ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

13 սեպտեմբերի, 2023

Հարց. Կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին։ Պարո՛ն Միրզոյան, խորհրդարանը նոր է վերադառնում երկամսյա արձակուրդից և մենք առիթ չենք ունեցել այս ամբիոնից Ձեզ հետ խոսելու խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ տարված աշխատանքների մասին։ Խնդրում եմ իրազեկեք՝ ի՞նչ աշխատանքներ են տարվել այս երկու ամիսների ընթացքում, մենք տեղեկացանք, որ հայկական կողմն ուղարկել է իր առաջարկներն ադրբեջանական կողմին։ Ես կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ գործընթաց է տեղի ունենում այս մասով։

Պատասխան. Տիկի՛ն Ղազարյան, իրականում, սիրով կտեղեկացնեմ, և, գուցե ցավալիորեն, բայց պատասխանը Ձեր հարցի հակիրճ է։ Այո, այս ընթացքում՝ մեր վերջին շփումներից հետո, հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի 5֊րդ խմբագրությունը կամ մեկնաբանությունները։ Եվ բառացիորեն երեկ, ստացել ենք ադրբեջանական կողմի  առաջարկները։ Գործընթաց կա, քննարկում կա, առերես բանակցություններ այս ընթացքում՝ հունիսից հետո, չեն եղել, տեղյակ եք այդ մասին։ Կրկին դժբախտաբար պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները, դեռևս, բավականին հեռու են միմյանցից։

Արձագանք. Պարո՛ն Միրզոյան, գիտենք նաև, որ Վաշինգտոնյան հարթակում մի քանի օրվա բանակցությունների փուլից հետո որոշ առաջընթացի մասին է արձանագրվել, գուցե փոքր քայլ, գուցե ոչ առաջնային կարևորության հարցերի շուրջ։ Ուզում եմ տեղեկանալ, արդյո՞ք նախատեսվում են նման ֆորմատի բանակցություններ, ցանկացած միջնորդի ներգրավվածությամբ, ձեր՝ արտգործնախարարների մակարդակով և արդյո՞ք տեղի կունենա հնգակողմ այն հանդիպումը, որի մասին ազդարարել էր Շառլ Միշելը, որը պետք է Գրանադայում տեղի ունենար, եթե չեմ սխալվում հոկտեմբեր ամսին։ Շնորհակալություն։

Պատասխան. Տիկի՛ն Ղազարյան, ես մի առիթով կարծեմ էլի այս ամբիոնից ասել եմ, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ հիմնականում արդեն գոյություն ունեցող հարթակներով գրեթե մշտապես կա։ Եվ ես հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված կամ նախնական պայմանավորվածություններ ևս կան, եղել են։ Վերջին անգամ վարչապետի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպումից հետո ևս հայտարարվեց, որ նախատեսվում է կրկին առաջնորդների մասնակցությամբ հանդիպում, նույն Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, այս անգամ արդեն Գրանադայում, ինչպես նշեցիք, հոկտեմբերին։ Նաև նախնական պայմանավորվածություն կար, քննարկումներ կային նախարարների մակարդակով հանդիպումների և բանակցությունների շարունակականության մասին։ Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ։ Այսքանը։ Շնորհակալություն։

Տպել էջը