ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանն ԱԺ պատգամավորի հարցին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

24 մայիսի, 2023

Հարց (Լիլիթ Ստեփանյան). Շնորհակալություն մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, հարցս ուղղված է ՀՀ ԱԳ նախարարին: Վերջերս հանդիպում է տեղի ունեցել ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Եվրոպական հարցերով ներկայացուցչի հետ, որի ընթացքում պարոն Միրզոյանը անդրադարձ է կատարել նաև վերջին երեք բանակցություններին, որոնք ընթացել են Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում: Պարո´ն Միրզոյան, Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ ևս երկու հարցի շուրջ հնարավորություն է ստեղծվել, որպեսզի համաձայնության գաք ադրբեջանական կողմի հետ, ինչպես նաև խոսեցիք մեզ համար սկզբունքային հարցերի մասին, որոնք ընկած են խաղաղության պայմանագրի հիմքում. խոսեցիք սահմանազատման մասին և նաև առանձնացրեցիք որոշ պնդումներ, որոնք պետք է համահունչ լինեն մեր պատկերացումների և մեր կողմից ընկալելի խաղաղության պայմանագրի բովանդակությանը: Կխնդրեմ, որպեսզի, պարոն Միրզոյան, ընդհանրական գնահատական տաք վերջին երեք բանակցություններին, և ևս երկու հոդվածի շուրջ ձևակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ կան էլի հարցեր, որոնց շուրջ հաջողվել է ինչ-որ համաձայնության գալ: Կխնդրեմ, որպեսզի մի քիչ ավելի բացված խոսեք ամբիոնից թե՛ մեր, թե՛ հանրության հետ, այնքանով, որքանով, որ հարցուպատասխանի ֆորմատը թույլ է տալիս:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ, տիկին Ստեփանյան, հարցի համար: Փորձեմ շատ արագ, ինչքան հնարավոր է խտացված, երեք րոպեում արձագանքել: Ենթադրաբար, գաղտնիք չէ և բազմիցս ասել ենք, որ քննարկվում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր, ըստ այդմ կա նախագիծ, նախագծում կան մի շարք հոդվածներ: Հասկանալիորեն, խաղաղության պայմանագրի նախագծում չկան երկրորդական կամ անկարևոր հոդվածներ, ամեն ինչն էլ կարևոր է: Բայց շատ պայմանական, եթե խմբավորենք և բաժանենք հոդվածները, կարող ենք ասել, որ մի մասը կենսական անհրաժեշտության կամ կենսական հարցերին են վերաբերվում, մյուս մասը, այնուամենայնիվ, ավելի լրացնող, փոխլրացնող կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող ածանցյալ պայմանավորվածություններ են: Եվ ահա այդ երկրորդ խմբի մասով, բնականաբար և հասկանալիորեն, ավելի հեշտ է փոխըմբռնման գալ և փոխհամաձայնության: Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ արդեն իսկ հնարավոր եղել էր մինչ Վաշինգտոնյան բանակցությունների փուլը համաձայնության գալ: Վաշինգտոնյան բանացկություններում ևս երկու հոդված ավելացան այդ համաձայնեցված հոդվածների թվին: Ընդ որում, մի շատ կարևոր բան ասեմ, ընդհանրապես պրակտիկայում այդպես է և միջազգային իրավունքի ավանդույթով, մեծ հաշվով վերջնականորեն ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, այսինքն՝ մենք ասում ենք համաձայնեցված՝ ենթադրելով, որ կշարունակենք և այն մյուս, ամբողջ, մնացյալ մասն էլ կհամաձայնեցնենք: Եվ կա հոդվածների ևս մի խումբ, որտեղ մեծ հաշվով տեսանելի է այդ փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարի գալը: Եվ կա մի երրորդ խումբ. ցավոք սրտի, այս երրորդ խումբն արդեն ամենակենսական, ամենաէական խնդիրներին է վերաբերում: Այստեղ, ցավոք, դեռ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց, բայց կարող եմ ասել, որ Վաշինգտոնում, հետո Բրյուսելում, հետո Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով, երկրների ղեկավարների մակարդակով, և հիմա նորից մեկնելու ենք, Մոսկվայում էլի կշարունակվի, և հետո Քիշնևում է լինելու ավելի լայն ֆորմատով հնգակողմ հանդիպումը, հնգակողմ բանակցությունները: Պետք է ասեմ, որ այս ընթացքում, մինչ այս օրը եղած այս վերջին երեք փուլ բանակցությունները, ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս, իհարկե ես կարող եմ անել այս պնդումը շատ սուբյեկտիվ, և, իմ ընկալմամբ, կիսվել այն վերապահումով, որ միշտ երկրորդ կողմը դեռևս պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի որևէ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում ամբողջանա և դառնա փոխըմբռնում, ոչ թե ըմբռնում: Այո՜, Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում` վերջին հանդիպումները նկատի ունեմ, հուսամ նաև սա կշարունակվի նաև Մոսկվայում, Քիշնևում և հետո, նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի խորը, հանգամանալից, միմյանց հասկանալու մթնոլորտում քննարկումներ, ինչը, կրկնում եմ, ինձ զգուշավոր լավատեսության հիմք տալիս է:

Արձագանք (Լիլիթ Ստեփանյան). Շնորհակալություն: Պարոն Միրզոյան, ընդհանուր առմամբ, միջազգային տրամադրվածությունը և այս ջանքերը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման համար, շատ տեսանելի են, և աշխարհի մայրաքաղաքները և միջնորդ կողմերը կարծես թե իրենց կողմից ամեն ինչ անում են, որ, այնուամենայնիվ, այս բանակցությունները հաջողություն ունենան, և մենք որևէ արդյունք ունենանք այս ամենի վերջում։ Բնական է, որ հիմնական խնդիրները, այսպես ասած, և´ հայկական կողմի, և´ ադրբեջանական կողմի կարմիր գծերի շուրջ են քննարկվում։ Ես կցանկանայի Ձեզնից ևս մեկ անգամ լսել` որոնք են Հայաստանի Հանրապետության կարմիր գծերը։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ և շնորհակալ եմ, որ արձագանքով այս հնարավորությունը ստեղծեցիք, որովհետև հիմնական հատվածում չհասցրեցի մասնավոր հարցերի անդրադառնալ։ Գաղտնիք չէ, և այդպես պայմանավորվել են երկու երկրների ղեկավարները` միջազգային դերակատարների ներկայությամբ, որ երկու երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Վարչապետն արդեն բավականին խոսեց 29.800 քառ. կմ-ի մասին. սա, անշուշտ, կարմիր գիծ է, և ՀՀ սահմանների և դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը մեզ համար կարմիր գիծ է: Իհարկե, մենք չենք պատկերացնում, որ ՀՀ պետք է և դա ընդհանրապես իրատեսական է` կարգավորել վերջնական հարաբերություններն Ադրբեջանի հետ, ունենալ երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, եթե ԼՂ հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը, չհասցեագրվեն նրանց անվտանգության, չհասցեագրվեն նրանց բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրները, հրամայականները: Այս և այլ, բնականաբար, կարմիր գծեր կան, և այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են:

Տպել էջը