ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին

16 հոկտեմբերի, 2020

Բարի օր,

Հարգելի մամուլի ներկայացուցիչներ, բարեկամներ, 

Հարգելի Նիկոս, սիրելի բարեկամ,

Ցանկանում եմ ողջունել իմ լավ գործընկերոջը, բարեկամին` Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին, ով Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով։

Մենք այսօր ունեցանք արդյունավետ և կառուցողական քննարկում մեր ընդգրկուն օրակարգի շուրջ թե՛ ընդլայնված կազմով և թե՛ առանձնազրույցի ձևաչափով՝ ընդգծելով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման և համագործակցության հետագա ընդլայնման ու ամրապնդման մեր փոխադարձ հանձնառությունը:

Մեր հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ և բարեկամական բնույթով՝ խարսխված հայ և հույն ժողովուրդների՝ դարերի խորքից եկող եղբայրական կապերի վրա: Մեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով՝ ներառելով պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ կարևոր ոլորտներ:    

Հայաստան - Հունաստան հարաբերություններում կարևոր դեր է վերապահված համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում: Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ: 

Հայաստանը՝ որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ոլորտում առաջամարտիկ, կարևորում է այդ գործում Հունաստանի գործադրած հետևողական ջանքերը:

Մեր երկկողմ հարաբերությունները նաև կարևորվում են Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում: Մենք սերտ համագործակցություն ունենք նաև խաղաղապահության բնագավառում։

Մեր երկրների միջև սերտ համագործակցությունը ընթանում է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, որի նպատակն է խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումը մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

Հարգելի գործընկերներ, մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առջև։ Եվ այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ այս կարևոր ժամանակաշրջանում Հայաստան այցելելու, իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու գործում:

Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ 

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հրահրողը և դրա իրականացման գործում ուղիղ ներգրավվածություն ունեցողը հենց Թուրքիան է. և ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինիս ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ: 

Չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը՝ կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռազմական օբյեկտի: Իսկ երեկ կրկին հրթիռակոծման է ենթարկվել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել  հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը:

Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններում դիտավորյալ թիրախավորվում է Արցախի խաղաղ բնակչությունը՝ այդ ցեղասպան քաղաքականության մեջ տարբերակում չդնելով ռազմական օբյեկտների և քաղաքացիական բնակչության միջև։ 

Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից 86-ը` ծանր վիրավորմամբ: 

Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից չորսը՝ գնդակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից, երկուսը՝ հրետակոծության հետևանքով: Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են, փառաբանում իրենց արարքները՝ այդ թվում գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները։ 

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կտրուկ աճել է հարկադրաբար տեղահանվածների թիվը:

Դժվար է ներկայացնել, թե ինչ մեծ վնաս է պատճառվել Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքներին: 

Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի: 

Զինյալ ահաբեկիչների և ծայրահեղականների արտահանումը այլ տարածաշրջաններ հանդիսանում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների ծավալապաշտական քաղաքականության գործիքներից մեկը։ Այդ քաղաքականության ապակառուցողական հետևանքներին մենք ականատես ենք եղել նաև այլ տարածաշրջաններում՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Արևելյան Միջերկրականում, իսկ ներկայումս՝ արդեն նաև Հարավային Կովկասում։

Այս առումով ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր դիրքորոշումը նաև Միջերկրական ծովում զարգացումների վերաբերյալ և Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Հունաստանին և Կիպրոսին և ևս մեկ անգամ կոչ անել Թուրքիային՝ հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները:

Ես այսքանով կսահմանափակվեմ և խոսքը կփոխանցեմ հիմա իմ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարին։ 

Հարց․ Պարոն նախարար, մենք վերջերս ականատես եղանք գնալով Հայաստանին ցուցաբերվող աճող օժանդակությանը՝ Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար պարոն Պոմպեոն՝ երեկ, Հունաստանը այսօր այստեղ ներկա է։ Ինչպե՞ս է այդ օժանդակությունը վերածվելու տևական լուծման Արցախի տարածաշրջանում, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք, քանի որ այսօր Եվրոպական գագաթաժողով է տեղի ունենում, և այդ հարցը քննարկվելու է։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ գագաթաժողովից։ 

Զոհրաբ Մնացականյան. Շատ էական հարց եք տալիս: Այո, մենք շատ բարձր ենք գնահատում այն ընդհանուր ընկալումը և գնահատականը, որ ձևավորվել է մեր գործընկերների մոտ և միջազգային հանրության մոտ, որ անհնար է թաքցնել այն, ինչը իրողություն է, որ սա իրականացված ագրեսիա է մեր հայրենակիցների նկատմամբ, Արցախի բնակչության նկատմամբ, որի թիրախ են մարդիկ, քաղաքացիական բնակչությունը, որի միջոցով ընտրված է հիմնախնդիրը ուժի կիրառմամբ, ագրեսիայի միջոցով, պատերազմի ճանապարհով լուծելու տարբերակը։ 

Իհարկե, Արցախի ժողովուրդը պաշտպանում է իր գոյության իրավունքը, պաշտպանում է իրեն։ Հայաստանը, հանդիսանալով մեր հայրենակիցների անվտանգության միակ երաշխավորը, եղել և մնում է այդ անվտանգության երաշխավորը, պաշտպանը և աջակիցը, և իր ամբողջ ռեսուրսը դրված է դրան։ 

Ամենահիմնական խնդիրներից մեկը այն է, որ այս երկու  նոր հանգամանքները՝ Թուրքիայի գործոնը և միջազգային ահաբեկիչների գործոնը, ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը նաև Բաքվում, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումն այս հարցում: Դա, բնականաբար, վտանգավոր է և, միևնույն ժամանակ, վստահաբար, ունի իր հետևանքները։ 

Մեզ համար՝ Հայաստանի համար, հարցը եղել և մնում է առավել քան պարզ. խոսքը վերաբերում է մեր հայրենակիցների գոյութենական անվտանգությանը, որին ուղղված սպառնալիքին ականատես ենք լինում տեղում: Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային, գերակա խնդիրն է այսօր. դա նաև արտահայտվում է այն փաստում, որ սա ամենից բացի նաև պաշտպանության միջոց է։ Եվ այդ առումով մենք շարունակելու ենք աշխատել, համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ և միջազգային հանրության հետ։ Մենք հավատարիմ ենք այն համաձայնությանը, որ մենք հասել ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այո՛, մենք շարունակում ենք պնդել, որ ուժի միջոցով այս խնդիրը հանգուցալուծում չի ունենալու։ Դա ի ցույց են դնում նաև մեր հայրենակիցները Արցախում, մեր խիզախները Արցախում, ի ցույց են դնում վճռականությունը՝ պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը և բացառելու են թշնամուն որևէ ենթադրություն, որ իրենք երբևէ ունենալու են ռազմական լուծում այս խնդրին: Իրենք ունենալու են ավելի խորը ճգնաժամ իրենց գործողությունների պատճառով, սակայն երբեք չի լինելու որևէ պարտադրված բան Արցախի ազատ և արժանապատիվ, ազատության մեջ արժանապատիվ, անվտանգ ապրելու այդ ձգտմանը։ 

Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր գործընկերների հետ, ներառյալ, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, և Ռուսաստանի դերակատարությամբ, մեր բոլոր բարեկամների հետ: Այսօր արդեն ի ցույց դրեցինք, թե ինչպես ենք մենք աշխատում մեր գործընկերների հետ, Հունաստանի հետ՝ մասնավորապես այսօր ի ցույց դրեցինք, Եվրամիության հետ, Մերձավոր Արևելքում, բոլոր ուղղություններով, որպեսզի էլ ավելի ուժեղացնենք քաղաքական և դիվանագիտական անհրաժեշտ գործիքների կիրառումը՝ հասնելու արդար և խաղաղ հանգուցալուծմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, որի հիմքում եղել և մնում է մեկ բան. Արցախի ժողովուրդը պայքարել և ստացել է դա, երբևէ չի փոխվելու ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու մեր հայրենակիցների իրավունքը, որևէ կերպ չի խախտվելու այդ կարողությունը։ Իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման գերակայությունը, ամենից բացի, արտահայտում է նաև Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ռիսկերի վերաբերյալ մեր հիմնական խնդիրը, և արտահայտում է այն, ինչ վերաբերում է մեր գերակայությանը բանակցային գործընթացում։ Շնորհակալություն։

Հարց․ Պարոն Մնացականյան, երեկ տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները դաժան հաշվեհարդար են տեսնում խաղաղ բնակիչների նկատմամբ, որոնք իրենց վերահսկողության ներքո են։ Ի՞նչ մեկնաբանություն ունեք դրա վերաբերյալ։ 

Զոհրաբ Մնացականյան. Ասեմ, որ, այո, դա նորից ի ցույց է դնում այն բարբարոսության խորությունը, որի հետ մենք հիմա առնչվում ենք: Եվ սա առաջին անգամը չէ, սա նորություն չէ, և նորից ի ցույց է դնում, որ մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար:

Որևէ բան մեզ հետ չի պահելու այդ առումով: Կրկին ցանկանում եմ խորապես խոնարհվել բոլոր այն խիզախների առջև, ովքեր հիմա կռվում են դրա համար: Մեր գործը լինելու է միջազգային հանրությանն ամենախիստ ձևով՝ ի ցույց դնելու այս բարբարոսության խորությունը, թե ինչի հետ մենք գործ ունենք: Դրա իրավական և քաղաքական մասերը, իհարկե, կարելի է արտահայտել տարբեր ձևերով: Եվ, իհարկե, կուսումնասիրվի, իհարկե կփաստագրվի, և համապատասխան պրոցեդուրալ հարցերը կլուծվեն: Բայց հարցը դրանում չէ: Հարցը խորապես էությունն է, թե էապես ինչ երևույթի հետ մենք գործ ունենք, որովհետև քաղաքակիրթ ցանկացած նորմ պարզապես ենթարկվում է ջախջախման: Սա էությունն է այս հակամարտության: Շնորհակալություն: 

Տպել էջը