ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներից հետո

04 մայիսի, 2020

Հարց. Պարո՛ն նախարար, Լավրովի հայտարարությունը բավական շատ քննարկվեց: Դուք ինքներդ այդ հարցին արձագանքել էիք: Հնարավո՞ր է, որ այդ գործընթացը, այն ինչ կատարվում է, ռուսական կողմն ընկալում է որպես բուն բանակցություններ, և կա փուլային տարբերակ: Ի՞նչ եք կարծում՝ ընկալումների խնդիր է, թե իսկապես հայկական կողմը շարունակում է պնդել, որ փաստաթուղթ չկա սեղանին: 

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, ես արդեն բազմիցս, առավել ևս այսօր հերթական անգամ անդրադարձել եմ այս հարցերին և ասել եմ, որ եղել են մեկնաբանություններ նաև իմ մակարդակով, խոսնակի մակարդակով, և հիմա բնական է, որ մենք պետք է շարունակենք աշխատել: Նորից այս հարցը «թափ տալու» կարիք չկա: 

Հարց. Պարո՛ն Մնացականյան, ընկալումների խնդիր այսինքն չկա՞: 

Զոհրաբ Մնացականյան. Մենք ՌԴ հետ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ինչպես նաև մյուս համանախագահներ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին, այդ առումով մենք երկու տարվա մեջ ունեցել ենք շարունակական, բավական ընդարձակ աշխատանք, բավական ընդարձակ հնարավորություններ՝ խոսելու մեր դիրքորոշումների, ընկալումների մասին, որոնց մասին ես այսօր ընդարձակ խոսել եմ: Եվ այդ առումով հիմա մի շրջան է, երբ ուղղակի պետք է սպասել՝ պահպանելով կայունությունը և զինադադարի ռեժիմը, անցնել այս շրջանը և հետո նորից ներգրավվել մեր աշխատանքի մեջ, ինչպես և ծրագրվում էր: Մեր վերջին հանդիպումը հունվարին էր Ժնևում, և բավական ինտենսիվ աշխատանք էր բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կարգավորմանը՝ թե բովանդակային մասով, թե բոլոր այն հարցերով, որոնք հավասարաչափ նշանակություն ունեն: Դա վերաբերում է առաջին հերթին խաղաղությանը նպաստող միջավայրին:

Մենք ունենք ծրագրեր  բոլոր այդ հարցերի շուրջ: Եվ հիմա ես ինքս էլ անհամբեր սպասում եմ, երբ հնարավորություն կլինի անցնել բնականոն աշխատանքի: Այդ ժամանակահատվածում, ես արդեն ասել եմ, մենք մշտական, շատ անմիջական, շատ արագ կապի մեջ ենք համանախագահների հետ, և միմյանց տեղյակ ենք պահում: Բնականաբար, դժվար է, հեռախոսակապով, տեսակապով նույնը չէ, բայց նորից եմ կրկնում՝ ես անհամբեր սպասում եմ, երբ հնարավորություն կլինի նորից շարունակել, նոր ծրագրված աշխատանքներն իրականացնել նորմալ, բնականոն աշխատանքային միջավայրում, ինչ մինչ այժմ աշխատել ենք: 

Հարց. Պարո՛ն Մնացականյան, Լավրովը, գազի սակագնին անդրադառնալով, նշում էր Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների մասին, և մատնանշում էր Հարավկովկասյան երկաթուղու շուրջ  ստեղծված դատական գործընթացը՝ ըստ էության դժգոհելով դաշնակցային հարաբերություններից: Դուք ինչպե՞ս եք գնահատում  հայ-ռուսական հարաբերությունները:

Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում՝ Ռուսաստանի հետ մենք ունենք դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է, չափազանց մեծ է, որոնց մեջ մտնում են հարցեր, և եթե չունենանք խնդիրներ, ուրեմն կա ավելի խորքային խնդիր: Հարցերը դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Համենայնդեպս, մենք մտադրված ենք շարունակել նույն ոգով, ինչպես աշխատել ենք վերջին երկու տարվա ընթացքում, նույն վճռականությամբ շարունակել աշխատել մեր երկկողմ օրակարգի ամբողջ ծավալի շուրջ: Գազի հարցը չափազանց էական  նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու ենք քննարկել մեր ռուսաստանյան գործընկերների հետ: 

Հարց. Պարո՛ն Մնացականյան, երկու հարց ունեմ: Հիմա կարծես որևէ փաստաթուղթ չի քննարկվում՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի կողմից հայտարարությունները: Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ հայկական կողմին հնարավոր է ինչ-որ բան պարտադրվի և այդ սցենարի դեպքում ունի՞ Հայաստանն այնքան ներքին ուժ, վճռականություն, որ կարողանա այդ ազդեցություններին կամ ճնշումներին դիմակայել: Եվ երկրորդ հարցը. հասանելի  է հայտարարությունը, որ հնարավոր է սրացումներ լինեն: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում…

Զոհրաբ Մնացականյան. Ես երկու հարցին էլ անդրադարձա երկու ժամվա ընթացքում: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին. նորից կրկնեմ՝ սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում: Դրանից էլ բխում է պատասխանը Ձեր երկրորդ հարցին: Որպես կառավարության անդամ՝ ինձ տրված է մանդատ իրականացնելու այդ աշխատանքը: Մեր կառավարության ղեկավարը վարչապետն է, որն ունի մանդատ ժողովրդի կողմից: Մենք առաջին հերթին սրանով ենք առաջնորդվում, երբ ներգրավվում ենք բանակցությունների մեջ: Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ մեր ժողովրդի համար անվտանգային համակարգը դառնում է խոցելի, և այդպես էլ շարունակելու ենք: Կխնդրեմ ճիշտ հասկանաք. մեր աշխատանքային մեթոդը կառուցողական է: Բայց կառուցողական չի նշանակում, որ մենք կարող ենք աշխատել մի իրավիճակում, երբ մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, անընդունելի իրավիճակ:

Տպել էջը