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումը:        

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից տարվա ընթացքում դրսևորվել է զգալի հետաքրքրություն՝ խորացնելու երկկողմ և՛ քաղաքական երկխոսությունը, և՛ տնտեսական կապերը, և՛ ներդրումները: Իմ այցն է եղել Արաբական Միացյալ Էմիրություններ: Կան մի շարք պայմանավորվածություններ, կրկին աշխատանքներ պետք է տանենք այդ պայմանավորվածությունների իրանգործման ուղղությամբ: Տեղի է ունեցել գործարար համաժողով Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ: Կրկին պաշտպանության նախարարն է այցելել ԱՄԷ: 

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը և Իրաքի Հանրապետության նախագահն են այցելել Հայաստանի Հանրապետություն: ՀՀ նախագահ Վահագն Խաչատությանն է այցելել Կատարի Պետություն: 

Կրկին Մերձավոր Արևելքի համատեքստում՝ երկրաշարժից հետո Թուրքիան միակ երկիրը չէր, որտեղ մենք ուղարկեցինք հումանիտար օգնություն: Եվ ես ինքս էլ այցելեցի նաև Սիրիա, որտեղ մենք նաև հումանիտար օգնություն ենք տարել:

Ուզում եմ անպայմանորեն առանձնացնել նաև երկու առանձին դրվագ, որոնք վերաբերում են մեր մերձավորարևելյան քաղաքականությանը, բայց, թերևս մերձավորարևելյան բազմակողմ քաղաքականության ինտենսիվացման դրսևորումներ են: Երկու հրավեր ունեցանք և մասնակցեցինք, ելույթով հանդես եկանք: Ուրեմն, առաջինը՝ Արաբական Պետությունների Լիգայի Խորհրդի նախարարական 159-րդ նիստին ելույթ ունեցա: Նման հնարավորություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին մինչ այդ երբևէ չէր տրվել: Ապա նաև մասնակցություն ունեցանք Բահրեյնում Մանամայի երկխոսություն միջազգային ձևաչափին, որտեղ նաև հանդիպում և քննարկում ունեցանք Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: Խորհրդակցություններ են տեղի ունեցել Օմանի հետ, Թունիսի հետ:

Ընհանուր առմամբ, կրկին չչարաշահելով ձեր համբերությունը, հարգելի՛ գործընկերներ, աշխատանքը շարունակվել է, ըստ էության, բոլոր ուղղություններում. Կանադայի արտաքին գործերի նախարարն է այցելել Հայաստան, Հայաստանի Հանրապետությունը դեսպանություն է բացել Ուրուգվայում՝ առաջիկայում կլինի պաշտոնական բացումը, նաև դիվանագիտական գրասենյակ ենք բացել Լյուքսեմբուրգում: Առանձին երկրներ դեսպանություններ են բացել Հայաստանի Հանրապետությունում՝ Բելգիան, Կանադան, Կատարը: 

Բազմակողմ համագործակցության համատեքստում՝  ԵԱՏՄ շրջանակներում կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2, միջկառավարական խորհրդի 3՝ հերթական և 1 արտահերթ նիստեր, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 12 նիստեր: Շարունակվում են բանակցություններ ԵԱՏՄ և մի շարք պետությունների միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ: Օրինակ՝ Իրանի հետ այս համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է: ՀԱՊԿ շրջանակներում հունիսին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ, որի ընթացքում, բնականաբար, ես մեր գործընկերներին եմ տեղեկացրել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ զարգացումների, հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, և առհասարակ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի մանրամասները: Մենք, իհարկե, շեշտել ենք ՀԱՊԿ և ՀԱՊԿ գործընկերների կողմից հասցեական արձագանքի հրամայականը:

Աշխատանքները շարունակել ենք ՄԱԿ շրջանակներում, մասնավորապես Կայուն զարգացման նպատակների շուրջ մասնակցել ենք Կայուն զարգացման նպատակների գագաթնաժողովին: Առանձնակի ակտիվություն է ցուցաբերվել ՄԱԿ շրջանակներում գործող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբում: Դեկտեմբերի 14-15-ին ԱԳՆ կողմից Երևանում կազմակերպվել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող պետությունների նախարարական հանդիպումը, որը բավականին ներկայանալի մասնակցություն ուներ, եթե կհիշեք: Հանդիպման ավարտին ընդունվել է Երևանի հայտարարությունը:

Մեր աշխատանքները շարունակվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Գիտեք, այստեղ մենք ունենք հատուկ օրակարգ հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին ինքս մասնակցել եմ: Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի շրջանակներում Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: 

Ընտրություններում միջազգային կազմակերպություններում. 2023թ. Հայաստանն ընտրվել է բոլոր այն 5 մարմիններում և պաշտոններում, որտեղ որ հայտ է ներկայացրել. թվարկեմ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդ, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողով, Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպ պայքարի հանձնաժողով, ՄԱԿ ծրագրերի և համակարգման կոմիտե և ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակությաին արժեքների պաշպանության միջկառավարական կոմիտե:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն. 14 ընթացիկ հարցեր են բարձրացվել նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից: Տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Օսմանիի աշխատանքային այցը Հայաստան: Կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ է տեղի ունեցել հանդիպում և՛ իմ կողմից, և՛ վարչապետի ու այլ մեր գործընկերների կողմից:    

Բավականին ակտիվ հանդիպումներ, աշխատանքներ են եղել Եվրոպայի խորհրդի շրջանակներում, արդյունքների մի մասի վերաբերյալ ես իմ կարճ ներածական խոսքի սկզբում արդեն անդրադարձել եմ շատ համառոտ:

ՆԱՏՕ-ի համատեքստում պետք է նշել, որ նոյեմբերին կարողացանք համաձայնեցնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի նախագիծը, որով որոշակի շրջան բանակցում էինք նախորդած շրջանում:

Ֆրանկոֆոնիայի ուղղությամբ առանձնացնեմ, որ դեկտեմբերի 14-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի` Հայաստանում հյուրընկալելու հայտի շնորհանդեսը: Վերջնական որոշում դեռևս չկա, բայց լիահույս ենք, որ կազմակերպությունը որոշում կկայացնի ի վերջո այդ խաղերը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: 

Ընդհանուր առմամբ, եթե կրկին շատ համառոտ ամփոփենք, ունեցել ենք արտաքին գործերի նախարարի 40 արտագնա այց և այդ 40 այցերի ընթացքում 148 հանդիպում, իսկ դեպի Հայաստան Հանրապետություն տեղի ունեցած բարձրաստիճան այցերի ընթացքում նաև 51 հանդիպում այդ պատվիրակությունների հետ, այդ թվում՝ 6 խորհրդարանական:       

Տարվա ընթացքում տարբեր առիթներով, եթե հետևել եք՝ կհիշեք, ունեցել ենք բազմաթիվ՝ 62 հեռախոսազանգ, մեր գործընկերների հետ: 

Թերևս այսքանը: Վստահեցնում եմ ձեզ, որ շատ մակերեսային անդրադարձ էր այն ամենին, ինչ մենք արել ենք արտաքին գործերի նախարարությունում 2023թ. ընթացքում: 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 1)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 3)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 4)

Տպել էջը