ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ

20 մարտի, 2019

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Եվ կրկին երկար դադարից հետո, նորից ողջունում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարությունում: Ուզում եմ ասել, որ այսօր մեզ միացել են նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, ովքեր ուսումնասիրում են այս առարկան, խնդրում եմ չզարմանալ նոր մասնակիցների հետ կապված:

Նախ խոսքս սկսեմ մի քանի տեխնիկական դիտարկումներից: Արտաքին գործերի նախարարությունը նաև իր հաշիվն է բացել Flickr հարթակում, որտեղ մենք փորձելու ենք շատ օպերատիվ կարգով տեղադրել նաև պաշտոնական հանդիպումների լուսանկարներն ինչպես պաշտոնական, այնպես էլ` ոչ պաշտոնական ձևաչափով:

Երկրորդը կապված է հավատարմագրման հետ: Շատ են եղել դեպքերը, երբ խնդիրներ են առաջացել հավատարմագրման հետ կապված, երբ հավատարմագրված լրագրողը հասանելի չէ: Մենք մինչև ապրիլի 15-ը, հարգելի՛ լրագրողներ, նորից հայտարարում ենք տարեկան հավատարմագրում: Ուստի եթե անհրաժեշտություն կա ընդլայնել ձեր գործընկերների շարքը, խնդրում եմ դիմեք, որպեսզի նրանք կարողանան անխափան մուտք գործել ԱԳՆ՝ միջոցառումները լուսաբանելու համար:

Գիտեմ, որ երկար ժամանակ է անցել, ուստի ես չեմ ամփոփի ամբողջ ընթացակարգը, թե ինչ է տեղի ունեցել: Ուղղակի մի քանի միջոցառումների հրավիրեմ Ձեր ուշադրությունը:

Մարտի 1-ից Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում երկրում տեղի են ունենալու մոտ 600 միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ` Հայաստանի մարզերում։ Իսկ այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է, և համապատասխան միջոցառում է տեղի ունենալու նաև արտաքին գործերի նախարարությունում: Այս օրը նաև լավ առիթ է վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին և կարևորելու ՖՄԿ-ի դերը՝ որպես հանդուրժողականության, բազմազանության և համերաշխության հարթակ:

Մարտի 11-ից 15-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում Հայաստանում կայացավ ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը,  եղել են նաև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ Հայաստան:

Իսկ մարտի 11-ից 12-ը Հայաստանում է գտնվել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, ով այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Նշեմ, որ այս ընթացքում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև, տեղի են ունեցել հայ-իսրայելական և հայ-բելառուսական քաղաքական խորհրդակցություններ:

Առաջիկա միջոցառումներին մասին.

Մարտի 22-ին տեղի են ունենալու հայ-ուկրաինական քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների ԱԳՆ-ների միջև, որին մասնակցող հայկական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Մարտի 20-ից 22-ը Բուենոս Այրեսում տեղի է ունենում ՄԱԿ-ի Հարավ-Հարավ համագործակցության միջազգային համաժողովը, որին մասնակցում է հայկական պատվիրակությունը: Այն գլխավորում է  ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:

Մարտի 21-ից 22-ը Հայաստան է այցելելու Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությունը: Տեղի են ունենալու հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մարտի 26-ից 28-ը Հայաստան է այցելելու ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։ Հանդիպումներ են նախատեսված ՀՀ բարձր ղեկավարության հետ, Ազգային ժողովում:

Ապրիլ 2-ից մեկնարկելու է արտաքին գործերի նախարարի այցն Աֆրիկյան  տարածաշրջան, մասնավորապես Եթովպիա և Ռուանդա։ արտաքին գործերի նախարարն ապրիլի 7-ին Ռուանդայում մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը։ Նշենք, որ  Հայաստանը և Ռուանդան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Եվ այս այցը նաև կարևոր է թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներն ուսումնասիրելու  առումով:

Ապրիլի 4-ին Եվրամիությունում նախագահող Ռումինիայի մեր գործընկերների հետ Երևանում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառում. դրա մանրամասները ավելի ուշ կհայտնենք:

Ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների նիստին  հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հայտարարությունների մասով այսքանը, հիմա պատրաստ եմ լսել ձեր հարցերը:


Արմենիա հեռուստաընկերություն. Շնորհակալություն, 3 հարց: Առաջինը՝ Իսրայելում դեսպանություն ենք նախատեսում բացել, ե՞րբ է դա նախատեսվում, երկրորդը՝ արդյո՞ք նախատեսվում է վարչապետի այցն Իսրայել և ե՞րբ, և երրորդը՝ Թուրքիան և Իսրայելը հիմա լարված հայտարարություններ են միմյանց հետ փոխանակում և կրկին շահարկում են Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք, շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Շնորհակալություն: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է մեր քաղաքական օրակարգում, և դա պայմանավորված է դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող  շարունակական բարեփոխումներով: Այդ հարցին դեռևս հոկտեմբերին անդրադարձել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իսրայելական թերթերից մեկին տրված հարցազույցում, ուստի, ինչպես տեսնում եք, սա շարունակական գործընթաց է, և դրա զարգացումների վերաբերյալ հանրությունը, բնականաբար, պատշաճ կարգով տեղյակ կպահվի:

Ինչ վերաբերում է այցերի հնարավորությանը. մենք Իսրայելի հետ ունենք ձևավորված օրակարգ, և դրա բաղկացուցիչ մասն են կազմում նաև փոխադարձ այցելությունները: Երբ որ հստակեցում լինի այդ օրակարգի շուրջ, ինչպես գիտեք, մենք միշտ համաձայնեցված կարգով դրա մասին հայտարարում ենք:

Մենք Իսրայելի հետ ունենք ձևավորված օրակարգ: Ինչպես նշեցի նաև փոխարտգործնախարարն էր Իսրայելում՝ քաղաքական խորհրդակցություններ իրականացնելու համար. անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին, և մենք մեր հետագա քայլերը կառուցելու ենք հենց այս ամենի շուրջ:

Երրորդ հարցի վերաբերյալ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, նախ և առաջ, բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին: Ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը համամարդկային արժեքների գերակայությունն է, մարդու իրավունքների վերահաստատումն է՝ ուղղված նման հանցագործությունների կանխարգելմանը և կրկնության բացառմանը, և դրանք պետք է զերծ լինեն որևէ ներքաղաքական համատեքստից կամ աշխարհաքաղաքական զարգացումներից:

Մենք այս հարցի առնչությամբ միշտ ընդգծել ենք, որ պետք չէ երկկողմ ընթացակարգ փնտրել այնտեղ, որտեղ դա չկա: Սա Հայաստանի ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում այն տեսլականով, որ որևէ ժողովուրդ այլևս չվերապրի այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ: Մենք մշտապես աշխատելու ենք այս ուղղությամբ, դա մեր գերակայությունն է, և մենք մեր ջանքերն ենք ներդնելու միջազգային հանրության պայքարին՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

Կարծեմ նշել եմ, որ մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին: Ինչպես նշեցի, Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը բարոյական հարթակում է:

Հանրային ռադիո. Կա՞ ասելիք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ժամկետների և վայրի մասին: Նախորդ շաբաթ ԵԱՀԿ գործող նախագահն էր Հայաստանում և ասաց, որ աջակցում է Մինսկի խմբին: Իսկ նոր գաղափարներ բերել էր նա: Եվ մի հարց էլ ամերիկյան հատկացումների հետ կապված: Հայկական լոբբիստական կազմակերպություններն այնտեղ աշխատանք տանում են, անգամ գումարի չափի մասին տեղեկություններ կային: Արտգործնախարարությունն աշխատու՞մ է այս ուղղությամբ, և ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել:

Աննա Նաղդալյան. Գիտեք, առաջնորդների հանդիպման ժամկետների մասով կարծեմ նախարարն Ազգային ժողովում արդեն հայտարարեց, որ կա սկզբունք, որին մենք մշտապես հետևում ենք, և դեռևս այն փուլը չէ, որ մենք կարողանանք համաձայնեցված կարգով հայտարարել այդ հանդիպման մասին: Կխնդրեմ ուղղակի սպասել: Մենք այս սկզբունքը երբևէ չենք խախտել, և այս դեպքը բացառություն չի լինելու: Այս առումով նշեմ, որ արտաքին գործերի նախարարությունը միջնորդների հետ մշտական կապի մեջ է, և շփումները շարունակվում են այս ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում հանգուցալուծման ուղղությամբ միջնորդների կողմից գործադրվող ջանքերը: Ուղղակի հանդիպման մասով այսքանը կարող եմ ասել:

Իսկ պարոն Լայչակի ամբողջ կոնցեպտը, թե ինչ է ինքը բերել, և թե ինչ է առաջարկում ղարաբաղյան հակամարտության մասին, նա անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, և այստեղ որևէ բան չեմ կարող ավելացնել:

Ինչ վերաբերում է ամերիկյան հատկացումներին: ԱՄՆ կողմից տարբեր երկրներին, այդ թվում Հայաստանին, տրամադրվող աջակցությունն այս շրջանում մշտապես քննարկվում է ամերիկյան գործադիր և օրենսդիր շրջանակներում: Հայաստանը մշտապես եղել է այդ օգնության շահառումներից մեկը, և դրա շնորհիվ Հայաստանում իրականացվել են տնտեսական զարգացմանը, մարդու իրավունքների և այլ կարևոր ոլորտներում լայնածավալ բարեփոխումներ: Այն, ինչին որ հղում է կատարվում և՛ լոբիստական կառույցների կողմից, և՛ մամուլում, վերաբերում է այս օրերին ԱՄՆ-ում ընթացող քննարկումներին, որոնք սովորաբար տևում են ամիսներ: Այս հարցը միակը չէ ԱՄՆ հետ մեր օրակարգում, մենք փոխգործակցության հարցը նույնպես կարևորում ենք և հետամուտ ենք լինելու նաև այդ հարցին:

Ամեն դեպքում ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն իր մասով կատարելու է ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգը և հետևելու է այդ օրակարգին:

Հանրային հեռուստատեսություն. ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ կարծում է, Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու ժամանակն է, կամ դրանք, առնվազն, վերանայման կարիք ունեն: Արդյո՞ք համընկնում է պաշտոնական Երևանի տեսակետը, և առաջիկա հանդիպմանը ղեկավարներն ի՞նչ սկզբունքների շուրջ են բանակցելու:

Աննա Նաղդալյան. Կներեք, որ նորից պետք է ասեմ, բայց Ձեզ պատասխանելու համար պետք է վկայակոչեմ նախկինում արդեն արված մեկնաբանությունները, որ պարոն Մայլիյանն իր տեսակետն է հայտնել որպես Արցախի ներկայացուցիչ, իսկ Արցախն ինքնուրույն քաղաքական միավոր է, որն ունի իր կողմից ընտրված իշխանություն, ունի իր տեսակետը, և նա արտահայտնել է իր կարծիքը որպես այդ քաղաքական միավորի ներկայացուցիչ:

Ինչ վերաբերում է, թե արդյոք սրանում հակասություն կա, թե՝ ոչ, իրականում այստեղ հակասություն չկա: Կան հարցեր, որոնք մենք մշտապես քննարկում ենք արցախյան գործընկերների հետ, և սա կարելի է համարել այդ հարցերից մեկը: Այդ հարցի շուրջ ավելի համապարփակ կերպով արդեն մեկնաբանել էր ՀՀ արտաքին գործերի նախարարը, որ սա այն հարցերի շրջանակում է, որով մենք մշտական երկխոսության մեջ ենք նաև արցախյան կողմի հետ: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ օրակարգով են գնալու հանդիպմանն ընդառաջ, դրան արդեն վարչապետն անդրադարձել է Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որ առաջիկա հանդիպումը բաց օրակարգով է և հիմնականում նվիրված է լինելու նրան, թե ինչպես են մեկնաբանվում փաստաթղթում ամրագրված այն սկզբունքներն ու դրույթները, որոնք վկայակոչվել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:      

Արմենպրես. Ադրբեջանի  լայնամասշտաբ զորավարժություններին ինչպե՞ս է վերաբերվում ԱԳՆ-ն, և կխնդրեմ մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նոր զորամասի տեղակայման մասին տեղեկատվությունը: Շնորհակալ եմ:

Աննա Նաղդալյան. Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների իրականացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է, և այն որևէ ձև չի նպաստում  տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը նաև բարձրաձայնել է ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել: Նմանապես, այդ մթնոլորտի ամրապնդմանը չի նպաստում նաև զորամասի  տեղակայումը: Պետք է այստեղ ընդգծեմ, որ և՛ Արցախը, և՛ Հայաստանը ունեն վճռականություն և կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու: Այս հարցը որևէ մեկը թող կասկածի տակ չդնի, և այդ վճռականությամբ է պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու խաղաղության հաստատման ուղղությամբ:

Aysor.am. Մի փոքր շարունակելով գործընկերոջս հարցը՝ մարտի 13-ին արցախա-ադրբեջանական շփման գծում երկարատև ընդմիջումից հետո ադրբեջանական զինուժը կիրառեց ականանետ՝ 9 արկ արձակեց: Բարեբախտաբար նյութական և մարդկային վնասներ չկրեցինք: Ինչպե՞ս մեր ԱԳՆ-ը կմեկնաբանի այս իրավիճակը, հատկապես, որ անընդհատ խոսվում է ժողովուրդներին խաղաղության նախապաստրաստելու վերաբերյալ:

Աննա Նաղդալյան. Իմ պատասխանը գրեթե բխում է այն ձևակերպումից, որը Դուք օգտագործեցիք Ձեր հարցի մեջ, որ ժողովուրդներին նախապատրաստելու գործընթացին, ինչպես նաև խաղաղության և վստահության ամրապնդմանը չեն նպաստում նաև հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաև այն հռետորաբանությունը, որին մենք մշտապես ականատես ենք լինում Ադրբեջանից: Եվ այս առումով ԱԳՆ-ը հույս է հայտնում, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեի հանդիպման ժամանակ:

tert.am. Նախորդ շաբաթվա վերջ տեղի ունեցավ Պոլսո Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը, և Հայաստանից որևէ ներկայացուցիչ ներկայացված չէր: Հետաքրքիր է, քաղաքական որոշու՞մ էր՝ հաշվի առնելով, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք: Քննարկվե՞լ է մասնակցության այդ հարցը: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Այստեղ մի բան նշեմ, որ Հայաստանի Հանրապետության անունից հուղարկավորության արարողությանը մասնակցել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը, և նաև համաապատասխան պսակներ են զետեղվել  ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ՝ ներկայացուցչության անունից: Պատրիարքարան են փոխանցվել ՀՀ վարչապետի և նախագահի ցավակցական հեռագրերը Պատրիարքի վախճանի հետ կապված:

PARA TV. Չորս հարց ունեմ։ Առաջինը կապված է Կարեն Ղազարյանի հետ։ Ի՞նչ նորություններ կան նրա վերադարձի հետ կապված։ Երկրորդը՝ Ղազախստանը նոր ղեկավար ունի։ Ինչպե՞ս է պատկերացնում հայկական կողմը նոր ղեկավարի հետ հարաբերությունների կառուցման հարցը։ Հաջորդ հարցը վերաբերում է մամուլում տարածված տեղեկությանը, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, մասնավորապես նաև խոսվել է հայկական կողմից զիջումների մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Եվ նաև առաջիկայում ԵԽԽՎ նստաշրջանում արդյո՞ք սպասենք հակահայկական եզրույթներով ինչ-որ զեկույցների։

Աննա Նաղդալյան․ Կարեն Ղազարյանի դեպքի հետ կապված մշտապես ընդգծել եմ և նորից կրկնեմ նույն բանը. մենք հետևողականորեն ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացու իրավունքները, ազատությունը և  վերադարձը հայրենիք։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են, բայց որևէ բան չեմ կարող ասել հրապարակային. երբ որ դրանք մտնեն հրապարակային քննարկումների փուլ, հնարավոր լինի դրանց մասին հայտնել, բնականաբար դրանց մասին մենք տեղյակ կպահենք։

Ինչ վերաբերում է Ղազախստանի նոր ղեկավարությանը, ինչպես գիտեք, երեկ արդեն իսկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի և Նուրսուլթան Նազարբաևի  միջև։ Մենք Ղազախստանի հետ ունենք լայնածավալ և կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն և նշանակություն ունի Հայաստանի համար։ Մենք այդ բոլոր ուղղություններով համագործակցություն զարգացնելու նպատակով արդյունավետ աշխատում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում։ Եվ այստեղ առաջնային է նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ հարթակները։ Այս առումով աշխատանքները շարունակվելու են։

Գիտեք, մենք մեր հաղորդագրության մեջ արդեն ներկայացրել ենք, թե ինչ է քննարկվել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ։ Եվ այն բովանդակությամբ հեռախոսազրույցը, որ որոշ լրատվամիջոցներ վկայակոչեցին իրենց աղբյուրների վրա հղում կատարելով, պարզապես իրականությանը չի համապատասխանում, և սա թերևս լավագույն գնահատականն է այդ «մեր աղբյուրների» արժանահավատությանը։ Մենք մշտապես կոչ ենք արել, և նորից եմ դիմում բոլորիդ, որ նման տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ մենք միշտ բաց ենք համագործակցության համար և խնդրում ենք այդ կապն ավելի ակտիվացնել։ Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել ընթացիկ հարցերին ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ ինտեգրացիոն գործընթացների շուրջ, և սա տեղի է ունեցել ի լրումն մեկ ամիս առաջ Մյունեխնում տեղի ունեցած իրենց հանդիպման։

Իսկ ԵԽԽՎ-ի մասով, կներեք, ես որևէ նման տեղեկատվություն այս պահի դրությամբ չունեմ։ Եթե ինձ ժամանակ տաք, կփորձեմ ճշտել մեր ներկայացուցչությունից։

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Նովրուզի կապակցությամբ Իլհամ Ալիևն ուղերձով է հանդես եկել՝ նշելով, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և Հայաստանն ու Արցախն իրենց պատմական հողն է։ Այս առումով, արդյո՞ք նրանք չեն հրաժարվում Մադրիդյան այդ երեք սկզբունքներից, և այս դեպքում Հայաստանի հետագա անելիքները կամ պատասխան քայլը որը պետք է լինի։

Աննա Նաղդալյան. Գիտեք, երևի հայտարարությունը նոր է եղել, ցավոք սրտի, չեմ ծանոթացել հայտարարությանը, և դրա բուն բովանդակության վերաբերյալ մեկնաբանություն կանեմ միայն ծանոթանալուց հետո։ Իսկ որպես ընդհանուր դիտարկում. մենք, Ձեր ասածի վրա եթե հենվենք, լսեցինք այն, ինչ որ լսել ենք, և որևէ նորություն դրա մեջ չկա։ Սակայն, ցավոք, դրանք չեն պարունակում որևէ պատասխան մեր կողմից առաջադրված հարցադրումներին իր համալիրության մեջ․ լինի դա բովանդակությունը, ձևաչափը, թե այն միջավայրը, որի շրջանակներում բանակցվում է հանգուցալուծումը։ Որքան էլ, որ դա գայթակղիչ լինի, լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է հիմնահարցը, և մենք դեռևս սպասում ենք համարժեք պատասխանի մեր այն մոտեցմանը, որ հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի երեք ժողովուրդների համար։ Իսկ բուն հայտարարությանը կանդրադառնամ միայն տեքստին ծանոթանալուց հետո։ Շնորհակալություն։

Armdaily.am. Ուզում էի ճշտել, արդյո՞ք արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է քաղաքացիության մասին օրենքի փոփոխություն ներկայացնել, որով նախատեսվում է հաստատել այն երկրների ցանկը, որտեղ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող են ստանալ տվյալ երկրում, հյուպատոսարանում կամ դեսպանատանը: Այսինքն, փաստացի Հայաստան չայցելելով՝ Հայաստանի քաղաքացիության անձնագիր ստանալ: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Շնորհակալություն: Արտաքին գործերի նախարարության կողմից նման իրավական նորմի նախաձեռնման մասին ես որևէ տեղեկություն չունեմ: ՀՀ Քաղաքացիության մասին օրենքում հստակ նշված են այն պայմանները, որով դիմում են ՀՀ քաղաքացիության համար: Սակայն եթե լինում է անհրաժեշտություն, ոչ թե օրենքում է փոփոխություն կատարվում, այլ կայացվում է համապատասխան որոշում, որով հեշտացվում է քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: Այս պահի դրությամբ նման նախաձեռնության մասին որևէ տեղեկատվություն չունեմ:

Ազատություն ռ/կ. Հայաստանի վարչապետն ասաց, որ քանի որ ինքը նոր մարդ է, պետք է այդ սկզբունքները պարզաբանվեն: Այսինքն ես ճի՞շտ եմ հասկանում, որ Ադրբեջանի ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների ժամանակ հիմնական խնդիրը լինելու է ոչ թե բուն կարգավորման շուրջ բանակցությունները, այլ հայկական կողմն առաջարկելու է, որ պարզաբանվեն այդ սկզբունքները, որ ԼՂ մասնակցության հարցը որոշվի, և որից հետո նոր անցում կկատարվի բուն բանակցություններին: Երկրորդ հարցս. երեկվա իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց, որ կարծես բանակցությունները շարունակվում են,  և առանց Հայաստանի չի կարող որոշում կայացվել: Մի փոքր խնդրում եմ մանրամասնել, թե ինչ փուլում է: Որքան հասկանում ենք, մինչև 2020թ. ապրիլը, մինչև Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը կարծես թե այդ հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվելու, և դա է մեր նպատակը, որից հետո նոր միգուցե արդեն հերթը հասնի Բելառուսին: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Այն, ինչ երեկ էլ կրկնեց վարչապետը, և դրանից առաջ ասվել է նաև Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ, որ 3 սկզբունքների և 6 տարրերի շուրջ կան տարակարծիք մեկնաբանություններ: Ադրբեջանն իր ձևով է հանդես գալիս մեկնաբանությամբ, հայկական կողմը նույնպես կարող է հանդես գալ իր մեկնաբանությամբ, և դրանք տարբեր ձևով մեկնաբանել: Եվ տարբեր մեկնաբանությունների վրա չհենվելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առաջիկա հանդիպմանն ուղղակի պարզաբանել  այդ 3 սկզբունքների և 6 տարրերի ընդհանուր, բոլորի համար ընդունելի մեկնաբանությունը, և դրանից հետո հասկանալ, թե ինչպես շարժվել առաջ: Իսկ ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, ապա բազմիցս է նշվել, որ ներկայումս բուն բանակցային գործընթաց չի ընթանում: Հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ կա բուն գործընթաց և կա այն ամբողջ միջավայրը, որի շրջանակներում ընթանում է հանգուցալուծումը: Եվ այդ միջավայրում մենք հանդես ենք եկել և՛ առաջարկություններով, և՛ նոր գաղափարներ են առաջադրվել, և այդտեղ պետք է լինի մոտեցումների և պատասխանատվությունների համադրում, և այս ամենի շուրջ է, որ ընթանում է զրույցը: Ինչպես նաև առաջիկայում ընթանալու է նաև մեկնաբանությունների պարզաբանման շուրջ զրույցը:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ-ի առնչությամբ վարչապետն ասաց, որ առանց Հայաստանի որևէ որոշում չի կայացվելու: Եվ Դուք, բնականաբար, գիտեք, որ ՀԱՊԿ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: ՀԱՊԿ-ի ամբողջ գործունեությունը հիմնված է բոլոր կողմերի համար ընդունելի կոնսենսուսային որոշումների կայացման սկզբունքի վրա: Մենք մշտապես ընդգծել ենք, թե ինչ կարևորություն ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգում: Եվ դրանով է պայմանավորված, որ մենք քայլեր ենք ձեռնարկում բոլորի հետ համագործակցությամբ և կոնսենսուսային որոշումների հիման վրա կառույցի արդյունավետության  բարձրացման ուղղությամբ: Գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումները շարունակվում են: Քննարկումները շարունակվում են նաև սկզբունքի շուրջ, որով պետք է լրացվեն բոլոր այն իրավական բացերը, որոնք կան նման իրավիճակների հետ կապված: Արդյոք երբ կավարտվի այդ ամենը, չենք կարող ասել: Բայց գործընթացը, քննարկումներն այդ իրավական բացը լրացնելու ուղղությամբ դեռևս շարունակվում են:

news.am. Սա նույնիսկ հարց չի, սա ուղղակի որպես ճշտում։ Մենք անըդնհատ խոսում ենք Կարեն Ղազարյանի մասին։ Շատ ցավալի է, որ հիվանդ մարդը հայտնվել է այն կողմում, ում դատապարտել են 20 տարվա ազատազրկության, բայց Կարեն Ղազարյանից բացի կան նաև Արսեն Բաղդասարյանը և Զավեն Կարապետյանը։ Արսեն Բաղդասարյանը ԼՂՀ քաղաքացի է: Հիմա Կարեն Ղազարյան ասելով՝ մենք ենթադրու՞մ ենք նաև այդ երկու հոգուն: Եվ հատկապես ինձ Զավեն Կարապետյանն է անհագստացնում, ով նույնիսկ բարեկամ չունի և մանկատան սան է։ Այդ երկու դեպքով ի՞նչ ենք անում։  
Աննա Նաղդալյան. Գիտեք, մենք համապատասխան աշխատանքներ տանում ենք բոլորի ուղղությամբ, և բոլորի հարցը մեր օրակարգում ակտուալ է։ Եվ մեր կողմից պետք է ապահովվեն բոլոր այն քաղաքացիների, ովքեր անհայտ պայմաններում հայտնվել են Ադրբեջանում, առաջինը՝ իրավունքները, երկորդը՝ ազատությունը։

Շանթ հեռուստաընկերություն. Շարունակելով «Ազատություն» ռադիոկայանի գործընկերոջս հարցը ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մոտ 30 րոպե առաջ Վալերի Սեմերիկովը հայտարարություն է արել, որ Բելառուսի ներկայացուցիչ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկվել են բոլոր կողմերին, բոլոր երկրներին՝ հաստատման համար։ Խնդրում եմ նշեք, եթե Հայաստանը ստացել է, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, և ի՞նչ է այնտեղ գրված, եթե գաղտնիք չէ։

Աննա Նաղդալյան. Փաստաթղթերի բուն էությանը ես ծանոթ չեմ, դա պետք է ճշտեմ համապատասխան վարչությունից, ուղղակի օգտվելով նաև Ձեր հարցից՝ ընդգծեմ, որ մեզ համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է։ Քանի դեռ ամրագրված չէ սկզբունքը, թե ինչպես լրացնել այդ իրավական բացը նման իրավիճակների առաջացման պարագայում, մնացածի շուրջ զրույցները դեռևս ավելորդ եմ համարում։

 

 

Տպել էջը