ՀՀ արտաքին գործերի նախարարի պ․կ․ Արա Այվազյանի պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

05 մայիսի, 2021

Սերգեյ Բագրատյան. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական այցով ՀՀ-ում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարարը, հարց է առաջանում այս այցի ընթացքում հնարավոր է քննարկվեն, և նաև այլևս ներգրավվի Մինսկի խումբը որպես հարցի կարգավորման երաշխիք, որովհետև այն, ինչ արվել է նոյեմբերի 9-ից հետո, ընդամենը համաձայնագրի առանձին որոշակի կետերի քննարկումն է, բայց դետալներով և իրագործման ճանապարհային քարտեզ տեսանելի չէ: Հիմա, երբ որ ուժի դիրքերից որևէ երկիր մեկ այլ երկրի նկատմամբ ագրեսիա է անում, միջազգային հանրությունը քայլեր պետք է անի, թե չէ: Մինսկի խումբը պետք է այլևս ճանաչի Արցախի անկախությունը, թե սպասում է ևս մեկ անգամ ագրեսիա արվի, վերջնականապես հայաթափվի տարածքը, նոր ասեն ինչ կատարվեց: Այսինքն՝ ի վերջո, միջազգային կառույցներն ինչ անելիք ունեն այն դեպքում, երբ մի ագրեսոր պետություն ավելի փոքր, նվազ տարածքով, նվազ հնարավորություններով պետության տարածքը գրավում է, անեքսիայի է ենթարկում, և միջազգային հանրությունը ընդամենը լուռ դիտորդի դերում է: Ի՞նչ ենք ակնկալում Լավրովի այցից, և արդյո՞ք դրան հետևելու են Մինսկի խմբի կոնկրետ գործողությունները: 

Արա Այվազյան. Շնորհակալություն, պարոն Բագրատյան հարցի համար, ուղղակի մի ճշտում. դեռ այցով չի գտնվում, մեկ ժամից է Հայաստան ժամանելու պարոն Լավրովը։ Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցվել է երկու հայտարարություն: Մեկը եղել է նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին, երկրորդը` այս տարվա ապրիլի 13-ին։ Հայկական կողմի գնահատականները և մոտեցումները հայտնի են: Ես ուղղակի կուզենայի հիշեցնել Ձեզ, որ Հայաստանն իր ճանապարհային քարտեզն այս ժամանակաշրջանի համար արտահայտել է առաջին անգամ դեկտեմբերի 3-ին՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Մենք ներկայացրել ենք 5 կետանոց ճանապարհային քարտեզ, և գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Մինսկի խմբի համանախագահների՝ և՛ նախորդ տարվա դեկտեմբերի, և՛ այս տարվա ապրիլի 13-ի հայտարարությունների մեջ արտահայտված են հայկական կողմի բարձրացրած հարցերը, որպես մեկ ընդհանուրություն։ 

Նաև ցանկանում եմ հիշեցնել, որ վերջերս Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում հարցազրույցում շատ ավելի հստակ ընդգծեց, որ խաղաղ գործընթացը պետք է վերսկսվի և պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ամենակարևոր սկզբունքը, այն է՝ կարգավիճակի հարցը։ Ես նաև ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարբեր գործընկերներ, հատկապես, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ և պետությունների ղեկավարներ գնալով ավելի հստակ արտահայտում են իրենց կարծիքը հարցի էության վերաբերյալ. այն է, որ խնդիրը ավարտված չէ, հակամարտությունը իր լուծումը չի գտել, և պետք է հասցեագրել առկախված խնդիրները։ 

Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ Ձեր հարցին՝ կասեմ, որ Մինսկի խմբի համանախագահությունը, այդ ձևաչափը կոչված է և ունի միջազգային մանդատ՝ ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը, և ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախահագությունը կարծես թե ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները։ Ինչպես նախկինում էլ ասել եմ՝ մենք լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի գործընթացներին, այլ կղեկավարի դրանք։ 

Բնականաբար, այս ընթացքում պարբերաբար շփումներ են եղել Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների և դեսպանների միջև և՛ հանրային տիրույթում, և՛ ոչ երևացող մասով: Պարոն Լավրովի այցը նաև կոչված է ներառելու ի թիվս երկկողմ օրակարգի շատ հարցերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման վերաբերյալ մեր քննարկումները։ 

Սերգեյ Բագրատյան. Պարոն Այվազյան, ես խնդրում եմ մեր ժողովրդի անհանգստությունը փոխանցել հարգարժան Լավրովին այն իմաստով, որ որպես միջնորդ, ՌԴ-ն՝ որպես համաձայնագրի երրորդ կողմ, որպես երաշխավոր այս հրադադարի, ունի նաև պարտավորություններ, մասնավորապես, ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ համաձայնագրից հետո, և մենք գիտենք, որ ըստ համաձայնագրի, բոլոր կարգի գերեվարվածները պետք է վերադարձվեն իրենց երկրներին: Ինչն է խնդիրը, որ միջազգային հանրության այս աստիճանի պահանջների պայմաններում Ադրբեջանը համարձակվում է դեռ պահել գերիներին և նույնիսկ Մինսկի խմբին փոխանցել, որ Արցախի հարցը այլևս գոյություն չունի: Այսինքն՝ այսպիսի արհամարհանքը միջազգային հանրության նկատմամբ ինչպես է բացատրվում: 

Արա Այվազյան. Վստահ եմ՝ Դուք հետևել եք, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ պնդում էր, որ այլևս խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որ հարցը լուծված է, և պետք է հիմա թերթենք էջը և սկսենք նոր շրջան Հարավային Կովկասում: Եվ վստահաբար Դուք հետևել եք, որ և Մինսկի խմբի համանախագահները, և տարբեր երկրների առաջնորդները, և միջազգային մի շարք կազմակերպություններ շատ հստակ արձանագրեցին, որ խնդիրը լուծված չէ: Եվ նաև հուսով եմ Դուք հետևել եք, որ ադրբեջանական կողմը սկսել է ընդունել այս իրականությունը: 

Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա այն մեզ համար առաջնային հարց է: Եվ պետք է գոհունակությամբ նշենք, որ ռուսաստանյան կողմի միջնորդությամբ 70 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք արդեն ազատ են արձակվել: Այս հարցը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է և նաև դարձել է Մինսկի խմբի համանախագահների օրակարգային հարց: Բոլոր համանախագահներն այս հարցին հատուկ ուշադրություն են դարձնում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները: Միջազգային հանրությունը մեր կոչերին անարձագանք չի մնացել, և օրեցոր միջազգային ճնշումն աճում է Ադրբեջանի վրա: 

Միայն ուղղակի կուզենամ հիշատակել Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, անցած շաբաթ պարոն վարչապետն էլ կառավարության նիստի ժամանակ հիշատակեց ԵՄ միասնական դիրքորոշումը, երեկ 121 պատգամավոր ԵԽ-ում միասնական նամակով դիմել են ԵԽ նախագահին: Երեկ մեր հայրենակիցները վերադարձել են Հայաստան, և մենք դա գնահատում ենք որպես Մինսկի խմբի համանախագահների կիրառված ջանքերի և միջազգային հանրության կողմից համապատասխան ճնշման արդյունք: Վստահ եմ, որ այս գործընթացը իր շարունակությունը կստանա և շուտափույթ լուծում կստանա:

Աննա Կոստանյան․ Այս հարցը քանիցս հնչել է Ազգային ժողովում տարբեր պատգամավորների կողմից՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, սակայն միշտ շատ նրբանկատորեն այն շրջանցվել է կամ դիվանագիտական պատասխաններ են տրվել: Խոսքս քարտեզագրման, սահմանազատման և ՀՀ սահմանների հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին է վերաբերում, որոնց շուրջ մտահոգությունները մեր համաքաղաքացիներին դեռևս շարունակում են անհանգստացնել, հատկապես, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Շատ կոնկրետ հարց․ ինչու՞ չեն հրապարակվում այն քարտեզները, որոնցով կատարվում է սահմանազատումն Ադրբեջանի հետ, կամ, ի վերջո, եթե ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից գոնե 1 քմ տարածք զիջվել է թշնամուն, թեկուզ և ժամանակավոր, սա քրեորեն պատժելի գործողություն է: Հարց, նորից արդյոք արվում են սահմանազատման աշխատանքներ, թե ոչ, եթե արվում են, որ քարտեզներն են հիմք ընդունվում, և կխնդրեմ վերջապես փարատեք մեր քաղաքացիների անհանգստությունը, հրապարակեք այդ քարտեզները։

Արա Այվազյան. Տիկին Կոստանյան, այս հարցին ԱԳՆ անդրադարձել է, և մենք տվել ենք համապատասխան հայտարարություն, կհրավիրեմ Ձեզ այցելել մեր նախարարության կայք: Ուղղակի շատ համառոտ տեղեկացնեմ, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը բավական երկար գործընթաց է, և դա տեղի է ունենալու այն  ժամանակ, երբ Հայաստանի և համապատասխան երկրի միջև կձևավորվեն դիվանագիտական հարաբերություններ, կստեղծվի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողով, որոնք կմշակեն և կհամաձայնվեն մեթոդոլոգիայի վերաբերյալ իրենց մոտեցումների շուրջ և դրանց հիման վրա կսկսվի սահմանազատման գործընթացը, որը բավական երկար գործընթաց է: Իսկ մնացած տեղաշարժերը, որ տեղի են ունենում, սահմանագծման և սահմանազատման գործընթացներից դուրս են, դրանք միայն պայմանավորված են անվտանգային և պաշտպանական մեր նկատառումներով:  

Աննա Կոստանյան․ Իմ հարցին կրկին տրվեց շատ դիվանագիտական պատասխան: Եվ եթե իրոք այդ ինֆորմացիան տարածվել է այնպես, ինչպես, որ Դուք ասեցիք՝ կայքում, ուրեմն բավական չափով չի տեղեկացվել հանրությանը, եթե դեռևս հանրության շրջանում շարունակվում է այս հարցն առկախված մնալ: Եվ քանի որ իմ հարցի հասցեատերը Դուք չէիք, ես իմ խոսքը կհղեի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին, քանի որ իշխանական խմբակցությունը հրաժարվեց ընդունել 44-օրյա Արցախյան պատերազմի հետևանքները և դրա նախադրյալները քննող պարեկետային հանձնաժողով ստեղծելու Լուսավոր Հայաստանի առաջարկը, որով հնարավոր կլիներ գոնե կարճ ժամանակահատվածում ի մի բերել, համադրել պատերազմին առնչվող բոլոր պատմությունները, իրողությունները և հանգամանքները և տալ որոշակի եզրակացություններ դրա հետևանքների վերաբերյալ: Ժողովուրդը հայտնվել է այնպիսի մի իրավիճակում, որ ապակողմնորոշված է, և առաջիկա նախընտրական փուլում այս քաոսային իրավիճակում չի կարողանալու հստակ կողմնորոշվել, թե ում է ուզում իր ձայնը տալ: Եվ առնվազն պարտության պատճառների գոնե նախնական վերլուծություն Դուք` որպես ներկայումս իշխանություն ունեցող անձինք, պետք է որոշակիորեն տաք ժողովրդին կողմնորոշվելու հնարավորություն, թե ում պետք է ձայնը տա:  

Արա Այվազյան. Տիկին Կոստանյան, դիվանագիտական պատասխանի երանգները ես չեմ հասկանում: Ես ասում եմ շատ հստակ պատասխան: Եվ կարծում եմ հանրությունը քաջատեղյակ է մեր պատասխանի մասին, որը շատ հստակ է և շատ ինֆորմատիվ: Կրկին հրավիրում եմ Ձեզ այցելել մեր կայքէջը. այնտեղ շատ մանրամասն նկարագրված է գործընթացը: 

Կարող եմ հավելել, որ ձևավորված է սահմնագծման և սահմանազատման նոր ազգային միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ընդգրկված են համապաստասխան գերատեսչությունների մասնագետներ, որոնք անում են բավական մեծ ծավալի աշխատանքներ, մի շարք նիստեր են եղել: Եվ հանրությանը նույնպես կոչ եմ անում, եթե չեն հետևել մեր հայտարարություններին, մեկ անգամ ևս ծանոթանալ այդ հրապարակմանը, և կարծում եմ՝ բոլոր հարցերին պատասխաններ կգտնեն: Շնորհակալություն: 

 

Տպել էջը