ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

23 հունվարի, 2020

Հարգելի՛ պարոն Նախարար և ուղեկցող պատվիրակության անդամներ, 

Հարգելի գործընկերներ,

Հարգելի լրագրողներ,

Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին՝ Ստեֆ Բլոկին: Ուրախ եմ նաև արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան:

Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և այս տարի ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցելությանն ընդառաջ։ Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները ու փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո։ Այս փաստը ամրագրված է պատմության մեջ աննախադեպ իրողությամբ, երբ Նիդերլանդների օրենսդիր մարմինը գրեթե միաձայն որոշում կայացրեց դիմելու կառավարությանը՝ Հայաստանում դեսպանություն բացելու համար: Նիդերլանդների կողմից Հայաստանում դեսպանություն հիմնելու որոշումն, անշուշտ, նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:

Վերընթաց տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը. մասնավորապես Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը մեկ տարվա կտրվածքով երկնիշ աճ է արձանագրել՝ մոտ 26%: Ընդհանուր առմամբ, մեր առևտուրը այս տարվա ընթացքում աճել է մոտավորապես 9.2%-ով: Մեր երկրում առկա դրական փոփոխությունները, ինչպես նաև դարավոր մշակույթը մեծ հետաքրքրություն են առաջացրել Նիդերլանդների քաղաքացիների համար. մեկ տարվա կտրվածքով Նիդերլանդներից Հայաստան այցելուների քանակը շեշտակիորեն աճել է. արձանագրվել է Նիդերլանդներից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների մոտավորապես 23% աճ: Համոզված ենք՝ այս ոլորտն առավել կզարգանա ուղիղ չվերթի բացման պարագայում:

Հայաստան-Նիդերլանդներ միջպետական հարաբերություններում կարևոր դեր է վերապահված խորհրդարանական համագործակցությանը: 2019թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցելություն կատարեց Նիդերլանդներ, որի շրջանակներում ձևավորվեց Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակը՝ բաղկացած քաղաքական, գործարար, մշակութային և գիտության գործիչներից: 

Առկա է մեծ ներուժ նաև տնտեսական ոլորտում. խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսության, թափոնների վերամշակման և կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների ու առողջապահության բնագավառների մասին է:

Հատկանշական է, որ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հայ - նիդերլանդական համագործակցությունն օրինակելի է. Հայաստանն այդ ոլորտում Նիդերլանդների հետ արդյունավետ փոխգործակցող երկրների շարքում առաջատար տեղ է զբաղեցնում։ 

Մեր երկկողմ հարաբերությունները նաև կարևորվում են Հայաստան-Եվրամիություն գործընկերության տեսանկյունից: Անցյալ տարեվերջին Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատները հինգ օրվա տարբերությամբ միաձայն վավերացրեցին Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա վկայում է Եվրամիության հետ մեր փոխգործակցության խորացմանը ԵՄ հիմնադիր երկրներից մեկի՝ Նիդերլանդների կարևոր աջակցության մասին։  

Ուրախությամբ ենք արձանագրում վերջին շրջանում գրանցված մշակութային կապերի խորացումը: Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ Նիդերլանդներում թարգմանված հեքիաթները զգալի հետաքրքրություն են առաջացրել նիդերլանդացի ընթերցողների շրջանում, հաճախակիացել են հայ մշակութային գործիչների փոխայցերը ու ելույթները մեր երկրների հեղինակավոր բեմերում: Հովհաննես Թումանյանի հեքիաթների թարգմանության գիրքը այս պահին իմ ձեռքում է, և ցանկանում եմ այն փոխանցել պարոն Բլոկին՝ որպես մի լավ օրինակ մեր մշակութային համագործակցության: Նախորդ տարի Հաագայում և Նիդերլանդների այլ բնակավայրերում հանդիսավորությամբ նշվեց Կոմիտաս վարդապետի 150-ամյակը:

Գործընկերոջս հետ խոսեցինք նաև կանխարգելման օրակարգի և այն առաջ մղելու կարևորության մասին։ Մեր երկու պետությունները ունեն նաև միջազգային հարթակներում համագործակցության հարուստ փորձ, և մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել այն առավել զարգացնելու ուղղությամբ:

Առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ նաև արդարադատության, գիտության, կրթության բնագավառներում. այդ ուղղությամբ արդեն իսկ կյանքի են կոչվում համատեղ ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով նոր բնագավառներ, ինչպիսին է, օրինակ, բնապահպանությունը:

Մեր հանդիպմանը երկկողմ օրակարգից զատ, իհարկե, անդրադարձել ենք նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում նաև Հայաստանի անմիջական հարևանությամբ։ Մենք համակարծիք ենք, որ բոլոր ներգրավված և շահագրգիռ կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն իրավիճակի կայունացման և լարվածության թուլացման ուղղությամբ։ 

Բնականաբար անդրադարձանք նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Գործընկերոջս տեղեկացրի խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումների մասին։ Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել Եվրամիության առաջատար երկրներից մեկի՝ Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Թերևս այսքանով կսահմանափակվեմ: Հարգելի՛ պարոն Բլոկ, սիրելի՛ գործընկեր, խոսքը փոխանցում եմ Ձեզ։

Հանրային հ/ը. Պարո՛ն Մնացականյան, Եվրամիությունում ղեկավարության փոփոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ արձանագրվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, կա՞ արդյոք վտանգ, որ այդ հարաբերություները կարող են սառել: Եվ եթե կարելի է՝ պարոն Բլոկին շատ կարճ հարց. դեսպանատան բացմամբ արդյո՞ք վիզաների ազատականացումը ԵՄ հետ կարող է արագանալ, ի՞նչ են պատրաստ դրա համար անել Նիրդերլանդները: 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալ եմ հարցի համար: Հայաստան-Եվրամիություն հարաբերություննեերի խորությունը և ծավալն այնքան մեծ է, հարցերի քանակը՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտակրթականից մինչև սեկտորալ համագործակցություն, և դա ամրագրված է շատ կարևոր պայմանագրի մեջ: Այս տարիների ընթացքում ձևավորված է այնքան խորը համագործակության փորձ, առկա է այնքան խորը ծավալ և ներգրավվածություն, որ բնականաբար այդ հարաբերությունները մեկ օրվա մեջ չեն փոխվում: Մեր և Եվրամիության մտադրությունն է միասին աշխատելու դեպի այդ հարաբերությունների խորացումը, ամրապնդումը: Այսօր մենք ունենք նոր ղեկավարություն Բրյուսելում, նոր հանձնաժողովի նախագահ, նոր խորհրդի նախագահ, նոր հանձնաժողով, հանձնակատարներ, ներառյալ, իհարկե, նոր բարձր ներկայացուցիչ արտաքին ուղղությամբ, նոր հանձնակատար հարևանության համագործակցության ուղղությամբ: Դեռևս երկու ամիս չի անցել, ինչ նոր հանձնաժողովը ներգրավվել է, և շատ ակտիվ է: Մենք ունենք տարիների ընթացքում ձևավորված շատ ամուր և շատ խորը ուղղություններ, և մեզ համար սա բնականոն շարունակություն է: Մեզ և Բրյուսելի համար հարցը երբևէ այլ կերպ չի եղել, որովհետև, նորից եմ կրկնում, մենք ունենք չափազանց լուրջ, խորը, լայն և գործնական օրակարգ, որը նաև ամրագրված լրջագույն համաձայնագրով: Այս ամենն ուրվագծում են մեր աշխատանքների շարունակությունը տարվա համար: Առկա են բոլոր նախադրյալները, որ լինեն բոլոր անհրաժեշտ շփումները բարձրագույն մակարդակով, որպեսզի մենք կարողանանք նաև այդ մակարդակով շարունակել այն, ինչ բոլոր դեպքերում մեր ազգային օրակարգի և միջազգային օրակարգի կարևորագույն կետերից մեկն է: 

Ի լրումն Նիդերլանդների ԱԳ նախարարի պատասխանի՝ Զոհրաբ Մնացականյան. Իմ կողմից ցանկանում եմ ավելացնել, որ մարդու իրավունքների օրակարգը նաև մեզ համար կարևորագույն ուղղություններից է մեր ազգային օրակարգում, այնպես էլ՝ միջազգային հարաբերություններում և մեր միջազգային ներգրավվածության մեջ: Գիտեք, որ մենք այժմ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, գիտեք, որ մենք համագործակցում և անդամ ենք տարբեր կազմակերպությունների, որտեղ մարդու իրավունքներն օրակարգային գերակա ուղղություն են, օրինակ Եվրոպայի խորհուրդը: Եվրամիության հետ մենք ունենք շատ կարևոր օրակարգ այդ բնագավառում: Կարող եմ ընդգծել նաև տարբեր այլ կառույցներ, ՄԱԿ-ն՝ առավել լայն իմաստով... Պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորվել է բավական լավ համագործակցություն նաև այս բնագավառում միջազգային հարթակներում միասին աշխատելու առումով: Գիտեք, որ կանխարգելման օրակարգը Հայաստանի համար չափազանց կարևոր ուղղություն է, և այդ առումով պետք է ընդգծեմ Նիդերլանդների շարունակական աջակցությունը: Մենք նույն մոտեցումներն ունենք կանխարգելման օրակարգի շուրջ: Տարբեր այլ ուղղություններով մենք ունենք նույնանման մոտեցումներ, ազատությունների առումով, տարբեր խմբերի՝ կանանց, երեխաների և այլ ազատությունների առումով, և այդ ուղղությամբ մենք ունենք բավական լավ ձևավորված համագործակցություն Նիդերլանդների հետ:

Ազատություն ռ/կ. Պարո՛ն Մնացականյան, անցած տարվա վերջին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ կարծես թե բանակցություններ են վարվում, որ Լեռնային Ղարաբաղում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիները և Ադրբեջանում գերեվարված հայաստանցի պատանդների հարազատները կարողանան փոխադարձ այցելություններ կատարել: Այս առումով ի՞նչ նորություն կա: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Այո, սա իրապես օրակարգային մի հարց է, որի շուրջ ես շատ հուսով եմ, որ կկարողանանք գտնել, վերջնականացնել այն անհրաժեշտ ձևաչափերը, այդ կազմակերպումը և անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան նման մարդասիրական քայլի: Սա բնականաբար մարդասիրական քայլ է, մարդասիրական նախաձեռնություն, սակայն մարդասիրականից բացի նաև հուսով եմ, որ իր դերն ունի փոխվստահության միջոցների համատեքստում: Միևնույն ժամանակ պետք է հիշեցնեմ այն զգայունությունը, որ կա այս հարցի շուրջ, զգայունությունը նաև այն առումով, որ այստեղ ներգրավված են մարդիկ, մասնավորպաես մեկը, որն անմիջապես կատարող է ոճրագործության, և մյուս կողմից մեզ համար չափազանց զգայուն և չափազանց ցավալի պահ է, երբ որ մենք ունենք մեր հայրենակիցներին, որոնք հայտնվել են այդ իրավիճակում: Այն, թե ինչպես մենք կարող ենք ձևաչափեր և լուծումներ գտնել, բավական բարդ է: Հարազատներին այցելության ձևաչափը մի բան է, որը հուսով եմ՝ կկարողանանք վերջնականացնել: Սա իրապես մարդասիրական քայլ է, և կշարունակենք աշխատել այն ուղղությամբ, թե ինչպես կարող ենք լուծում գտնել: Մեզ համար, ինձ համար, բնականաբար, առաջնային կարևորագույն հարցերից մեկն է մեր հայրենակիցներին ի վերջո վերադարձնել Հայաստան: Շնորհակալություն:

Տպել էջը