ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողների հարցերին Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսին

28 հոկտեմբերի, 2019

Բարի օր, սիրելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ ողջունելու իմ գործընկերոջը` Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևային Երևանում, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցով: Այս այցը համալրում է Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան: 

Հայ-բուլղարական հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա, ինչը հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: Բուլղարահայ գաղթօջախի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 5-րդ դարից։ Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ հայ ժողովրդի ազգային հերոսներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել բուլղար ժողովրդի ազատագրական պայքարում՝ արժանանալով նաև բազում պետական պարգևների։ Համիդյան ջարդերից ու Ցեղասպանությունից հետո բուլղար ժողովուրդը հյունընկալեց մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի։ Այսպիսով, երկու ժողովուրդները նաև ճակատագրի բարեկամներ են։

Հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները բազմաշերտ են ու հագեցած շփումներով: Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ, անյպես էլ բազմակողմ ձևաչափում ու ակտիվ մասն են կազմում ՀՀ-ԵՄ երկխոսության համատեքստում։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ Բուլղարիան այն տասնվեց պետություններից է, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։

Տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն դեռևս առաջընթացը բավարար չենք կարող գնահատել։ Այս առումով մենք կարևորում ենք հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի ութերորդ նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտին Երևանում։ Հանձնաժողովի շրջանակներում անցկացված բիզնես ֆորումը կարևոր իրադարձություն էր երկկողմ գործարար կապերն ընդլայնելու համար։ Ուստի առկա է նաև մեր տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման ներուժի օգտագործման համար քայլերի նախանշման հենքը:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր հարաբերությունների առանցքում նաև ժողովուրդների, մեր հասարակությունների միջև կապերի ամրապնդումն է: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ նաև ուղիղ կապի ձևավորումը, այդ թվում՝ Երևան-Սոֆիա թռիչքների մեկնարկի միջոցով, ինչը կնպաստի տնտեսական ու տուրիստական բնագավառներում համագործակցությանը, մշակութային և մարդկային կապերին։ Որպես համագործակցության խոստումնալից բնագավառներ՝ գործընկերոջս հետ առանձնացրինք զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտները։ Կարծում եմ՝ բժշկության ոլորտում նույնպես կարող ենք ունենալ երկկողմ համագործակցության բավական հետաքրքիր ձևաչափ: 

Որպես խորհրդարանական հանրապետություն, որն ընթանում է ժողովրդավարության ուղիով, Հայաստանը մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը։ Երկու երկրների խորհրդարաններում արդյունավետ գործում են բարեկամական խմբերը: Այս տարի նախատեսվում է նաև ՀՀ-ԲՀ պատգամավորական բարեկամական խմբի այցը Հայաստան:

Մեր երկրներն ակտիվ համագործակցում են նաև մշակութային, կրթական և գիտական բնագավառներում։

Հայաստանը և Բուլղարիան ակտվի համագործակցում են միջագային տարբեր ձևաչափերում։ Այս համատեքստում մենք երախտապարտ ենք ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհրդի անդամակցության հարցում Բուլղարիայի ցուցաբերած աջակցության համար։

Մենք նաև կարևորում ենք մեր երկկողմ իրավական դաշտի մշտապես ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ուրախ եմ նշելու, որ այսօր մեր հանդիպման արդյունքում ստորագրեցինք երկու կարևոր փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր, որը ստորագրեցին տիկին Զախարիևան և նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրություն: 

Բնականաբար, գործընկերոջս հետ անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի: Ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնց առանցքում ընկած են Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքները՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:

Այսքանը իմ կողմից։ Հարգելի՛ տիկին Զախարիևա, բարի գալուստ Հայաստան։ Խոսքը փոխանցում եմ Ձեզ։

Հանրային Ռադիո, Աննա Նազարյան. Պարո՛ն Մնացականյան Չավուշօղլուն Բաքվում մի շարք հայտարարություններ է արել՝ հայերին անվանելով ահաբեկիչներ, մանսավորապես նշելով՝ «Քրդական աշխատավորական կուսակցությունը, որ բաղկացած է հայերից»։ Նաև նշել է, որ ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին, որպեսզի վերադարձնեն տարածքները։ Ի՞նչ է սա նշանակում, որքանո՞վ ռազմական գործողությունները կարող են տարածվել դեպի Հարավային Կովկաս։ 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար։ Բնականաբար, նորություն չէր նման տոնայնությունը և նման դիրքորոշումը։ Մենք նման մոտեցումներ տարբեր այլ առիթներով, այլ ձևակերպումներով լսել ենք, որը ևս մեկ անգամ ընդգծում է այն մոտեցումը, որն արտահայտված է մեր արտաքին քաղաքականության մեջ, որ սա իրենից ներկայացնում է անվտանգության վտանգ և որ սա շատ լուրջ խնդիր է։ Դուք գիտեք երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը, որ մենք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունն առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները, սակայն նման պայմաններում, բնականաբար, դատապարտելի է Թուրքիայի այդ մոտեցումը և դիրքորոշումը: Դա արտահայտում է մեր այն խորքային մտավախությունը, որ վերաբերում է Հայաստանի անվտանգության համար Թուրքիայի կողմից վտանգ ներկայացնելու հանգամանքին: 

Իր այն բոլոր տեսակետները, որ հայտնվել էին, ժխտվում են և դատապարտելի են։ 

Արմենիա հեռուստաընկերություն, Դավիթ Սարգսյան. Պարո՛ն Նախարար, BBC HardTalk հաղորդաշարին տված Ձեր հարցազրույցը վերջին օրերին շատ է քննարկվում, և կան շատ հակասական գնահատականներ։ Քննադատները մասնավորապես Ձեզ մեղադրում են, որ Դուք չեք արձագանքել հաղորդավարի այն պնդմանը, որ Արցախը Հայաստան չէ, և այդ ուղղությամբ են շատ խոսում։ Կխնդրեի Ձեր պատասխանը, Ձեր արձագանքը։ 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար։ Իրականում շատ ուրախ էի գրանցելու, որ Հայաստանը բացառություն չի. նման հաղորդումը ժողովրդավարական երկրում, իր յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է դառնում, ոչ միայն Հայաստանում, և այդ առումով ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում առկա է բազմակարծություն, կարծիքների բազմազանություն, գոյություն ունի քննադատություն, գոյություն ունի նաև աջակցություն։ Ես էլ նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է և ի ցույց է դնում այն ամենը, ինչի վրա մենք պնդում ենք՝ բազմակարծություն, ժողովրդավարական հիմքերի առկայություն, ժողովրդական դեբատի, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդում։ 

Եվ շատ ուրախ եմ տվյալ հարցազրույցին մասնակցելու իմ համաձայնության համար՝ ամբողջությամբ գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է, ուրախ լինելով գնալ այնտեղ՝ ամրագրելու այն դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից, որոնք վերաբերվում են մեզ, հաշվի է առնվել նաև այն, որ դա բավական դինամիկ երկխոսություն է լինելու։ Իմ առաջին կետը դա է։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում սա առաջ է բերել բավական ակտիվ քննարկում, որն ինձ համար արտահայտություն է առաջին հերթին կարծիքների բազմազանության, և այդ առումով նաև շնորհակալ եմ. տարբեր կարծիքներ են եղել, քննադատական, կառուցողական քննադատության մեջ, և ինձ համար նաև շատ օգտակար էր լսել այդ ամենը։

Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, հուսով եմ, որ բոլորն են կիսում այդ դիրքորոշումը, այն կարծիքը, որն արահայտվել է նաև ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած են մեզ համար ամենակարևորագույնը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը։ Կարծես թե մենք բազմիցս սրա մասին խոսել ենք և արտահայտել ենք դա բոլոր հարթակներում, ներառյալ այս շատ յուրահատուկ ոճ ունեցող ծրագրում։ Սա է խնդրի էությունը։ 

Բոլորիս համար նաև շատ պարզ է և նորություն չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճի հարց չէ. մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է։ Եվ այստեղ մեզ համար, առաջնային մեր մտահոգությունը վերաբերում է մարդուն՝ իր անհատական և հավաքական իրավունքներով և առաջին հերթին՝ կարգավիճակը որոշելու իրավունքով: Կարգավիճակ և անվտանգություն. կարծես թե բոլորի համար գաղտնիք չէ, որ դրանք մեր մշտապես առաջ մղվող կետն են։ Բնականաբար, Արցախը, ինչպես Հայաստանի Հանրապետությունը տարածք է, որտեղ ապրում են հայեր: Որպեսզի այն մնա պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը պաշտպանվեն այսօր և ապագայում: 

Մենք եղել և մնում ենք միջազգային հանրության լիարժեք անդամ, եղել և մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը: Նորից որևէ նոր բան, կարծես թե, այստեղ չի ասվել: Սա է ուղերձը, և այս ուղերձը եղել և մնում է այն հիմնականը, որը տարբեր առիթներով, տարբեր ձևաչափերով, տարբեր մեթոդներով շարունակելու ենք ամրապնդել բոլոր հնարավոր ձևերով, որը հնարավորություն է տալիս ավելի սփռելու սա և ավելի հասանելի ու մատչելի դարձնելու միջազգային հանրության որքան հնարավոր է լայն շրջանակների: Սա մեր մեթոդն է, սա մեր քաղաքականությունն է, որն առանց որևէ կաշկանդման շարունակելու ենք՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ տեսակի հեռուստածրագիր է, և շատ լավ գիտակցելով դրա առավելությունը, որ նման ոճի մեջ հնարավոր է լինելու ավելի դինամիկ ձևով արտահայտվել: Կան տարբեր կարծիքներ: Կարծիքները շատ օգտակար են, բայց իմ առաջնային խնդիրը եղել է այն, որ առավելագույնս սփռենք այն, ինչը մեզ համար առաջնահերթություն է:

Սա առաջին առիթը չէր: Այս մեկ ու կես տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ են եղել խոսելու միջազգային հանրության հետ տարբեր միջոցներով, ներառյալ՝ մամուլի միջոցով: Սա շարունակվելու է, և նորից փնտրելու ենք նոր առիթներ, որպեսզի շարունակենք սփռել այն, ինչը մեզ համար առաջնային է: Մենք նոր, տարբեր բաներ որևէ տեղ չենք ասում: Եվ այն, ինչ մենք ասում ենք, մեր ներքին, ներքաղաքական դեբատում առավել քան հայտնի է, և առավել քան ակտիվ քննարկում ենք մեր ներքին դեբատների մեջ: Եվ այդ առումով շնորհակալ եմ Ձեզ հարցի համար: 

Ցանկանում եմ կրկնել, որ շնորհակալ եմ, որ ի հայտ եկավ այն, ինչն ամենակարևորն է. մեր հասարակությունը շատ դինամիկ է, բազմակարծիք և բազմազան է, և դա արտահայտելու բոլոր միջոցները կան: Եվ սա ամենակարևորն է այս ամենի մեջ: Մենք բացառություն չենք: Նման ծրագրերում ներգրավվելը մեր նման հասարակություններում առաջացնում է ներքին, ներքաղաքական դեբատ: Սա ես համարում եմ մեր ժողովրդավարության հիմքերի ևս մեկ արտահայտություն, թե ինչպես է մեզ մոտ կառուցվում և ընթանում ներքին, ներքաղաքական դեբատը: Միայն շնորհակալ եմ: 

Ազատություն ռադիոկայան. Պարո՛ն Մնացականյան, հարցս Ձեզ է ուղղված: Փաշինյան-Ալիև հանդիպում առաջիկայում նախատեսվում է, թե՞ ոչ: Եվ այդ հնարավոր հանդիպման ընթացքում քննարկումներն ի՞նչ փաստաթղթի շուրջ են լինելու, որովհետև Վիեննայի հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ ասել էր, որ ինքը, որպես նոր մարդ բանակցություններում, դեռևս ծանոթանում է սեղանին եղած փաստաթղթերին: Ավարտվե՞լ է արդյոք այդ փուլը, և նոր փուլ շրջակոխվե՞լ է, թե՝ ոչ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն Ձեզ հարցի համար: Անհրաժեշտ է մի փոքր ավելի շտկել կոնտեքստը:Ինչ վերաբերում է հանդիպմանը, որպես այդպիսին, ամենաբարձր մակարդակով՝ ղեկավարների մակարդակով, հանդիպում այս պահին չի ծրագրվում: Այս պահին ծրագրվում է արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների շարունակությունը: Եվ դա կլինի մոտակա ամիսների ընթացքում: Կարծում եմ, որ այդ մասին արդեն խոսվել է: Այո՛, մենք այժմ ավելի շատ կենտրոնացած ենք, որպեսզի շարունակենք իրականացնել մեր հանդիպումներն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եվ դա հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպումները նախապատրաստելու համար: Ամեն ինչն իր հերթին:

Հարցի երկրորդ մասի առնչությամբ, մեր օրակարգը վերաբերում է թե՛ բուն խաղաղ կարգավորմանն առնչվող անմիջական, ուղղակի հարցերին, թե՛ նաև այն միջավայրին, որի շրջանակներում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը: Մենք ունենք նաև տարբեր այլ հարցեր, որոնք վերաբերում են կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել այս շրջանում, բայց դեռևս իրականացման փուլում են: Հուսով եմ, որ մոտակա շրջանում մենք կկարողանանք իրականացնել որոշ քայլեր, որոնք ծառայում են այդ պայմանավորվածությունների իրականացմանը: Դուք գիտեք, որ եղել է նաև շփում մեր ղեկավարների միջև Աշխաբադում, որը շատ օգտակար էր այն առումով, որ կարողացել ենք վերահաստատել որոշ մոտեցումներ, սկզբունքներ, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին: Հիմա մենք կենտրոնացած ենք այդ հարցերի վրա: 

Դուք հարցրիք, թե ինչ թուղթ է բանակցությունների սեղանին: Ասել եմ արդեն, որ կոնկրետ թղթի վրա  ամրագրված ձևակերպումների շուրջ մենք դեռևս չենք աշխատում: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու համար, թե ինչպես կարող ենք կառուցել կողմերի միջև պարտավորությունների այդ անհրաժեշտ համաչափությունը:

Հարց. Իսկ սեղանին դրված փաստաթուղթ չկա՞:

Զոհրաբ Մնացականյան. 27 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ փաստաթղթեր, վերջինը, գիտեք՝ Կազանյան փաստաթղթերն են եղել: Եղել են տարբեր գաղափարներ, որոնք արտահայտվել են այսպես, թե այնպես: Ծանոթանալու գործընթացը մի բան է: Բայց սա չի նշանակում, որ վարչապետն այսքան ժամանակ… Վարչապետը շատ լավ, շատ հստակ տիրապետում է հարցին: Եվ բնական է՝ փորձում է էլ ավելի խորացնել տարբեր նրբություններ, նյուանսներ, որոնք տեղի են ունեցել անցած տարիների ընթացքում: Նույնը վերաբերում է յուրաքանչյուրին, ով զբաղվում է այս հարցով, և ոչ մեկը բացառություն չէ: Նույնիսկ նրանք, ովքեր ամբողջ 27 տարվա ընթացքում են զբաղվել այս հարցով, պարբերաբար թարմացնում են իրենց գիտելիքը, հիշողությունը, որպեսզի վստահ լինեն, որ լավ տիրապետում են ամեն ինչին: Այստեղ զուտ հստակ լինելն է, որ անհրաժեշտ մակարդակով տիրապետում ես և՛ հարցին, և՛ դրա նրբություններին, և՛ պատմությանը և այլն: Շնորհակալություն:

 

Տպել էջը