ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ ՀՀ անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ

21 սեպտեմբերի, 2019

Զոհրաբ Մնացականյան․ Բարև Ձեզ, շնորհավորում եմ բոլորին։

Հարց․ Պարոն նախարար, որոնք են առաջիկա հանդիպման ակնկալիքները: Ձեր և Մամեդյարովի հանդիպմանը հնարավո՞ր է՝ քննարկվի գերիների փոխանակման հարցը։

Զոհրաբ Մնացականյան․ Մենք ունենք հարցերի ամբողջ ցանկ, որոնք ընդգրկված են մեր զրույցների, մեր երկխոսության, մեր բանակցությունների օրակարգում։ Եվ դրանք սահմանափակված չեն ինչ-որ հարցերով։ Իրականում բազմիցս խոսել եմ և վստահ եմ, որ դուք բոլորդ շատ լավ պատկերացնում եք այն օրակարգը կամ մեր հարցերի այն ցանկը, որոնք մեզ համար մշտական և առաջնային կարևորություն ունեն: Խոսքն ամիջապես խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերի ցանկի մասին է։ Դուք շատ լավ գիտեք մեր մոտեցումները։ Ընդգծել ենք՝ ինչն է կարևորագույնը մեզ համար։ Չկրկնեմ։ Մենք ունենք նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք շատ էական են: Մենք նաև ընդգծում ենք բանակցային գործընթացի համար այն միջավայրը, որի մեջ իրականացվում է խաղաղ գործընթացը։ Եվ այստեղ մենք ունենք նաև Ձեր բարձրացրած հարցը, որն, իհարկե՛, մեզ համար շատ էական, շատ մեծ նշանակություն ունի, թե ինչպես է սա անդրադառնում մեր հայրենակիցների վրա։

Հարց․ Պարոն Տոնոյանն ասաց, որ ․․․

Զոհրաբ Մնացականյան․ Այո՛, պարոն Տոնոյանի ասածին ավելացնելու բան ես չունեմ։ Տոնոյանի և իմ կարծիքները չեն տարբերվում։

Հարց․ Ինչպե՞ս եք պատկերացնում մեր քաղաքացիների վերադարձը, երբ դրանք համարժեք փոխանակումներ համարել չի կարելի։

Զոհրաբ Մնացականյան․ Ես պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև սա խիստ մարդասիրական հարց է․ նրանք հանցագործնություն չեն գործել, նրանք որևէ հանցանք չեն գործել, որը նրանց դուրս հանի մարդասիրական դաշտից։ Այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլ իրականացնելն է և վերադարձնելը։

Հարց․ Բայց պաշտոնական Արցախը, կարծես թե, դեմ է։ 

Զոհրաբ Մնացականյան․ Ես խոսում եմ մեր քաղաքացիների՝ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի մասին։ 

Հարց․ Եվ Ադրբեջանի կողմը պատկերացնում է փոխանակում, մեծ հաշվով, հանցագործների հետ։

Զոհրաբ Մնացականյան․ Մենք արդեն խոսել ենք, և հիմա ես չեմ ցանկանա որևէ նոր բան ավելացնել։ Դուք շատ լավ հասկանում եք, որ դա մի հարց է, որը մեր օրակարգում է։ Եվ, բնականաբար, ներգրավվածություն լինելու է, այդ հարցով քննարկում լինելու է։ 

Հարց․ Հանդիպմանը նաև երկրի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին խոսակցություն լինելու՞ է։

Զոհրաբ Մնացականյան․ Դեռևս չշտապենք։ Մենք այժմ կենտրոնացած ենք այս գալիք հանդիպման վրա և դրանից հետո կկարողանանք տեսնել հաջորդ քայլերը։ Շատ էական է՝ այս փուլն անցնենք, հետո կծրագրենք։ Հիմա եթե ասեմ՝ մենք արդեն տեսնում ենք ղեկավարների մակարդակով հանդիպման հաջորդ քայլը, մի քիչ շտապողականություն կլինի։

Հարց․ Դեռ նախորդ սեպտեմբերին էր խոսվում, որ Թրամփ - Փաշինյան հանդիպում է լինելու։

Զոհրաբ Մնացականյան․ Բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա, որն  այսպես թե այնպես տեղի է ունենալու։ Բայց նորից եմ ցանկանում կրկնել և ընդգծել, որ Միացյալ Նահանգների հետ մենք ունենք շատ ծավալուն երկխոսություն, շատ ծավալուն օրակարգ։ Եվ եթե ուղղակի դատեք, թե ինչ մակարդակով ենք մենք հանդիպում և ինչ հաճախականությամբ ենք մենք հանդիպում, եթե դատեք, թե երկխոսության ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում... Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով, ես Նյու Յորքում բարձրաստիճան մակարդակով ևս մեկ հանդիպում եմ ունենալու։ Այս ամենը մեզ համար շատ էական է, քանի որ Միացյալ Նահանգները մեզ համար շատ կարևոր գործընկեր է, մենք ունենք օրակարգային բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանի անվտանգությանը, մեր երկկողմ օրակարգին, երկկողմ հարաբերություններին, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությանը Հայաստանին։ Այստեղ ես վստահությամբ եմ ասում, որ այդ աջակցությունը, որը մենք ստանում ենք Միացյալ Նահանգներից և՛ քաղաքական առումով, և՛ ֆինանսական առումով, շատ կարևոր է, շատ մեծ նշանակություն ունի: Բացի դրանից կան գլոբալ բնույթի այլ օրակարգեր: Միացյալ Նահանգները մի երկիր է, որը գլոբալ դերակատարություն ունի, կենտրոններից մեկն է, որի հետ մենք այդ երկխոսությունն ունենք, և սա մեզ համար շատ գոհացուցիչ է: Բնականաբար, հաճախ հարցնում եք՝ խնդիր ունենք, թե չունենք: Այստեղ հարցը ավելի իրատեսական է. մենք մեր յուրաքանչյուր գործընկերոջ հետ ունենք ինչ-որ հարցեր, որը շատ բնական է, հակառակ պարագայում ինչի՞ համար են գործընկերները: Որքան կարող ենք, որքան ունակ ենք ղեկավար որոշում ընդունողների մակարդակով գտնել այն լուծումները, առաջ տանել այն, ինչ կարևոր է մեզ համար, Հայաստանի համար: Մեր հիմնական գործընկերների հետ, որոնցից մեկը Միացյալ Նահանգներն է, աշխատել և պահպանել այն՝ ինչը կոչվում է ՀՀ անվտանգության ճարտարապետության համապարփակություն: Այդ առումով մենք բավարարված ենք և՛ այս երկխոսության հետևողականությամբ, և՛ մակարդակով: Բոլոր առումներով մենք դեֆիցիտ չունենք հասցնելու և քննարկելու բոլոր հարցերը, որոնք առաջնային են և Ձեր ասած հանդիպումն այսպես թե այնպես տեղի կունենա: 

Հարց: Եկատիրինա Մատերնովայի մասին եմ հարցնում: Դուք հանդիպել եք նրան, ի՞նչ մեսիջներ ստացաք:

Զոհրաբ Մնացականյան: Նույն հարցն է: Եկատիրինա Մատերնովան մեկն է բազմաթիվ այլ գործընկերներից, որոնց հետ մենք աշխատում ենք: Այստեղ՝ նույն Եվրամիության հետ, և բարձր ղեկավարության հետ՝ Տուսկը, Յունկերը և Մոգերինին՝ ղեկավար կազմից մինչև բոլոր մեր գործընկերները, որոնք անմիջական դերակատարություն ունեն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, նորից առկա է մշտական երկխոսություն: 

Ձեր նշած անձի առումով հիմնական հարցերը վերաբերում են, թե ինչպես ենք մենք շարունակելու այն գործնական քայլերը, որոնք վերաբերում են ՀԸԳՀ-ի՝ մեր պայմանագրի, մեր համաձայնագրի կիրարկմանը:

Դուք գիտեք, որ մենք արդեն ունենք այդ «ճանապարհային քարտեզը», մենք ունենք մեր ներսում ձևավորված մեխանիզմը՝ միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը։ Գործնական առումով մտել ենք այն փուլը, որտեղ արդեն իրականացնում ենք։ Իրականացումը վերաբերում է թե՛ ստանդարտների որոշ մոտարկումների, թե՛ համագործակցության այլ ձևերի, որոնք բխում են պայմանագրից։ Բացի դրանից մենք ունենք բավական լայն օրակարգ։ Եվրամիությունը Հայաստանի համար շատ կայուն գործընկեր է՝ շատ կայուն և ներգրավված։ Որևէ խնդիր մենք չենք ունեցել իրենց հետ։

Հարց․ Աջակցության մասին խոսք գնացե՞լ է, պարո՛ն Նախարար։

Զոհրաբ Մնացականյան․ Փաստացի, այդ աջակցության արտահայտությունը մենք արդեն ունեցել ենք այս տարի, երբ գրեթե կրկնակի, ոչ ամբողջապես, ավելացել է Եվրամիության կողմից Հայաստանին աջակցության ծավալը՝ այս տարվա համար կազմելով 65 մլն։ Եվ այս ամենը շարունակվում է, կանգ չի առնում։

Հարց․ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ստանիսլավ Զասը հանդիպել էին։ Եվ նաև շրջանառվում է, որ ՀԱՊԿ․․․

Զոհրաբ Մնացականյան․ Ինչ վերաբերում է այդ շրջանառված հարցին՝ ուղղակի խնդրում եմ Ձեզ նայեք՝ ինչպես է ձևավորված այդ կարգավիճակը ստանալու ընթացակարգը և մտածեք, թե մենք ինչ ենք անելու։

Հարց․ Ամեն դեպքում Հայաստանի համար դա օգուտ է՞, թե՞ վնաս։

Զոհրաբ Մնացականյան․ Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է իր ինքնիշխանության 28 ամյակը։ Որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ է և ունի նույն ձայնը և նույն ներգրավվածությունը, ինչ բոլոր մյուս անդամները։ Հիմա եթե Դուք համադրեք սա ընթացակարգի հետ, ստանաք Ձեր հարցի պատասխանը։ Կարիք չկա հետևել մի հարցի, որի պատասխանը բոլորս շատ լավ գիտենք։

Տպել էջը