ԱԳ նախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

24 մարտի, 2021

Տաթևիկ Հայրապետյան. Պարոն Այվազյան, մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկային նիստը, որին ներկա էին բավականին ակնառու հայ արվեստագետներ։ Եվ եթե չեմ սխալվում, հանձնաժողովը ղեկավարում է պարոն Մանսուրյանը: Կցանկանայի իմանալ, թե ինչ նպատակներով է ստեղծվել այդ հանձնաժողովը, և թե ինչ հիմնական թիրախներ ունի, ինչպես է հայ դիվանագիտությունը պատրաստվում օգտագործել մշակույթի գործոնը, հատկապես` հետպատերազմյան շրջանում ստեղծված իրավիճակի համատեքստում: 

Արա Այվազյան. Շնորհակալություն հարցի համար, տիկին Հայրապետյան: Մենք շատ ենք կարևորում այդ հանձնաժողովի, այդ հարթակի ստեղծումը: Բացատրեմ ինչու. ներկայումս առավել քան երբևէ պետք է ակտիվացնենք մեր միջազգային համագործակցությունը և մեր ներգրավվածությունը միջազգային հանրության հետ: Այդ իմաստով մշակույթը՝ որպես «փափուկ ուժի» գործոն, շատ կարևոր դերակատարում ունի: Այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում մշակույթը մեր դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու ուղղությամբ:

Ավելացնեմ, որ հայ ժողովուրդը, բոլորս հպարտությամբ ենք դիտարկում հազարամյակների քաղաքակրթական մեր ժառանգությունը: Եվ մեր արվեստը, մշակույթը դիվանագիտության միջոցով որոշ չափով պետք է դառնան մեր այցեքարտերից մեկը միջազգային հանրության հետ շփումներում: 

Հայազգի արվեստագետները դարեր ի վեր ստեղծել և շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ, մշակութային կոթողներ և արվեստի գործեր, որոնք, հիրավի, ունեն համամարդկային նշանակություն և հանդիսանում են համաշխարհային մշակութային  ժառանգության գոհարներ: Մշակույթի միջոցով մենք ուզում ենք` մեր դիվանագիտական աշխատանքում ձևավորվի Հայաստանի նոր ընկալումը կամ վերականգնվի Հայաստանի ընկալումը` որպես մեր տարածաշրջանի մշակույթի, կրթության և գիտության կենտրոն։ Մենք ունենք այդպիսի հարաբերական առավելություն, և այդ գաղափարախոսությունն է դրված մեր այս հարթակի ստեղծման հիմքում։

Տաթևիկ Հայրապետյան. Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ ինքս շատ ոգևորությամբ եմ մոտեցել այդ գաղափարին և իսկապես կարևորում եմ դա։ Արձագանքելու տեսքով նաև նշեմ, քանի որ վերջին շրջանում, վերջին պատերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Արցախի տարածքներում ադրբեջանական կողմն իրականացնում է հստակ քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության վերացման ուղղությամբ․ Ալիևն անձամբ հրահանգներ է ուղարկում այդ հարցով։ Ես կցանկանայի իմանալ, թե այս հանձնաժողովն իր առջև դրված նպատակներով որքանով կնպաստի, որ այս հարցերը բարձրաձայնվեն միջազգային հանրությունում, և ոչ միայն բարձրաձայնվեն, այլև համապատասխան գործիքակազմ կիրառվի այդ տարածքներից հայկական մշակութային ժառանգության բնաջնջման քաղաքականությունը դադարեցնելու և կանխելու ուղղությամբ։

Արա Այվազյան. Շնորհակալություն, տիկին Հայրապետյան: Բնականաբար, մշակույթի առաջմղումը միջազգային ասպարեզում, ինչպես նաև  մեր մնայուն արժեքների պաշտպանությունը  այս հանձնաժողովի, այս հարթակի առաջնային խնդիրն է: 

Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. դրա ոչնչացումը, պղծումը կամ կեղծումը պետք է խստագույնս կանխվեն: Ինչպես այս հարթակը, այնպես էլ մեր ամենօրյա շփումները՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, միտված են միջազգային ջանքերի շնորհիվ այս խնդրի հասցեագրմանը:

Հայտնի է, որ Արցախի այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար հայաթափում: Եվ այսօր գործի է դրվել նաև մշակութային ժառանգության ոչնչացումը` փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և նրա պատկանելությունը: 

Սարգիս Ալեքսանյան. Հարգելի կառավարություն, Վրաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության ավելացման հետ կապված ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։ Գիտեմ, որ բեռնափոխադրումներ իրականացվում են, բայց մարդատար մեքենաների և մարդկանց հոսքերը խիստ կրճատվել են կորոնավիրուսի հետ կապված։ Արդյո՞ք որոշակի մեղմացումներ ակնկալվում են, թե ոչ։ Այս խնդիրը հուզում է առավել շատ Բագրատաշենի հարակից շրջանների բնակիչներին, Տավուշի մարզի (Նոյեմբերյան, Այրում), Լոռու մարզի (Ալավերդի) բնակչությանը։

Արա Այվազյան. Շնորհակալություն հարցի համար։ Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք շատ ակտիվ շփումներ ենք ունենում վրացական կողմի հետ։ Անցած շաբաթ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ փոխարտգործնախարարների մակարդակով, և քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ՝ այն հարցը, որ Դուք բարձրացրել եք։ Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը։ Համավարակը, բնականաբար, իր բացասական ներազդեցությունն ունի, բայց նաև առկախ են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք վստահ եմ՝ արագ լուծման են ենթակա։

Սարգիս Ալեքսանյան. Շնորհակալ եմ, պարոն նախարար: Իսկապես, խիստ կարևոր է այդ շրջանի բնակչության համար, քանի որ նրանց հիմնական մասը առևտրով էր զբաղվում և հիմա զրկված է եկամուտ ստանալու այդ հնարավորությունից: Շնորհակալություն: 

Արա Այվազյան. Կասկած չկա, և վստահ եղեք, որ դա մեր օրակարգային հարցերից է. մենք զբաղվում ենք այդ հարցով։ Հուսով եմ՝ շուտով լուծում կգտնենք։

Տպել էջը