ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողների հարցերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

11 նոյեմբերի, 2019

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, 

Վերջին օրերին կարծես թե բավական հաճախացել են մեր շփումներն այս ձևաչափով: 

Ուրախ եմ ողջունել Հայաստանում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին, ով իմ  պաշտոնավորման ընթացքում առաջին պաշտոնական այցն է կատարում Հայաստան։ Շատ ուրախ եմ, որ ընդունել եք հրավերը: Այսօր հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ անդրադառնալու մեր երկկողմ օրակարգին՝ ի շարունակություն այս մեկուկես տարվա ընթացքում տարբեր հարթակներում մեր ունեցած  բազմաթիվ հանդիպումների: 

Մեր հարաբերություններն այնքան խորը և բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվարություն է անգամ մեզ համար։ Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող մեր ժողովուրդների  բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ հաղթանակներով, փոխադարձ վստահությամբ և մշակութային ընդհանուր ժառանգությամբ։ 

Նախարար Լավրովը Հայաստան է ժամանել դեռ երեկ։ Իրապես մեծ պատիվ էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հետ ներկա գտնվել Հայրենական Մեծ պատերազմում Հայաստանի ավանդը ներկայացնող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որով մեկնարկում է Հայաստանում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Մեր ընդհանուր հաղթանակում հայ ժողովրդի ավանդի մասին կարելի է երկար խոսել, և վստահ եմ, որ այդ ցուցահանդեսում ներկայացված նմուշները և արխիվային նյութերը արտացոլում են Մեծ հաղթանակում մեր հերոսական ավանդի ընդամենը մի փոքր մասը:

Այսօր մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։ Երկու երկրների առաջին դեմքերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների, այլ պետական մարմինների միջև հարաբերությունները մշտական ու աշխույժ բնույթ են կրում։ Մեր երկկողմ օրակարգում մեծապես կարևորում ենք նաև Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում։ Մեզ համար առանցքային է ԵԱՏՄ շուկայի հետագա ազատականացումը, ԵԱՏՄ-ի միջազգային կապերի ընդլայնումը՝ Սինգապուրի Սերբիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ նոր որակի համագործակցության միջոցով։

Երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված է ակտիվ համագործակցություն, ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի, այնպես էլ մասնագիտացված հանձնաժողովների ու կոմիտեների մակարդակով, ինչի վկայությունն է օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած հանձնաժողովի հերթական նիստը:

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է․ ընդ որում երկկողմ առևտրաշրջանառությունն աճող դինամիկա ունի, նախորդ տարվա համեմատ՝ մոտ տաս տոկոս։ Մենք նաև զարգացնում ենք ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի սուբյեկտների միջև։

Երկկողմ մշակութային կապերը պատկառելի պատմություն ունեն և հարստանում են ընթացիկ միջոցառումներով, որոնց թվում են Մոսկվայում տեղի ունեցող Հայկական մշակույթի խոշոր փառատոնը և Հայաստանում “Ռոսսոտրուդնիչեսվոյի” տասնամյակի միջոցառումները։

Մենք հետևողականորեն համագործակցում ենք նաև այլ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, որտեղ մենք համադրում ենք միջազգային համագործակցության, զարգացման և անվտանգության օրակարգի շուրջ մեր դիրքորոշումները և հանդես գալիս փոխադարձ աջակցությամբ:

Ի լրումն այսօրվա քննարկումների` մենք իմ գործընկերոջ հետ ստորագրեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների մասին 2020-2021թթ ծրագիրը՝ միաժամանակ գոհունակությամբ արձանագրելով նախորդ տարվա ծրագրի իրականացման ընթացքը։ 


Այսօրվա հանդիպմանը գործընկերոջս հետ անդրադարձանք նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի բազմաթիվ հարցերին: Ես երախտապարտություն հայտնեցի Ռուսաստանի Դաշնությանը Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության համար: Միաժամանակ ընդգծեցինք Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության կարևոր դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց, բնականաբար, ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրներին։ Ես բարձր գնահատեցի Ռուսաստանի՝ համանախագահ այլ երկրների հետ մեկտեղ միջնորդական առաքելությունը, որը մեկ անգամ ևս ընդգծվեց այս տարի ապրիլին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարի հրավերով կայացած հանդիպմամբ, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն: 

Հիմնախնդիրն, ինչպես բազմիցս նշել եմ, վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին, մարդկանց և նրանց իրավունքների և ազատությունների իրականացմանը: Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես ինքնորոշման իրավունքի իրականացումն առանց սահմանափակման և  հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: 

Հարգելի՛ ներկաներ, հայ-ռուսական օրակարգ համալիր ներկայացման համար շատ ավելի ժամանակ կպահանջվի, ուստի, սահմանափակվում եմ այս հիմնական ուղղությունների շեշտադրմամբ ու սիրով խոսքը կփոխանցեմ իմ գործընկերոջը:

Հարց. Որքա՞ն հավանական է ռուս մասնագետների մուտքը Հայաստանի  կենսաբանական լաբորատորիաների տարածք թույլատրման մասին հուշագրի ընդունումը, և որո՞նք են կենսաբանական անվտանգության շրջանակներում համագործակցության հետագա ծրագրերը: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Ես իմ կողմից հավելեմ, որ կենսաբանական անվտանգության հարցը շատ կարևոր է Հայաստանի համար: Տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է վերականգնել, ամրապնդել մեր հնարավորությունները, կենսաբանական անվտանգության  մեխանիզմի ստեղծման հնարավորությունները։ 

Ձեր հարցի ձևակերպման համատեքստում ցանկանում եմ վերահաստատել այն, ինչ արդեն իսկ ասաց Սերգեյ Լավրովը. հարցը վերաբերում է անվտանգության ոլորտի առավել լայն համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը, և մենք պետք է ավարտենք համաձայնությունների վերջնականացման գործընթացը: 

Քանի դեռ այս ամենն ընթացքի մեջ է, իհարկե, դժվար է ավելին ասել դրա մասին, սակայն ընդհանուր առմամբ այս փաստաթուղթը նույնպես իր հերթին մեզ հնարավորություն կտա Ռուսաստանի հետ համագործակցությամբ ամրապնդելու  կենսաբանական անվտանգության ոլորտում մեր հնարավորությունները և ներուժը, այնպես, ինչպես մենք դա արել ենք այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ: Առաջին հերթին, հարցը վերաբերում է մեր կենսաբանական անվտանգությանը: Շնորհակալություն:  

 

 

Տպել էջը